Պատմական ֆիլմ դիտելն ինչ-որ
չափով նման է պատմական վեպ ընթերցելուն: Մեկ տարբերությամբ, որ առաջինի դեպքում կադրերն
արդեն իսկ քո առջև են, իսկ երկրորդի դեպքում դու ինքդ ես մտովի պատկերներ ստեղծում:
Թե առաջինը, թե երկրորդը կառուցվում են իրական փաստերի, մասամբ՝ ռեժիսորի կամ հեղինակի
երևակայության վրա: Դրանք ուսուցանող ու արդյունավետ են այն դեպքում, երբ նախապես ծանոթ
ես տվյալ ժամանակաշրջանին, ինչն օգնում է մտացածինը տարբերել իրականից և զուգահեռներ
անցկացնել գեղարվեստականի ու պատմականի միջև: «Տրոյա», «300 սպարտացիներ», «Գլադիատոր»,
«Երկնային թագավորություն», «1453թ նվաճում»: Պատմական դրամաների դասական օրինակներ,
որոնք հանդիպում են այդ ժանրի լավագույն ֆիլմերի ցուցակներում, հաճախ նաև տասնյակներում:
Հիմա, վերը նշված վերնագրերից բացի, ներկայացնում եմ ևս հինգ կինոնկար, որոնցից ես ինքս
ստացել եմ անհրաժեշտ ընդհանուր ինֆորմացիա և որոնք պարզապես միջոց են ազատ ժամանակը հետաքրքիր
անցկացնելու:
1. «Սպարտակ» /Spartacus, 2004/
Ք.ա. 70-ական թթ վերջ: Հռոմը հարուստ և ուժեղ հանրապետություն է, որտեղ պատերազմների
արդյունքում գերված հազարավոր մարդիկ ապրում են որպես ստրուկներ: Նրանցից ամենավարժ
կռվողը Սպարտակն է, ով բազմիցս աչքի էր ընկել գլադիատորական մարտերի ընթացքում և ով
գլխավորում է Ք.ա. 73-71թթ ստրուկների ապստամբությունը: Բայց Հռոմն այն պետությունը
չէր, որին պիտի ծնկի բերեին ստրուկները՝ որքան էլ նրանք լինեին ազատատենչ, համախմբված
ու վճռական:
2. «Հռոմեական կայսրություն. Օգոստոս»
/Imperium: Augustus, 2003/
Ֆիլմի իրադարձությունները պատմվում են արդեն ծերության շեմին կանգնած Օկտավիանոս Օգոստոսի
անունից, ով Ք.ա. 27թ դարձավ Հռոմեական կայսրության առաջին կայսրը: Նա մտովի տեղափոխվում
է դեպի իր երիտասարդության տարիներ, հիշում Մարկոս Ագրիպպայի և Գայոս Մեկենասի հետ ընկերությունը,
Ակցիումի ճակատամարտը և էլի կարևոր դեպքեր, որոնք կատարվել են նրա կառավարման ժամանակաշրջանում:
3. «Ելիզավետա. Ոսկե դար» /Elizabeth: The Golden Age, 2007/
3. «Ելիզավետա. Ոսկե դար» /Elizabeth: The Golden Age, 2007/
1580-ական թթ: Իսպանիան Ֆիլիպ II թագավորի գլխավորությամբ հզորագույնն է աշխարհում
և ունի մեկ գլխավոր թշնամի՝ Անգլիան, որտեղ թագավորում է Ելիզավետա I Թյուդորը: Ֆիլմը
նկարագրում է այդ տարիներին Անգլիայի պալատական կյանքը, անգլո-իսպանական հարաբերությունները,
պատմում թագուհու անձնական կյանքի մասին: Վերջին հատվածներից մեկում ցուցադրվում է
նաև 1588թ իսպանական «Անպարտելի արմադայի» ջախջախումը, որի արդյունքում Իսպանիան իր նախկին
փառքը ստիպված զիջում է Անգլիային:
4. «1683թ սեպտեմբերի 11. Վիեննայի ճակատամարտ» /September Eleven 1683, 2012/
4. «1683թ սեպտեմբերի 11. Վիեննայի ճակատամարտ» /September Eleven 1683, 2012/
Օսմանյան սուլթան Սուլեյման Կանունիի առաջին անհաջող փորձից հետո (1529թ) թուրքերը
Կարա Մուստաֆա-փաշայի գլխավորությամբ երկրորդ անգամ պաշարում են Ավստրիայի մայրաքաղաքը՝
Վիեննան: Կայսր Լեոպոլդ I-ը, լինելով խաղաղասեր ու խուճապի մատնվող, քաղաքից փախչում
է: Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկին կարողանում է Կալենբերգի ճակատամարտում հաղթել
թուրք փաշային և կասեցնել մահմեդականների մուտքը դեպի կաթոլիկ Եվրոպա:
5. «Թագավորների ծառան» /The Sovereign’s Servant, 2007/
5. «Թագավորների ծառան» /The Sovereign’s Servant, 2007/
1700-ական թթ սկիզբ: Ռուսաստանի և Շվեդիայի միջև ընթանում է Հյուսիսային մեծ պատերազմը:
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը ցանկանում է առավելագույնս տեղեկացված լինել ռազմական
գործողությունների արդյունքներից, և այդ պատճառով կապեր է պահպանում երկու երկրների
ճամբարների հետ: Ֆիլմի գլխավոր հատվածը Պոլտավայի ճակատամարտն է Պետրոս I-ի և Կարլ
XII-ի զորքերի միջև (1709թ), որը պատերազմի ավարտից դեռ 12 տարի առաջ գործնականորեն
ապահովում է Ռուսաստանի հաղթանակը:
Ահա այդ ֆիլմերի կարճ նկարագիրը, որի մանրամասնություններն ավելի պարզ կդառնան բովանդակությունն ամբողջությամբ իմանալու ժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий