17 сентября 2012 г.

Դեպի Թեղուտ, Դիլիջանի անտառներ ու Սևանա լիճ

Օր առաջին – Նախ այցելեցինք Տավուշի մարզի Թեղուտ գյուղի Միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Արգամ Թամրազյանը մեզ ներկայացրեց իրենց դպրոցը, դասասենյակները, մարզադահլիճը: Բաժանվելով 3-4 հոգանոց խմբերի` անցանք կրթահամալիրի կողմից տրամադրված գրքերը գյուղի բնակիչներին բաժանելու գործին: Կարճատև հանգստից հետո անտառապատ ճանապարհներն ու շրջապտույտները մեզ հասցրեցին Պարզ լիճ: Ճանապարհին կանգ առանք, երգեցինք ՀՀ օրհներգը, արտասանեցինք Չարենցի, Համո Սահյանի, Վարուժանի բանաստեղծություններից, որից հետո շարժվեցինք առաջ: Երեկոն իջնելուն պես նախապատրաստվեցինք բացօթյա ընթրիքի ու խարույկ վառելուն` աղջիկները սեղան էին գցում, տղաները` կրակի համար փայտ բերում այգուց, իսկ ուսուցիչները մերթընդմերթ պատմում էին իրենց երիտասարդ տարիների հետաքրքիր ու զարմանալի պատմությունները, որոնք մենք մեծ սիրով ուկնդրում էինք: Որոշել էինք գիշերել վրաններում, սակայն խուսափելով խոնավ եղանակից, նախընտրեցինք քնել դպրոցի տնօրենի եղբոր հարմարավետ տանը: Արկածաշատ երեկոն ավարտվեց քաղցր քնով, քանի որ բոլորս շատ հոգնած էինք: 
Օր երկրորդ – Բոլորիս համար օրը շուտ սկսվեց. ժամը 7-ին մի մասն արթուն էր, իսկ ընդամենը մեկ ժամ անց մեր ամբողջ խմբով կանաչապատ այգում էինք: Հավաքելով մեր իրերը և հրաժեշտ տալով այդքան հյուրընկալ ու հարազատ դարձած Թեղուտ գյուղին` ավտոբուսով ուղևորվեցինք Հաղարծին: Այստեղից կրկին պետք է արշավի գնայինք, բայց հետո որոշվեց մնացած ժամանակն անցկացնել Սևանա լճի ափին: Ինչպես միշտ` անպակաս էին խաղերը, զավեշտալի պատմություններն ու այրող արևը. կարող եք դիտել ճամփորդության ֆոտոշարքն ու տեսանյութը:
Եզակի ճամփորդություն էր նաև այն առումով, որ այս երկու օրվա ընթացքում ջրի պակաս բացարձակապես չի զգացվել: 

Комментариев нет:

Отправить комментарий