Տարվա մեջ
ոչ մի օր պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց ծնունդների պակաս չի զգում:
Այս անգամ կենտրոնական ամսաթիվը սեպտեմբերի 11-ն է: Վիեննայի ճակատամարտի սկիզբ (1683թ),
«Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններ ԱՄՆ-ում (2001թ) և մեկ իրողություն՝ իսպանական
ժառանգության համար պայքարի ավարտ՝ Բարսելոնայի անկում (1714թ): Կատալոնիայի ներկայիս
դրությունը կարծես թե անհիշելի պարտության հետևանքն է, բայց կատալոնացիները չեն շտապում
մոռանալ դա: Նրանք զարմանալիորեն այդ օրն են նշում Կատալոնիայի ազգային գլխավոր տոնը:
Ինչպիսին է եղել ինքնավար համայնքի անցյալը, որոնք են տոնի հիմնական բաղադրիչները և
առհասարակ ինչ է կանգնած ռեֆերենդումի հետևում...
Պատմական ակնարկ
Իսպանական
ժառանգության պատերազմը արյունալի հակամարտություն էր Եվրոպայում 1701-1714թթ: Զինված
ընդհարումները Նիդերլանդներից, Իտալիայից ու Ֆրանսիայից հասան մինչև Իսպանիա և ավարտվեցին
Բարսելոնայի անկումով: Երկարատև պաշտպանությունից հետո կատալոնական զորքերը ստիպված
էին կապիտուլյացիայի դիմել բուրբոնական ուժերի առջև՝ հնազանդվելով Ֆիլիպ V թագավորին (Լյուդովիկոս XIV-ի թոռ):
Բազմաթիվ
քաղաքացիներ պնդում են, որ հենց այդ օրը՝ 1714թ սեպտեմբերի 11-ին վերացավ իրենց անկախությունը,
ու մինչև հիմա նրանք չեն կարողանում ազատվել իսպանական տիրապետությունից: Միայն
1979թ դեկտեմբերի 31-ին շրջանում սկսեց գործել անկախ կառավարություն՝ Ժեներալիտատ դե
Կատալունյան, և առաջին իսկ որոշումով սեպտեմբերի 11-ը հռչակվեց Կատալոնիայի ազգային
օր, այլ կերպ ասած՝ Լա Դիադա, որը կրում է առավելապես պետական, քան ազգային բնույթ:
Տոն, որ ամեն տարի նշում են սպասելիքով
Տոնը ավանդաբար
սկսվում է Բարսելոնայի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների համալիր այցելելով
և Ռաֆայել Կազանովայի հուշարձանին ծաղիկներ դնելով, որին մասնակցում են տարբեր կազմակերպություններ
ու նույնիսկ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի անդամներ: Կազանովան մասնագիտությամբ
իրավաբան էր՝ Բարսելոնայի քաղաքապետ և կատալոնական զորքերի հրամանատարը ռազմական գործողությունների
ընթացքում:
Այդ օրը
միջերկրածովյան մայրաքաղաքը զարդարվում է Կատալոնիայի ազգային դրոշի գույներով, կազմակերպվում
են քաղաքական ակցիաներ, անվճար համերգներ և միջոցառումներ: Տոնական հավաքներն ու զբոսանքները
սովորաբար լինում են Կատալոնիայի հրապարակում կամ Հաղթական կամարի ու Սիուտադելլա զբոսայգու
մոտակայքում: Փակվում են պետական բոլոր հաստատությունները, որոնք փոխարինվում են կառավարական
որոշ շենքերով: Կատալոնիայի խորհրդարանը և Պալաու-դե-լա-Ժեներալիտատը հայտարարում են
«բաց դռների օր»՝ ներս թողնելով ցանկացողներին:
Սենյերան՝ դեղին-կարմիր ինը
հորիզոնական գծերով, Կատալոնիայի ինքնավար համայնքի պաշտոնական դրոշն է, բայց եթե դրան
ավելանա նաև աստղ կապույտ ֆոնի վրա, ապա դա կլինի սեպարատիստների խորհրդանշական դրոշը,
ովքեր պահանջում են Կատալոնիայի անջատում Իսպանիայից:
Բնակիչները
հագնում են դեղին-կարմիր շապիկներ՝ «Կատալոնիան Իսպանիա չէ», «Կատալոնիան Եվրոպայի
նոր պետությունն է» և այլ մակագրություններով, իսկ տնային կենդանիները կրում են ազգային
դրոշի գույներով հագուստներ ու վզկապներ:
2012թ սեպտեմբերի
11-ն առաջին դեպքն էր պատմության մեջ, երբ տոնակատարությունները ուղեկցվեցին զանգվածային
ակցիաներով ու քաղաքական ցույցերով: Արդեն երկու տարի անց կատալոնացիները նշեցին ոչ
միայն անփառունակ իրադարձության 300-ամյակը, այլև փողոց դուրս եկան անկախության ռեֆերենդումի
հույսերով: Համաժողովրդական քվեարկությունը տեղի կունենա 2014թ նոյմբերի 9-ին և միգուցե
էական փոփոխություններ առաջ կբերի:
Իսպանիան
կպահպանի՞ Բարսելոնայի «Լա Կայշա» առաջատար բանկը իր սահմաններում, թե՞ «Բարսելոնա»
և «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբները հաջորդ տարվանից հանդես կգան այլ երկրի առաջնությունում:
Կախված է դեպքերի հետագա զարգացումից:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий