14 июня 2012 г.

Հատիսը հաղթահարեցինք… ու ոչ միայն Հատիսը…

Լեռ բարձրանալը, ինչքան էլ գրավիչ ու հետաքրքիր գաղափար թվա, այնուամենայնիվ ստիպում է հաղթահարել քո դեմ դրված անգամ ամենաբարդ խնդիրները` կլինի դա ջրի պակաս, քաղց, հոգնություն, շոգ… Հատիսը գրավելու համար մեզնից պահանջվեց դրանցից յուրաքանչյուրը զգալ մեր իսկ մաշկի վրա:
Մեր խումբը կազմված էր մոտ 20 հոգուց` ավագ դպրոցի սովորողներ ու երկու ուսուցիչ: Շարժվեցինք Աբովյան, որտեղ հասնելը մեզնից խլեց մոտ 1,5 ժամ: Երբ նայում ես տարածությանը, այն հաղթահարելը հեշտ է թվում, բայց երբ սկսում ես այդ բարդ գործողությունը, միանգամից հրաժարվում ես քո նախկին կարծիքներից: Առաջինը հասանք Սբ. Մինաս կոչվող մատուռը, որտեղ մեզ պատմեցին խաչքարերի, դրանց արտաքինի առանձնահատկությունների մասին: Այստեղ քիչ մնացինք` անելու դեռ շատ բան ունեինք: Բարձրանում էինք ու բարձրանում` երբեմն-երբեմն կանգ առնելով, հանգստանալով: Մի մասը կարողացան արագ անցնել ճանապարհը, մյուսները տեղ հասան մոտ 2 ժամ ուշացումով: Այդ ընթացքում սկսեց նկատվել ջրի զգալի պակաս, ստիպված էինք մեր ամբողջ հետագա ժամանակն անցկացնել առանց մի կաթիլ ջուր խմելու:

Մի պահ նկատեցի, որ գտնվում եմ ամենահետ ու ամենաառաջ գտնվողների միջև. չգիտեի` սպասել, թե շարժվել առաջ: Այդ դեպքում հնարավոր էր, որ տեսադաշտիցս կորցնեի թե մեկին, թե մյուսին, բայց ընտերցի երկրորդ տարբերակը: Հասա վերևում գտնվողներին. նրանք երեքն էին: Արդեն հաղթահարել էինք մեր առաջին բարձունքը, բայց Հատիս դեռևս չէինք հասել: Նստեցինք, նախաճաշեցինք, սպասեցինք` մինչև մյուսները գան: Այստեղ մնացինք մոտ կես ժամ` վայելելով մեր առջև բացված չքնաղ տեսարանը. բարձրություն, երկինք, բլուրներ…
Հատիսի գագաթը հասնելը մեր ամենաբաղձալի ցանկությունն էր, որը կարող էր իրականանալ: Ասենք, առանց ջրի ինչ-որ կերպ կհասնեինք, իսկ հետ գա՞լը: Ես երբեմն զգում էի, որ երբեք այնտեղից իջնել չեմ կարողանա: Գագաթին էլ հասանք, ուրախ էինք` իրոք, մեծ դժվարություն էինք հաղթահարել: Նկարվեցինք ու սկսեցինք կարտ խաղալ, ամենատարբեր խաղերը, որոնք բոլորս էլ գիտեինք: Շուտով հասան նաև ամենաուշացածները. արդեն ամբողջ խմբով միասին էինք, ոգևորված մեր հաղթանակով:
Ու եկավ ամենավճռական պահը` իջնել լեռան գագաթից, բայց այդ իջնելու ճանապարհը մի քանի կմ էր` չհաշված, որ մեզ հանդիպած գյուղի բնակիչները բավականին զարմացել էին, որ այս շոգ ժամին, այն էլ` ամենաերկար ճանապարհով, որոշել էինք լեռ բարձրանալ: Իջնում էինք այն համոզմունքով, որ վերջապես ջուր կխմենք, ջուր, սառը ջուր, որ մեզ համար աշխարհում ամենաթանկ բանն էր դարձել: Մեր 5 հոգանոց խումբը ամենաշուտը հասավ գյուղ: Մտանք գյուղի տներից մեկը` ջուր խնդրեցինք: Վերջապես հագեցանք, իսկ Կապուտան գյուղից մինչև մեր ավտոբուսը մնացել էր ընդամենը 15-20 րոպեի ճանապարհ: Հյուրընկալվեցինք այդ մարդկանց տուն, լվացվեցինք, թեթև ուտելիք կերանք, զրուցեցինք տան ադամենրի համար: Նրանք շատ լավ ճանաչում էին մեր դպրոցը: Այսքանից հետո արդեն հաճույքով ու ուրախությամբ էինք հիշում դժվարմատչելի ճանապարհները, մեր կրած տանջանքները…
Ժամը 18:30-ին մոտ վերադարձանք ավտոբուս` արդեն ունենալով ջրի մեծ պաշարներ, ավելի բարձր տրամադրություն, քան այսօրվա ընթացքում ընդհանրապես ունեցել էինք:
Մեր նպատակն իրականացված է` Հատիսը գրավված է…

Комментариев нет:

Отправить комментарий