9 ноября 2014 г.

Արևմտահայ սատիրա (Լեռ Կամսար)

«Կովկասը, որ խոշոր բնակարան մըն է, կպատկաներ Ռուսիո, որը տված էր հայ, թուրք և վրացի եղբայրներուն վարձու: 1918թ, երբ Ռուսիա իր կինը մտաբերելով քաշվեցավ, երեք եղբայրները տեր հռչակեցին տանը ու դադրեցան վարձք վճարել: Հայաստանը արհեստով վաճառական էր, Վրաստանը՝ «կանդուկտոր», իսկ Ադրբեջանը՝ մսագործ: Մեծ եղբայրը՝ Հայաստանը, ի հնուց անտի կսիրեր ծովերի թագուհի Անգլիո ու մինչև այս շրջանին ալ կշարունակեր սիրել մանկական ջինջ սիրով մը:

Բաթումի բանակցություններուն Վրաստանն ու Գերմանիան իրար հետ ժպիտ մը փոխանակություն ունեցան: Հետո միայն սերը խորանալով, Վրաստանն ինքզինքը զսպել չկրցավ ու տուն դառնալով, Գերմանիան իր քով կանչեց ու ինկավ անոր գիրկը:
Մյուս եղբայր Ադրբեջանը, ճիշտ խոսած, դեռ արբունքի չէր հասած, բայց տեսնելով, որ իր երկու եղբայրները առանձին տուն տեղ դառնալու վրա կխորհին, ինքն ալ Գերմանիո կառապան Տաճիկին գիրկն ինկավ: Ադրբեջանը ամենեն ուշն սկսավ, բայց ամենեն շուտ տեղ հասավ իր նպատակներուն մեջ»:  

«Ժամանակի պատմիչը սապես կգծե Հայաստանին սահմանները: Այն տարածությունը, կըսե, որ տվավ Տաճիկը հայուն, հին ատենները թագավոր մը կնվիրեր գիշեր մը իրեն աղվոր հեքիաթ պատմող աղախնին: Ծխողները գլանակին մնացորդները ծխափողեն դուրս փչելու համար երեսնին դեպի Վրաստանը շուռ կուտային, որ չըլլա թե Տաճկաստան իյնալով զինադադարի խախտումն նկատվե, որուն Տաճիկն ակնդետ կսպասեր»: 

2 ноября 2014 г.

Նոր աշխարհ. 1492-ից հետո

Մատե թեյը ոչ ալկոհոլային ըմպելիք է՝ տարածված Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում և Պարագվայում: Իսկ ահա Մեքսիկայում ազգային ըմպելիքի համբավ ունի տեկիլան, արդեն՝ ալկոհոլային բաղադրիչներով, որ պատրաստվում է կապույտ ագավա բույսից:

Ժամանակակից Պերուի սահմաններում ինկերը ստեղծել են հնագույն քաղաքակրթություններից մեկը՝ հռչակավոր Մաչու-Պիկչուն, իսկ ներկայիս մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գոյություն է ունեցել Կուսկո քաղաքը: Իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոն ինկերի հանդեպ վարվեց այնպես, ինչպես Էռնան Կորտեսը՝ ացտեկների՝ կործանելով տեղական մշակույթը:

Այս պետության անվանումը միայն ավերածությունների հետ չէ, որ կապվում է: Լիմայում է հիմնադրվել և մինչ օրս գործում է Լատինական Ամերիկայի ամենահին համալսարանը՝ Սան Մարկոսը (16-րդ դարից):  

23 октября 2014 г.

Անհայտ հերոսներ /Սերբիա, Ալբանիա, Հունգարիա, Լեհաստան/

Հերոսներին մոռանո՞ւմ են: Հաճախ այո, որովհետև հազվադեպ են առիթ ունենում հիշելու կամ ընդհանրապես չեն էլ ճանաչում: Շատ են այնպիսի անհատները, ովքեր իրենց ժամանակաշրջանում կարևոր դերեր են խաղացել, բայց կարծես հետո եկել են ավելի կարևորները՝ նրանց թողնելով ստվերում: Մեծ երկրների կողքին փոքրերի համար տեղ ու ժամանակ չի մնում, բայց մի՞թե Եվրոպայի իրական պատկերը կազմվում է միայն տերություններով: Երբևէ մտածե՞լ եք ավելի համեստ երկրների՝ Սերբիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Լեհաստանի հերոս-գործիչների մասին... Ծանոթանանք:

11 октября 2014 г.

Կատալոնիան՝ անկախության գործընթացին ընդառաջ

Տարվա մեջ ոչ մի օր պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց ծնունդների պակաս չի զգում: Այս անգամ կենտրոնական ամսաթիվը սեպտեմբերի 11-ն է: Վիեննայի ճակատամարտի սկիզբ (1683թ), «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններ ԱՄՆ-ում (2001թ) և մեկ իրողություն՝ իսպանական ժառանգության համար պայքարի ավարտ՝ Բարսելոնայի անկում (1714թ): Կատալոնիայի ներկայիս դրությունը կարծես թե անհիշելի պարտության հետևանքն է, բայց կատալոնացիները չեն շտապում մոռանալ դա: Նրանք զարմանալիորեն այդ օրն են նշում Կատալոնիայի ազգային գլխավոր տոնը: Ինչպիսին է եղել ինքնավար համայնքի անցյալը, որոնք են տոնի հիմնական բաղադրիչները և առհասարակ ինչ է կանգնած ռեֆերենդումի հետևում...
Պատմական ակնարկ

Իսպանական ժառանգության պատերազմը արյունալի հակամարտություն էր Եվրոպայում 1701-1714թթ: Զինված ընդհարումները Նիդերլանդներից, Իտալիայից ու Ֆրանսիայից հասան մինչև Իսպանիա և ավարտվեցին Բարսելոնայի անկումով: Երկարատև պաշտպանությունից հետո կատալոնական զորքերը ստիպված էին կապիտուլյացիայի դիմել բուրբոնական ուժերի առջև՝ հնազանդվելով Ֆիլիպ V թագավորին (Լյուդովիկոս XIV-ի թոռ): 

Բազմաթիվ քաղաքացիներ պնդում են, որ հենց այդ օրը՝ 1714թ սեպտեմբերի 11-ին վերացավ իրենց անկախությունը, ու մինչև հիմա նրանք չեն կարողանում ազատվել իսպանական տիրապետությունից: Միայն 1979թ դեկտեմբերի 31-ին շրջանում սկսեց գործել անկախ կառավարություն՝ Ժեներալիտատ դե Կատալունյան, և առաջին իսկ որոշումով սեպտեմբերի 11-ը հռչակվեց Կատալոնիայի ազգային օր, այլ կերպ ասած՝ Լա Դիադա, որը կրում է առավելապես պետական, քան ազգային բնույթ: 

26 сентября 2014 г.

Երազանքից Ստամբուլ

Իբրև սկիզբ. Արևմտյան ու արևելյան մայրցամաքներ, որոնք միայն մեկ տեղում են հատվում, չորս ազդեցիկ կայսրություններ, որոնք միևնույն մայրաքաղաքն են ունեցել: Ստամբուլ: Օրիգինալ փաստերը անվերջ պտտվում են այս վայրի անվան շուրջ՝ չնայած, որ չկա մեկ ընդհանուր հասկացողություն: Մարդկային մի զանգված քաղաքն ընկալում է պատմական Կ.Պոլիս իմաստով, իսկ առևտրականների համար, այդ թվում՝ հայ, դա պարզապես հաշվարկների կենտրոն է ու եկամտի աղբյուր: Իրականում Ստամբուլը խառնարան է: Պատմության, մշակույթների, լեզուների, ազգությունների, այնտեղ զբոսաշրջությունը, երթևեկությունը և առևտուրը երբևէ չեն կանգնում...

Մտադիր եմ խուսափել պաշտոնական տեղեկատվությունից, պատմել այն, ինչ սեփական աչքերով տեսել եմ Ստամբուլում՝ վիրտուալ ձևով քաղաքին ծանոթանալուց ու դրա մասին որոշակի պատկերացում կազմելուց հետո: Եթե ամբողջացնեմ մեկ նախադասությամբ, պետք է ասեմ, որ կատարվեց մեծագույն երազանքներիցս մեկը:

Զգացողություն. Սեպտեմբերի 18-ն իմ առաջին առավոտն էր Թուրքիայում, որտեղ ոտք դնելուց առաջ ինքնաթիռից հասցրել էի տեսնել մութ գիշերին լուսավորված Ստամբուլը, Բոսֆորի կամրջի վարդագույն-մանուշակագույն փայլը և դեղին ճաճանչների միջև խավար հատվածը նկատելիս գլխի ընկել, որ թռչում եմ հենց Բոսֆորի նեղուցի վրայով... 

3 сентября 2014 г.

Էտրուրիայի առեղծվածները

Էտրուսկները մեծարվել են որպես փորձառու ճարտարագետներ, երկրագործներ, արհեստավորներ: Պատմության մեջ նրանք առաջինն էին բնական տարածքներում փոփոխություններ անելու մեջ՝ ճահիճների չորացում, արհեստական ոռոգման կազմակերպում և այլն: Արվեստի գործերից հռչակավոր էր Արեցցոյի Քիմերայի բրոնզե քանդակը, որն ուներ առյուծի գլուխ, օձանման պոչ և այծի իրան:
Էտրուսկները գործածում էին գրության ձև, որի դեպքում առաջին տողը գրվում է ձախից աջ, երկրորդը՝ աջից ձախ, երրորդը՝ նորից ձախից աջ և այդպես շարունակ: Փիլիսոփայական տեսանկյունից դա արտացոլում էր կյանքի զիգզագաձև բնույթը, մյուս կողմից նմանվում էր դաշտը հերկող ցուլի շարժմանը (այդպես է թարգմանվում այդ գրելաձևի անվանումը՝ «բուստրոֆեդոն») և կապվում երկրագործության պաշտամունքի հետ: