7 октября 2012 г.

Անկոտրում ոգու երկրում



...Հրաշալի է Սյունյաց աշխարհը` իր վեր խոյացող լեռներով, անդնդախոր ձորերով, անարատ բուսականությամբ, հպարտ Խուստուփ սարով, որը բարձրանալը մեր գլխավոր նպատակն էր:
Մարզկենտրոն Կապան քաղաքի երկրագիտական թանգարանում էքսկուրսավարը մանրամասն տեղեկություններ հաղորդեց ու զանազան պատմություններ պատմեց Սյունիքում տասնամյակներ առաջ մեծ գործունեություն ծավալած մարդկանց, տեղի ունեցած նշանավոր իրադարձությունների մասին. թանգարանում պահվում են պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր, ցուցադրվում` եզակի նմուշներ: Այստեղ մեզ փորձեցին հետ կանգնեցնել Խուստուփը հաղթահարելու մտքից` պատճառաբանելով եղանակային անբարենպաստ պայմանները, ճանապարհի դժվարմատչելիությունը, բայց մեր որոշումն այնդպես էլ անխախտ մնաց:
Հաջորդ օրը որոշեցինք ամբողջությամբ նվիրել Խուստուփ սարը բարձրանալուն, ինչը, հենց սկզբից պարզ էր, որ հեշտ չի տրվելու: Եղանակը բավական բարեհաճ գտնվեց մեր հանդեպ, ճանապարհը` ոչ այնքան` լի անվերջ շրջապտույտներով ու արահետներով: Ինչևէ, մինչև գագաթը հասնել չկարողացանք միայն այն պատճառով, որ ժամանակը թույլ չտվեց:
Եղանք Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, այցելեցինք Խնձորեսկի` վերջերս կառուցված ճոճվող կամուրջ, որը տարբեր մարդկանց մոտ տարբեր զգացողություններ առաջացրեց` վախի, հրճվանքի, ոմանց մոտ գուցե` անտարբերության: Կանգ առանք նաև Տաթևի վանքը տեսնելու համար: Այստեղ հանդիպեցինք մի քանի տասնյակ զբոսաշրջիկների, ուսումնասիրեցինք եկեղեցու գողտրիկ անկյունները, վայելեցինք բնության հրաշալի բնապատկերները, որոնք սփռված էին բոլոր այցելուների առաջ: 
Իսկ մեր գիշերներն անցնում էին Կապանի Դավիթ Բեկ գյուղում, մեր համադասարանցիներից մեկի հայրենի տանը` խաղերով, երգերով, պարերով ու խարույկով:
Ամենից շատ ինձ վրա տպավորություն գործեց Կապան քաղաքը, գուցե` Գորիսից էլ շատ: Հաջորդ անգամ Սյունիք այցելելու դեպքում լավագույնը կլինի ավելի մոտիկից ծանոթանալ այս քաղաքին, դրա պատմությանը, շրջել փողոցներով` ուղղակի ճանաչել ժամանակակից Կապանը:

Комментариев нет:

Отправить комментарий