Մենք կրկին որոշեցինք մեր հերթական ամառային օրն անցկացնել քաղաքից դուրս գտնվող որևէ
գեղատեսիլ վայրում. ընտրեցինք Հանքավանը` այցելելով նաև դրա շրջակայքում գտնվող գյուղեր:
Ճամփորդության նպատակները մի քանիսն էին` հայրենագիտությունը, «Դասարան անիվների վրա»
նախագիծն ու, իհարկե, ակտիվ հանգիստը: Հենց սկզբից ամեն ինչ շատ լավ էր ու ոգևորիչ:
Երբ գրքեր էինք բաժանում Կոտայքի մարզի Աղավնաձոր և Մեղրաձոր գյուղերի բնակիչներին, հանդիպեցինք
հյուրընկալ ու բարի, անտարբեր ու հետաքրքրված գյուղացիների, բախվեցինք զավեշտալի դեպքերի:
Շատ լավ ժամանակ անցավ Հրազդան գետի Մարմարիկ վտակի ափին, մասնավորապես` տղաների համար,
ովքեր առանց վարանելու մտան ջուրը (ասենք, խորությունը կես մետր էլ չկար): Նախաճաշելուց հետո նոր էինք պատրաստվում խաղալ, երբ անձրև սկսվեց: Հաճելի եղանակ էր, բայց ստիպված եղանք մեր խաղը շարունակել ավտոբուսում` զուգահեռաբար շարժվելով Մեղրաձոր և Փյունիկ գյուղերի միջև գտնվող վայրերից մեկը, որտեղ էլ անցավ մեր հետագա ամբողջ ժամանակը: Խաղացինք վոլեյբոլ, գործնագործ (մեզ հետ խաղում էին նաև ուսուցիչները), մեր օրը լցրեցինք հաղթանակներով ու պարտություններով, ծիծաղով ու տպավորություններով: Մեր զբաղեցրած ողջ տարածքը կանաչապատ էր` ծառերով հարուստ, իսկ տեղ-տեղ երևում էին այրված դեզի կույտեր: Խաղալու ընթացքում հոգնել էինք ու ծարավել, որի պատճառով որոշ ժամանակով անցանք պասիվ հանգստի: Սառը ձմերուկ կերանք, հագեցանք, ոմանք արևի տակ վառվեցին, զրուցեցինք, հիշեցինք, պատմեցինք: Ամեն ինչ շատ լավ էր:
Էլի էինք ուզում մնալ, բայց համոզել չստացվեց. մայրաքաղաք հասնելու համար դեռ 2 ժամվա ճանապարհ ունեինք անցնելու: Ավտոբուսի մեջ տրամադրությունն այնպիսին էր, ինչպիսին սկզբում ու ընդհանրապես ողջ ճամփորդության ընթացքում: Երբ հասանք Երևան, երթուղու հետ կապված որոշակի խնդիր առաջացավ, որի պատճառով իջանք ավտոբուսից: Եվ որքան մեծ էր Հանքավանի ու մայրաքաղաքի օդի տարբերությունը...
Հաջողված ու հիանալի ճամփորդություն էր: Շնորհակալություն բոլորին` բազմաբովանդակ, ուրախ, հագեցած ու տպավորիչ օրվա համար:
Комментариев нет:
Отправить комментарий