10 августа 2012 г.

Անվերջ վայրիվերումներ ու ապաշխարանք. Մոլ Ֆլենդերս


 «Մոլ Ֆլենդերսը» Դանիել Դեֆոյի վեպերից է, որ առաջին անգամ հրատարակվել է 1722թ: 

Ներկայացնում է ուրախություններն ու դժբախտությունները հռչակավոր Մոլ Ֆլենդերսի, որ ծնվել է Նյուգեյթի բանտում և երեք քսան տարիներ տևած բազմակերպ իր կյանքի ընթացքում (չհաշված մանկության տարիները) տասներկու տարի եղել է անառակուհի, ամուսնացել է հինգ անգամ, (ընդ որում մեկն իր հարազատ եղբոր հետ) տասներկու տարի զբաղվել է գողությամբ, հանցագործության համար ութ տարի աքսորվել է Վիրջինիա, բայց ի վերջո հարստացել է, սկսել է ապրել ազնիվ կյանքով ու մեռել է ապաշխարելով:

Համառոտ նկարագիր այն կյանքի, որն ապրել է իր կենսակերպով, միջավայրով, մոտեցումներով ու վախճանով հազվագյուտ մի մարդ:
Մոլ Ֆլենդերսի դժբախտությունների սկզբնական պատճառը եղավ այն, որ դեռ նորածին հասակում զրկվեց մայրական քնքշությունը, սերն ու հոգատարությունը զգալու շնորհից: Երիտասարդ հասակում, ապրելով ապահովված ընտանիքի հարկի տակ ու չունենալով բարեկամ` խորհուրդ հարցնելու համար, իր պատիվը հանձնեց տանտիրոջ ավագ որդու ձեռքը, սակայն ամուսնացավ նրա կրտսեր եղբոր հետ...
Այստեղից հերոսուհու մեջ բուն դրեց այլասերվածությունը` իր բոլոր դրսևորումներով. 5 ամունություն` հիմնված արյունապղծության, շահամոլության վրա, ու հանուն ինչի` սիրո՞, հավատարմությա՞ն, երեխա ունենալու՞: Միայն երկու պատճառով` չմատնվել աղքատության ու որոշակի դիրք ունենալ հասարակության որոշակի շրջանակներում: Իսկ ինչ բախտ վիճակվեց նրա երեխաներին: Մի՞թե նրանք մեղավոր էին, որ իրենց մայրը մորթապաշտ է, ու ապրում է միայն սեփական կարիքները բավարարելու համար: Եթե Ֆլենդերսը չհայտնվեր ծայրահեղ վիճակում ու ստիպված չլիներ… գողությամբ զբաղվել, գուցե որոշ բաներ այլ կերպ դասավորվեին, բայց…  Դա էր ողորմելի գոյությունը պահպանելու միակ միջոցը, թեկուզ` անազնիվ կերպով: Ու քանի-քանի ընտանիքներ, անմեղ մարդիկ ու վաճառականներ տուժեցին դրանից, քանի-քանի անգամ բախտը ժպտաց արդեն իր արհեստում վարժ մասնագետ դարձած գողին` Մոլ Ֆլենդերսին: Հաճախ էր նա մտորում կանգ առնելու մասին, քանի որ այդ երկարատև տարիների ընթացքում բավականին մեծ հարստություն էր կուտակել: Ուղղակի մտորում էր:  Իսկ ե՞րբ էր գալու հատուցման ժամը: Հերոսուհու մեջ դեռ մնացել էին մարդկայնության նշույլներ, այն է` զղջալ, երբ քեզ վերջին հնարավորությունն է մնացել, երբ մահապատժից խուսափելու միակ միջոցը աքսորվելն է: Ու հենց աքսորավայրում` Վիջինիայում, որտեղ նա հանդիպել էր իր հարազատ մորը, ում հարազատ որդու, այսինքն` իր եղբոր հետ ամուսնացել էր, վերգտնում է իրեն, «աստվածային գթասրտությամբ դուրս գալով ցոփասերի, ավազակի ու գողի վիճակից», իր կյանքի մնացյալ տարիներն ապրելով լանկաշիրցի ամուսնու հետ: 


Զարմանալի պատմություն էր, որ սովորեցնում է առաջին հերթին զգուշավորություն: Գրքի մեջ հեղինակը բազմիցս նշում է, որ յուրաքանչյուր ընթերցող ինքը պետք է անհրաժեշտ դասեր քաղի. ատի ու արհամարհի վատը, հանցավորը, մեղսալիցը, հարգի ու գնահատի ազնվությունը, մաքրությունը և ամենակարևորը` հիշի, որ երբեք ուշ չէ զղջալ արածների համար, զղջալ, եթե դա անում ես անկեղծ սրտով: Դեֆոյի մյուս հերոսների նման, Մոլը նույնպես համոզված է, որ սեփական էներգիայի ու աշխատասիրության միջոցով մարդը կյանքում ամեն ինչի կարող է հասնել: Որքան էլ հերոսուհին ցած էր ընկնում, նա ամեն անգամ հավատով էր լցվում իր ուժերի նկատմամբ ու փորձում կյանքը նոր էջից սկսել: «... և որոշեցինք մնացյալ մեր տարիները անցկացնել անկեղծ զղջահարությամբ այն ապականված կյանքի համար, որ մենք ապրել էինք:»

Ձեր առջև իր արժեքն իմացող անհատականություն է` մարդ, ով հրաշալիորեն գիտակցում է իր սեփական ու հասարակության մեղքի աստիճանը, ինչը նրան ստիպեց ապրելու իր մարմնի վաճառքով: Մաքսիմ Գորկի

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий