8 июня 2012 г.

Ջունգլային միջավայրում` որպես հասարակության ներկայացուցիչներ

Ճամփորդելու որոշումը հաստատվել էր դեռ ուսումնական ճամբարի սկզբին, այն իրականացնելու համար միայն մնում էր, որ գա ուրբաթը օրը: Որոշեցինք հավաքվել Մեդիակենտրոնի մոտ, ժամը 06:00-ին, սակայն շարժվեցինք մոտ 17 րոպե ուշացումով:

Ճանապարհը հոգնեցնող չէր, շուտ տեղ հասանք. մեր առաջին կանգառը Սևանն էր, ամենաչքնաղ ու անկրկնելի Սևանը: Մտանք վանք, մոմ վառեցինք, մեզ հաղորդեցին պատմական տեղեկություններ` կապված այս վանքում կրթություն ստացած, ապրած մարդկանց և այլնի մասին: Դե, նկարվելու ու նկարելու մասին խոսելն ավելորդ է. ոչ ոք չէր փորձում բաց թողնել առիթը` անմահացնելու լճի հրաշալի պատկերը, որի վրա տարածվել էին առավոտյան արևի ճառագայթները: Լքեցինք Սևանը` ժամեր անց այնտեղ վերադառնալու պայմանով:
Հաջորդը կանգառը… Գոշավանքն էր: Հանդիպեցիnք իտալացի զբոսաշրջիկների, ում հետ փորձեցինք շփվել իսպաներեն լեզվով: Կարծում եմ` հաջողվեց: Որոշ ժամանակ վանքի տարածքում շրջելուց, գրատունը դիտելուց հետո որոշեցինք նախաճաշել (դեռ ժամը 11-ը չկար): Չափավոր կերանք, քիչ խմեցինք, քանի որ պետք է Գոշա լիճ հասնեինք ոտքով` քայլեինք մոտ 4-5 կմ: Ու ընդամենը կես ժամ անց մեր դեմ բացվեց մեկ այլ աշխարհ, որտեղ կանաչ ծառերից ու հարուստ բուսականությունից բացի, դժվար էր որևէ ուրիշ բան գտնել: Այս ամենը ինձ մինչև հիմա էլ ջունգլի է հիշեցնում: Գնացինք, գնացինք, քայլեցինք, տեսարանն անփոփոխ էր, բայց միաժամանակ հաճելի ու նոր: Նրանք, ովքեր չկարողացան շարունակել ճանապարհը, հանձնվեցին (տեղը ստույգ չիմանալու պատճառով մոտ մեկ կմ քայլեցինք անիմաստ ու հետո ստիպված էինք իջնել և ուրիշ ճանապարհով գնալ) ու նրանց այդպես էլ չհաջողվեց տեսնել Գոշա լիճը: Չես համեմատի Սևանի հետ, բայց սա էլ իր գեղեցկությունն ունի. գողտրիկ, հեռու վայր, որտեղ ոչ բոլորն են ի վիճակի լինում ոտք դնել: Շատ-շատ ծառեր, անվերջ ծառեր ու խոտ: Որոշ ժամանակ անց Գոշա լճին էլ հրաժեշտ տվեցինք ու սկսեցինք իջնել նախկին նեղ ճանապարհներով:

Ավտոբուսով ուղևորվեցինք  դեպի… Հաղարծին: Մտանք բոլոր եկեղեցիները, քահանայի հետ աղոթեցինք, նրան ուղղեցինք կրոնի ու Աստծո հետ կապված մեզ հետաքրքրող հարցերը և կարելի է ասել, որ մասամբ մնացինք բավարարված: Որոշել էինք այստեղ համեմատաբար քիչ մնալ, որպեսզի կարողանայինք ավելի երկար ժամանակ անցկացնել Սևանա լճի ափին:
Վերադառնալով Սևան` այցելեցինք հանրային ափ, թեթև ճաշեցինք (կամ ընթրեցինք) ու ամեն մեկը սկսեց զբաղվել իրեն ցանկալի գործով. տղաները լողում էին ջրում, մի մասը ափին ֆուտբոլ էր խաղում, մյուսները` ակտիվորեն լուսանկարվում էին: Վերջացնելուց հետո հավաքեցինք ուտելիքի մնացորդները (ինչպես արել էինք Գոշավանքում), որ մեզնից հետո տարածքը աղտոտված չմնար ու պատրաստվեցինք վերջ տալ մեր այսօրվա անմոռանալի օրվան: Ժամը 20:00-ին մոտ արդեն ավտոբուսում էինք` հոգնած ու հաճույք ստացած. մթնոլորտն ու շրջապատը ընկերական էին, մեր այցելած վայրերը` տեսարժան ու գրավիչ:
Ահա, այսպես անցավ մեր հերթական ճամբարային օրը, որը մյուսներից առանձնանում է իր յուրահատկությամբ ու անկրկնելիությամբ, և վստահ եմ, որ այն երկար ժամանակ կմնա բոլորիս հիշողության մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий