Սիմոն Բոլիվարը
ծնվել է Կարակասում, բասկյան ծագումով ազնվական-կրեոլական ընտանիքում: Տնային ուսուցիչների,
մասնավորապես Սիմոն Ռոդրիգեսի շնորհիվ ստանում է գերազանց կրթություն, ծանոթանում հույն
ու հռոմեացի դասականների, Լուսավորության դարաշրջանի գործերին: 15 տարեկանում սկսում
է ճամփորդել Եվրոպայով, Մադրիդում հանդիպում է Մարիա Թերեզային, ում հետ ամուսնանում
է և վերադառնում հայրենիք: Կարճ ժամանակ հետո կինը մահանում է դեղին թոքախտից, իսկ
Բոլիվարը երդվում է երբևէ նորից չամուսնանալ:
Այս դեպքից
հետո նա կրկին մեկնում է օվկիանոսից այն կողմ, ներկա լինում Նապոլեոն Բոնապարտի՝ Ֆրանսիայի
կայսր և Իտալիայի թագավոր հռչակվելուն, Հռոմի Ավենտինյան բլրի վրա երդում է տալիս նվիրվել
Ամերիկայի ազատագրման գործին և չհանգստանալ, քանի դեռ չի թոթափել իսպանական լուծը:
Վճռական
գործողություններ ծավալելու առիթ դառնում է Իսպանիայում Պիրենեյան պատերազմի բռնկումը,
երբ Նապոլեոնը գահընկեց է անում Իսպանիայի արքային և նրա փոխարեն միապետ կարգում իր
եղբայր Ժոզեֆին: Պաշտոնապես հայտարարվում է իսպանական տիրապետությունից Վենեսուելայի
անկախության մասին: Բոլիվարի տրիումֆային մուտքը Կարակաս նրան շնորհում է «Ազատարար»
պատվանունը:
Հաղթարշավը
պետք էր շարունակել: Բոլիվարը հատում է Անդյան լեռները. Բոյակայի ճակատամարտում լատինամերիկացիները
առավելության են հասնում նվաճողների նկատմամբ: Նոր Գրանադայի (Կոլումբիա, Պանամա, Էկվադոր)
և Վենեսուելայի ազատագրված տարածքների վրա ձևավորվում է Մեծ Կոլումբիայի հանրապետությունը,
որտեղ Բոլիվարը նախագահում է 1819-1830թթ: Մի քանի տարի հետո անկախանում է իսպանացիների
վերջին հենակետ Պերուն:
Ազատարարը
ոչ միայն հաղթանակներ է տանում ու արժանանում իշխանության, այլև ստիպված է լինում դիմել
փախուստի, դիմագրավել զինվորականների հետ ունեցած կոնֆլիկտներին, կանխել իր դեմ կազմակերպված
մահափորձերը: Նա մահանում է 1830թ թոքախտից:
Բոլիվարի
աճյունը երկար տարիներ հանգչում էր Վենեսուելայի Ազգային պանթեոնում, մինչև Ուգո Չավեսի
մտադրությամբ Կարակասում սկսվեց Սիմոն Բոլիվարի դամբարանի շինարարությունը: Ներկայումս
վենեսուելացի ռազմական-պետական գործիչը հանգչում է այդտեղ:
Լրացուցիչ փաստեր Բոլիվարի մասին
Ուգո Չավեսի
կենսագիրներից մեկը հավաստում էր, որ նախարարների հետ հանդիպման ժամանակ նախագահը մեկ
բազկաթոռ թողնում էր դատարկ՝ Բոլիվարի համար, հաճախ ելույթ էր ունենում հերոսի դիմանկարի
մոտ կանգնած:
Նա աշխարհում
միակ մարդն է, ով իր անունը տվել է միանգամից երկու պետության՝ Բոլիվիա և Վենեսուելա:
Վերջին
երկիրը պաշտոնապես կրում է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն անունը: Դրոշի
վրա նախկինում կային պատմական շրջանների թիվ խորհրդանշող 7 աստղեր, իսկ հիմա դրանց
շարքում հայնտվել է ևս մեկը՝ «Բոլիվարի աստղը»:
Բոլիվար
են կոչվում Վենեսուելայի ազգային արժույթը և երկրի կենտրոնական բանկի թողարկած մետաղադրամները:
Լիբերտադորի
անունից առաջ է եկել «բոլիվարիանիզմ» տերմինը, որ արտացոլում է նրա մեծագույն երազանքը՝
Լատինական Ամերիկայի երկրների միավորում մեկ հզոր պետության մեջ: Գաղափարի հիմքում
ընկած են հակաիմպերիալիզմը, ժողովրդավարությունը, քաղաքական ու տնտեսական ինքնուրույնությունը,
հայրենասիրությունը:
Ի պատիվ
Բոլիվարի անվանվել են լայնեզր գլխարկի մի տեսակ, Բոլիվիայի ամենատիտղոսակիր ֆուտբոլային
ակումբը, Կարակասի միջազգային օդանավակայանը և այլն:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий