3 сентября 2014 г.

Էտրուրիայի առեղծվածները

Էտրուսկները մեծարվել են որպես փորձառու ճարտարագետներ, երկրագործներ, արհեստավորներ: Պատմության մեջ նրանք առաջինն էին բնական տարածքներում փոփոխություններ անելու մեջ՝ ճահիճների չորացում, արհեստական ոռոգման կազմակերպում և այլն: Արվեստի գործերից հռչակավոր էր Արեցցոյի Քիմերայի բրոնզե քանդակը, որն ուներ առյուծի գլուխ, օձանման պոչ և այծի իրան:
Էտրուսկները գործածում էին գրության ձև, որի դեպքում առաջին տողը գրվում է ձախից աջ, երկրորդը՝ աջից ձախ, երրորդը՝ նորից ձախից աջ և այդպես շարունակ: Փիլիսոփայական տեսանկյունից դա արտացոլում էր կյանքի զիգզագաձև բնույթը, մյուս կողմից նմանվում էր դաշտը հերկող ցուլի շարժմանը (այդպես է թարգմանվում այդ գրելաձևի անվանումը՝ «բուստրոֆեդոն») և կապվում երկրագործության պաշտամունքի հետ:

Էտրուսկների ինքնանվանումն էր «ռասեննա», հռոմեացիները նրանց կոչում էին «տիրեններ» կամ «տիրսեններ»: Հետևյալ կերպ անվանում ստացավ Տիրենեյան ծովը, որի ափերը հարուստ էին էտրուսկների միջերկրածովյան քաղաքներով ու առևտրային եռուզեռի պակաս չէին զգում: Պերուզիան, Տարքվինիումը, Ցերեն շրջապատված էին ամրություններով, իսկ դրանց ներսում կար կամուրջների, նեղուցների և ճանապարհների զարգացած համակարգ:

Հռոմի կայսր Կլավդիոսը վերջին ականավոր հռոմեացին էր, որ տիրապետում էր էտրուսկերենին և էտրուսկների պատմությանը նվիրել էր 20-հատորանոց աշխատություն՝ հիմնվելով այն աղբյուրների վրա, որոնք դեռևս գոյություն ունեին իր ժամանակներում /1-ին դար/: Ի դեպ՝ Կլավդիոսի կանանցից մեկը՝ Պլաուտիան, էտրուսկ էր:

Էտրուրիան կազմավորվել է Ք.ա. I հազարամյակում՝ ընդգրկելով ժամանակակից Իտալիայի Տոսկանա, Լացիո և Ումբրիա շրջանները, այլ կերպ ասած՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածը: Այդ տարածքում կային անկախ քաղաք-պետություններ, որոնցից տասներկուսը Ք.ա. VI-V դարերում ձևավորեցին միություն՝ Վելտայի տաճարը դարձնելով կենտրոն: Հարավիտալական քաղաքները և նոր-նոր ձևավորվող ստրկատիրական Հռոմը արդեն վտանգավոր էին էտրուսկների ու նրանց վաղեմի դաշնակից Կարթագենի համար, իսկ Միջերկրածովում առևտրային տերության դերը աստիճանաբար ստանձնում էր Սիրակուզան…

Սա այն եզակի քաղաքակրություններից է, որը աստղի կյանք է ունեցել. ծնվել ու մարել է շատ արագ: Այնուամենայնիվ, էտրուսկների մշակույթը հիմք է հանդիսացել հռոմեականի ստեղծման համար և մեծապես ազդել է դրա վրա: Հավաստի տվյալներ չկան ոչ նրանց ծագման (տեղացի՞ են, Ալպյան լեռների՞ց են թափանցել, թե՞ Փոքր Ասիայից), ոչ լեզվական արմատների (արտահայտություն կա՝ «Էտրուսկերենը չի կարդացվում») և ոչ էլ նրանց վերջնական անհետացման մասին:

Վարկածներ կան, որ հռոմեացիները էտրուսկներից են ժառանգել գլադիատորական ներկայացումները, դեռ ավելին՝ հռոմեական թվերը: Ինչևէ, անհերքելի է միայն այն փաստը, որ վերոնշյալ հնագույն ցեղերը աչքի ընկնող և առաջադեմ մշակույթ են կերտել, ինչը վերաբերում է հնագիտության ու ազգագրության ոլորտներին և այս սիրողական նյութի շրջանակներում ամենևին չի քննարկվի:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий