Ովքե՞ր են նրանք՝ ժիլերը, որ հանդիսատեսին նարինջներ են հյուրասիրում,
իսկ հենց իրենք ուտում են ոստրե և խմում շամպայն:
Եվրոպայում Վենետիկի դիմակահանդեսից հետո երկրորդ լայնամասշտաբ
միջոցառումը տեղի է ունենում բելգիական Բինշ քաղաքում: Նշվում է ամեն տարի փետրվարին՝
Զատկից առաջ, տևում երեք օր՝ խորհրդանշելով գարնանամուտը:
Ժիլը կամ անուն է, կամ մասնագիտություն. ոչ ոք չի կարող ճիշտ
բացատրություն տալ, բայց 6 դար շարունակ Նա է ձմեռը հեռացնում Բելգիայից և դիմավորում
գարունը: Բելգիական դրոշի գույներով զարդարված հագուստ, փայտե մեծ կոշիկներ, զանգուլակներ,
մոմե դիմակներ, որոնք օրվա վերջում փոխարինվում են փետրավոր գլխարկներով. ահա այն ամենը,
ինչ կրում է յուրաքանչյուր ժիլ՝ տոնի ծաղրածու-արքան:
Ավանդաբար այդ կերպարով կարող են ներկայանալ միայն Բինշի մշտական
բնակիչները (ծնունդով այս քաղաքից), ավելի կոնկրետ՝ 3-60 տարեկան տղաներն ու տղամարդիկ,
մյուսները արլեկիններ են, ասպետներ կամ պարզապես հանդիսատես:
Ժիլերն ունենում են նարինջով լցված զամբյուղներ, և այդ միրգը
նետում են տոնակատարության մասնակիցերին: Հաջող ու երջանիկ տարի է սպասվում նրանց,
ում կհաջողվի բռնել քաղցրահամ պտուղը:
Քայլերթ թմբուկների նվագակցությամբ, նարինջների ճակատամարտ,
գարեջուր բնակիչների և հյուրերի համար, խոհարարական գլուխգործոցների և կառնավալային
զգեստների ցուցադրություն. այսպես են հրաժեշտ տալիս ցուրտ ձմռանը, պատրաստվում Մեծ
Պահքին և պարզապես ուրախանում:
Ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Բինշ՝
ներկա լինելու այս իրադարձությանը, հատկապես, որ այն բավականին մոտ է մայրաքաղաք Բրյուսելին:
Բինշի դիմակահադեսը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության
ցանկում՝ որպես Եվրոպայի հնագույն դիմակահանդես:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий