30 мая 2013 г.

Շարունակվող պատմությունը...

Հանրապետության օրեր Թբիլիսիում: Նախագիծ, որն իրականացվեց առաջին անգամ, ու վստահ եմ` հաջողված էր: Որպեսզի շրջանցեմ երկրորդական տեղեկությունները, կառանձնացնեմ 4 օրվա մեջ 4 առանցքային իրադարձություն, որոնք, կարծում եմ, առավել կարևոր են ու արժանի հիշատակման:
1.«1918. Ապարանի ճակատամարտի հերոսներին»
Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայ-թուրքական զորքերի միջև մարտեր տեղի ունեցան նաև Ապարանում: Այստեղ ևս հաղթանակ տարավ հայկական կողմը` երկրորդ անգամ պարտության մատնելով թուրքերին /առաջինը` Սարդարապատի ճակատամարտում/: Եզակի դեպքերից է, երբ օգտագործել ենք մեր սեփական ուժն ու մեր հաղթանակի համար ոչ ոքից օգնություն չենք խնդրել: Ճակատամարտին նվիրված հուշահամալիրը տեսնելու համար էլ կանգ առանք Ապարանում` վերհիշելով մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց առնչությունը առաջին հանրապետության ստեղծման հետ:
2. Ինտելեկտուալ խաղ-մրցույթ
«Ապոլլոն» գիտակների ակումբի կազմակերպած խաղն ընթացավ թիվ 104 հայկական դպրոցի աշակերտների ու կրթահամալիրի սովորողների միջև: Մասնակցեցին 4 թիմ` բաղկացած թե տեղացիներից, թե հյուրերից: Մոտ երեք տասնյակ հարցի պատասխանելու արդյունքում «Արամե» ու «Անտիոք» թիմերը հավաքեցին հավասար քանակով միավորներ, սակայն ըստ նախնական պայմանի` հաղթանակը շնորհվեց «Արամեին»: Խաղեր անցկացվեցին նաև «անհատական այբուբեն» մրցակարգով, բայց այս անգամ պատմության խորացված ուսուցմամբ խմբի սովորողների միջև, որովհետև հարցերը վերաբերում էին բացառապես պատմական տարբեր ժամանակաշրջաններին:
3. Բարձունքի հաղթահարում
Թբիլիսիից Ջավախքի Հեշտիա գյուղ եկանք մայիսի 28-ին: Հաջորդ օրն առավոտյան բարձրացանք մոտակա սարի գագաթը` մեկ օր ուշացումով տոնելու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարելիցը: Մինչ այդ մի քանի անգամ սար բարձրացել էի, բայց սա առաջին անգամն էր, որ ճանապարհն անցնում էր ծառերի ու անտառների միջով, և առաջին անգամն էր, որ խոստացել էի ինքս գագաթին հասցնել հայկական դրոշը:
4. Ֆուտբոլային հանդիպում
Կազմակերպեցինք ֆուտբոլային հանդիպում` սկզբունքորեն անտեսելով աղջիկ-տղա, հեշտիացի-երևանցի տարբերությունը: Սա յուրահատուկ հնարավորություն էր` ճանաչելու մեր ընկերներին` որպես թիմակիցներ, խաղընկերներ, ովքեր համագործակցում ու միասնաբար պայքարում են հաղթանակի հասնելու համար: Խաղն ավարտվեց 6:6` չնայած, որ «Ռում» թիմը սկզբում գոլային մեծ առավելություն ուներ:


Որպես վերջաբան` պաշտոնական հատվածից զատ ներկայացնեմ իմ անձնական տպավորությունները: Ինձ համար դրական էր գիտակից տարիքում առաջին անգամ հանրապետությունից դուրս գալը, Թբիլիսին տեսնելը, ակտիվ միջավայրի մեջ ներգրավված լինելը, պատմությունից ունեցած գիտելիքներին գործնական նշանակություն տալը… Միակ բացասական կողմը երեկոյան ժամերին խմբից առանձնացված լինելն էր: Դրա շնորհիվ սկսեցի գնահատել մեր խմբի անդամներից յուրաքանչյուրին, արժևորել նրանց հետ անցկացրած ամեն րոպեն: Հաշվի առնելով մեր չհաշվարկված քայլերը, թույլ տված սխալները` այս ճամփորդական խումբն ու առհասարակ այս ճամփորդությունը համարում եմ լավագույնը:

Комментариев нет:

Отправить комментарий