10 февраля 2013 г.

Միջնադարյան ասպետական վեպ. Տրիստան և Իզոլդա

Տրիստանի և Իզոլդայի մասին լեգենդը համարվում է միջնադարյան Եվրոպայում տարածված ու սիրված ասպետական սիրավեպերից մեկը: 11-13-րդ դարերում ի հայտ են գալիս այս լեգենդի գրական բազմաթիվ տարբերակներ ու մշակումներ, որոնք քաջ ասպետների և ռոմանտիկ սիրո մասին գրող հեղինակների համար ներշնչանքի աղբյուր են ծառայում: 1900թ. ֆրանսիացի բանասեր, միջնադարագետ Ժոզեֆ Բեդիեն (1864-1938թթ.) ամբողջացրել է մշակումներից մնացած հատվածներն ու վերականգնել ողբերգական սիրո այդ պատմությունը: 
«Ու քանի որ դու աշխարհ եկար տխրությունից, թող քո անունը լինի Տրիստան» (triste` տխուր բառից): Նորածնի հայրը վաղուց զոհվել էր պատերազմի դաշտում, իսկ մայրը, վշտացած ամուսնու կորստից, լույս աշխարհ բերեց «ամենագեղեցիկ արարածին, որպիսին երբևէ ծնել է կինը» ու նույնպես մահացավ: Տարեցտարի մեծանալով` պատանին ձեռք բերեց իսկական ասպետին բնորոշ հատկանիշները` «գործածել նիզակ, թուր, վահան և աղեղ, սովորեց ատել ամենայն կեղծիք ու դավաճանություն, օգնել թույլերին ու կատարել տրված խոստումը»: 

Երիտասարդ տարիքում Տրիստանն աչքի է ընկնում քաջությամբ, վճռականությամբ ու անվախությամբ` մենամարտում սպանելով հարկահավաք Մոռոլտին, մարտնչելով ամենազոր վիշապի դեմ, որին հաղթելու գնով արժանանում է Ոսկեհեր Իզոլդային: Եվ Իռլանդիայից Տինտաժել վերադառնալու ճանապարհին Տրիստանն ու Իզոլդան պատահմամբ խմում են սիրո ըմպելիքը, որը դառնում է սիրահարների և´ կյանքը, և´ մահը: 

«Ոչ, գինի չէր դա, թեև նման էր գինու: Խմիչք էր դա հզոր` տագնապն անվախճան, որից նրանք մահացան»: 

Ըմպելիքի ազդեցությունը նրանց չի զրկում բանականությունից ու դատելու ընդունակությունից. Տրիստանը հրաշալիորեն հասկանում էր, որ Իզոլդան շուտով իր մորեղբոր` Մարկ թագավորի կինը կդառնա, քանի որ այդ էր պարտադրում հավատարմության զգացումը: Բայց անհնար է սերը թաքցնել: Ամուսնությունից հետո սիրահարների կապը բացահայտվում է, ու Մարկ թագավորը հրամայում է խարույկի վրա այրել և´ իր սիրելի կնոջը, և´ ոչ պակաս սիրելի քրոջորդուն: Տրիստանի և Իզոլդայի բախտը հանձնվում է ճակատագրի քմահաճույքին, ու Աստծո ողորմածությամբ նրանք փրկվում են` փախչելով ոչ հեռու գտնվող Մորուայի անտառը: 

«Նրանք կյանք են վարում դառն ու դժնակ. Սակայն իրենց սիրո զորության շնորհիվ, ոչ մեկը, ոչ մյուսը չեն զգում թշվառությունը»:

Ինչևէ, կյանքը սիրահարների միության համար երկար ու երջանիկ տարիներ չեն կանխորոշել: Իզոլդան, ապացուցելով, որ Տրիստանին «հանցավոր սիրով» չի սիրել, համաձայնեց վերադառնալ ամուսնու մոտ, իսկ Տրիստանը խոստացավ Տինտաժելից հեռանալ ու ընտանեկան վեճերի պատճառ այլևս չդառնալ: 

Իրարից անջատ անցկացրած երկու տարիներն անգամ հոգեպես չբաժանեցին զույգին, ու նրանք ամենից շատ փափագում էին գեթ մեկ անգամ էլ հանդիպել:  
Հազիվ էր Տրիստանը վերադարձել Փոքր-Բրետան, երբ պատերազմեց մի բարոնի դեմ ու թունավորված նիզակի հարվածից մահացու վիրավորվեց: Մոտ էր նրա վախճանը, ու միայն Իզոլդային վերստին տեսնելու ձգտումն էր նրան կենդանի պահում: Բայց մինչ թագուհին Տինտաժելից կժամաներ սիրեցյալի մահճի մոտ, ամեն ինչ արդեն վերջացած էր...

«Ոսկեհեր Իզոլդան շրջվեց դեպի արևելք և աղոթեց աստծուն: Հետո պատանքը փոքր-ինչ բարձրացրեց, ամբողջ երկարությամբ պառկեց սիրեցյալի կողքին, համբուրեց դեմքն ու շրթունքները և հոգին ավանդեց»...

Վեպում հանդես են գալիս կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է իր դիրքին վայել արժանիքներով. Մարկ թագավորի դեպքում դրանք արդարամտությունն ու ուղղամտությունն են, Իզոլդայի աղախնի` Բրանժիենի դեպքում, հավատարմությունն ու համբերությունը: Իզոլդայի համար ամենից կարևորն իր սերն էր, իսկ Տրիստանը մինչ այդ արժևորում էր պարտքն ու պատիվը: Նա կարող էր Իզոլդայի հետ փախչել, ու թագավորը նրանց երբեք չէր գտնի: Այդ դեպքում Տրիստանին մշտապես կտանջեր դավաճանության ու երախտամոռության զգացումը. Մարկ թագավորը դաստիարակել էր նրան, ապաստան տվել իր ամրոցում, վերաբերվել` ինչպես հարազատ որդու: Երիտասարդը կարո՞ղ էր իրեն թույլ տար մոռանալ դրա մասին: Տրիստանը վստահ էր, որ Իզոլդան սիրում է իրեն, ու դա նրան բավարարում էր: Թագավորությունը կանգուն մնաց, թագավորի անունը չանարգվեց, Իզոլդան արդարացվեց, բայց այդ ամենն արվեց սիրահարների կարոտով, սպասումով ապրած ու չապրած հավերժական տարիների գնով:


Մեջբերումները                                    
Բեդիե, Ժ.
«Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» գրքից, 1981.
Tristan & Isolde / Тристан и Изольда (2006) 

Աիդա Գրիգորյան


Комментариев нет:

Отправить комментарий