1 января 2013 г.

Դորիան Գրեյ. Եթե նկարիչը չստեղծեր այդ դիմանկարը...


«Դորիան Գրեյի դիմանկարը» իռլանդական ծագումով անգլիացի փիլիսոփա, գրող, բանաստեղծ Օսկար Ուայլդի միակ վեպն է, որ առաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1891թ.: 


Դորիան Գրեյ. 20-ամյա երիտասարդ` ոսկեգանգուր մազերով, կապույտ աչքերով` օժտված արտաքին աննկարագրելի գեղեցկությամբ: 
Բեզիլ Հոլլուորդ. նկարիչ, ով Դորիանին համարում էր իր իդեալը, մուսան: Նա, գերվելով պատանու հմայքով ու թովչանքով, նրան դարձնում է իր պաշտամունքի առարկան ու նկարում նրա ճակատագրական դիմանկարը: 

«Որքան վշտալի է… Ես կծերանամ, կդառնամ գարշելի մի այլանդակ, իսկ իմ դիմանկարը կմնա հավիտյան երիտասարդ: Նկարն այդ երբեք չի ծերանա, ինչպես հունիսյան այս օրը… Ախ, երանի լիներ ճիշտ հակառակը… Ես հավիտյան մնայի երիտասարդ, իսկ նկարը ծերանար… Դրա համար կտայի ամեն ինչ աշխարհում… կտայի հոգիս:» Դորիան Գրեյ
Դորիանի աղոթքը տեղ հասավ, բայց գուցե ոչ թե Աստծուն, այլ` սատանային, ում հավերժ երիտասարդություն ու գեղեցկություն ձեռք բերելու համար նա իր հոգին վաճառեց: Երիտասարդի արտաքինը տարիների ընթացքում անփոփոխ էր մնում, իսկ դիմանկարի վրա օր օրի ծանրանում էին Դորիանի մեղքերը` կտավը դարձնելով ավելի տգեղ ու սարսափազդու: 

Լորդ Հենրի (Հարրի). Բեզիլի ընկերը, ով Դորիանի հետ ծանոթացավ իր արվեստանոցում: Հենց Հենրիի վտանգավոր գաղափարախոսությունն ու քարոզչությունը պատանուն դարձրին հեդոնիզմի հետևորդ, ով կյանքի իմաստը համարում է ոչ թե, օրինակ, կատարելագործումը, սերը կամ արժեքների ստեղծումը, այլ... հաճույքը: 

Դորիանի առաջին մեղքը իր սիրած աղջկա` դերասանուհի Սիբիլ Վեյնի ինքնասպանության պատճառը հանդիսանալն էր, որն ինքը քաջ գիտակցում էր: Նա լքել էր Սիբիլին, որովհետև նրա դերասանական տաղանդին էր սիրահարվել և ոչ նրա մեջ ապրող մարդուն: 

Հետագայում, կարդալով լորդ Հենրիի նվիրած գիրքը, Դորիանը տրվում է մարմնական հաճույքներին, թմրամոլությանը ու նույնիսկ... իրագործում ամենասարսափելի ոճիրը` մարդասպանություն: Եվ գիտե՞ք, թե ով է դառնում անմեղ աչքերով ու սքանչելի դեմքով երիտասարդի զոհը. դիմանկարի հեղինակը, հենց ինքը` Բեզիլ Հոլլուորդը, ում առջև Դորիանը բացել էր անհավատալի գաղտնիքը:

«Խելահեղ սիրահարված կանայք, որ հանուն նրա /Դորիանի/ սիրո արհամարհել էին պատշաճությունը և հասարակական կարծիքը, այժմ գունատվում էին ամոթից և սարսափից, երբ Դորիան Գրեյը սենյակ էր մտնում:»

Ի՞նչն է ավելի սարսափելի` գեղեցկության վաղանցիկությու՞նը, թե՞ արատավորված հոգին: Դորիանն իր դիմանկարը փակել էր մութ սենյակում, որտեղ միայն ինքն իրավունք ուներ ոտք դնել: Մի՞թե նա կարող էր թույլ տալ, որ մարդիկ տեսնեն իր աղճատված, ապականված ու բթացած հոգու հայելին: Նայելով դիմանկարին` նա ամեն անգամ ատելությամբ ու նողկանքով էր լցվում իր հանդեպ, քանի որ պատանեկան անաղարտությունից ու մաքրությունից ոչինչ չէր մնացել: Վերացել էր մեղմ ժպիտը, դիմագծերի պարզությունը, շուրթերին առաջացել հեգնանք, քմծիծաղ, իսկ ճակատին` կնճիռներ: «Երևակայությունն է ստիպում, որ զղջումը կրկնակոխ հետևի մեղքին: Միայն երևակայությունն է մեզ համար պատկերում մեր գործած մեղքերի զարհուրելի հետևանքները:» Բեզիլ Հոլլուորդի մահը չէր, որ կառչել էր նրա ուսերից և տանջում էր նրան, այլ իր սեփական հոգու մահը, կենդանի մարմնի մեջ գտնվող հոգու մահը: 

Դիմանկարը խորտակեց Դորիանի կյանքը, ու նա որոշեց այն ոչնչացնելուց հետո նոր կյանք սկսել` փոխվել ու լինել բարի: Նա բարձրացավ սենյակ, վերցրեց դանակը, որով սպանել էր Բեզիլին և խրեց դիմանկարի մեջ: Սուր ճիչ լսվեց, որից ողջ տունը ցնցվեց, ու սպասավորներն արթացան: 

«Մտնելով ներս` նրանք տեսան պատից կախված իրենց տիրոջ հոյակապ դիմանկարը` երիտասարդության ու գեղեցկության ամբողջ շքեղությամբ: Իսկ հատակին... ընկած էր սպանված մարդ` ֆրակը հագին, դանակը սրտի մեջ մխրճված: Նրա դեմքը թոշնած էր, կնճռոտված ու վանող: Եվ միայն մատանիներից ճանաչեցին, թե ով է նա:»

Փորձելով սպանել իր հոգին` Դորիանն սպանել էր ինքն իրեն: Դիմանկարը դարձել էր այնպիսին, ինչպիսին այն պատկերել էր Բեզիլը: Իսկ տգեղությունը փոխանցվել էր նրան, ով իր սեփական դեմքի վրա պետք է կրեր կատարած հանցագործությունների հավերժական դրոշմը: 

 «Դորիան Գրեյի դիմանկարը»
 Երբ ես մեկին չափազանց սիրում եմ, երբեք չեմ տալիս նրա անունը: Դա միևույն է, թե ուրիշներին տաս քեզ համար շատ թանկ մարդու ինչ-որ մասնիկը: Բեզիլ Հոլլուորդ

Ովքեր սիրո մեջ հավատարիմ են, նրանց հասանելի է միայն սիրո էությունը: Իսկ սիրո ողբերգությունը ճանաչում են միայն նրանք, ովքեր դավաճանում են:

Մի՞շտ… Ինչ սարսափելի բառ է: Կանայք են շատ սիրում օգտագործել այդ բառը: Նրանք փչացնում են ամեն սիրավեպ` ձգտելով, որ դա հարատևի: Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքը փոքր-ինչ ավելի երկար է տևում: 

Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն:

Տղամարդիկ ամուսնանում են հոգնածությունից, իսկ կանայք` հետաքրքրությունից: Հետո երկուսն էլ հիասթափվում են:

Երբ մարդ երջանիկ է, միշտ լավն է: Բայց միշտ չէ, որ լավ մարդիկ երջանիկ են լինում: 
 
Կանայք մեզ` տղամարդկանցս, վերաբերվում են ճիշտ այնպես, ինչպես մարդկությունը` աստվածներին: Նրանք երկրպագում են մեզ և միշտ ձանձրացնում` ինչ-որ բաներ պահանջելով:

Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում: Ասենք` մի անգամ գտնողներն էլ շատ քիչ են: 

Ծերության ողբերգությունը նրանում չէ, որ մարդ ծերանում է, այլ նրանում, որ մարդ հոգով երիտասարդ է մնում:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий