28 октября 2012 г.

Կանչում է Արցախը կրկին



Երկրորդ անգամ ինձ հնարավորություն ընձեռվեց այցելելու Արցախ: Ամեն անգամ յուրովի եմ ընկալում բարձրաբերձ լեռների գեղեցկությունը, մաքուր օդի թարմությունը, բնության գրավչությունը. երբեք չես ձանձրանա դրանց նայելուց ու դրանցով հիանալուց: Բոլոր վայրերը չեն, որ ինձ վրա խորը ազդեցություն են թողնում, որտեղ ուզում եմ վերադառնալ ու ցածրաձայն խորհել. «Գուցե առաջին այցելությունս ավելի՞ տպավորիչ էր, բայց այս անգամ ամեն ինչին ուրի՞շ աչքերով էի նայում...»: Իսկ գուցե դա առհասարակ կարևոր չէ. գլխավորն այն է, որ ես վերադարձա ու պետք է  մտածեմ` կտրվի՞ ինձ երրորդ հնարավորությունը: Ես Արցախը տեսա, սիրեցի նրա բնության հրաշալիքները, բնական հուշարձաններն ու բնակավայրերը: Եթե նույնիսկ սա վերջին անգամն էր, իմ հիշողություններում իրենց ուրույն տեղը կգրավեն այնտեղ անցկացրած բովանդակալից օրերը:

Դե ինչ, ավարտվեցին արձակուրդային հինգ օրերը, որոնք... Բայց թե ինչպես դրանք սկսվեցին.

Մեկնումը` Սբ. Երրորդություն եկեղեցու բակից, երկու ավտոբուսով. երկար ու ձիգ ճանապարհ` լի սպասումով ու ոգևորվածությամբ: 

Արցախ աշխարհը մեզ ներկայացավ Դադիվանքով` կառուցված անտառածածկ բնության գրկում, Թարթառ գետի ափին: Իսկ հեռվում` Սյունիքի մարզից այն կողմ, ամուր կանգնած էր Գանձասարի եկեղեցին, որի լույսերը նշմարվեցին իրիկնային աշխույժ մթության մեջ:
Եկեղեցու հարևանությամբ գտնվում էր մեր ճամբարը, որտեղ կյանքը հիմնականում խաղաղ էր անցնում` չհաշված երեկոյան պարային-երաժշտական երեկույթները: Շրջակայքում տարածված էին բազմագույն ծառերով հարուստ անտառները: 


Առավոտյան ծրագրի անբաժանելի մաս էր կազմում ընդհանուր պարապմունքը, ինչպես նաև նախավարժանքը, շարային քայլ սովորելը (նաև` աղջիկների մասնակցությամբ, ու նշեմ, որ շատ առումներով մենք նույնիսկ գերազանցում էինք տղաներին): Մեր հիմնական գործառույթները կատարում էինք Վանք գյուղի` Գուրգեն Հայրապետյանի անվ. դպրոցում, որտեղ ներկայացնում էինք կրթահամալիրի ակումբները` Անգլիախոսների, Գիտակների, Ռոբոտիքս, Ազատ խոսքի ամբիոն, Էկոլոգների և «Լուսաստղ» ամսագիրը: Գլխավորն այն էր, որ մեր նախագծերն ու մտահղացումները մեծ ուշադրության արժանացան: Բոլորի համար մեծ անակնկալ էր հատկապես պլանետարիում այցելելը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող տիեզերքի մասին ֆիլմ դիտելու հնարավորություն ունեցավ: 


Մեր կրթահամալիրի շատ սովորողներ միանգամից ընկերացան արցախցի ճամբարականների ու դպրոցականների հետ, դրվեց բոլորիս համար առաջնային համարվող համագործակցության սկիզբը: Ի դեպ, Վանքի, Ստեփանակերտի, Ասկերանի դպրոցի սովորողների մեջ կային շատ տաղանդավոր պատանիներ, ովքեր մեր մեկնման նախորդ օրը աշխատանքների ամփոփմանը ներկայացան հայկական-ժամանցային պարերով, երգերով ու ասմունքով:


Իսկ ազատ ժամերին անփոխարինելի զբաղմունք էր ճամբարի կամ եկեղեցու բակում զբոսնելը` միաժամանակ վայելելով շուրջբոլորը սփռված անկրկնելի բնապատկերները:
Առավոտյան վաղ արթնանալով` սրտի տրոփյունով հրաժեշտ տվեցի Արցախին և կարծես արդեն իսկ սկսեցի կարոտել` դեռևս չմեկնած...

Հուսով եմ` ճամբարականները դեռ երկար կհիշեն Գանձասարի ճամբարում անցկացրած ակնթարթները: Ու կասկածից վեր է, որ ճամբարը մեր մեջ շատ բաներ փոխեց` դարձնելով ավելի պատասխանատու, կարգապահ ու... որոշ հարցերում օգնեց դառնալ ավելի ինքնուրույն:

Կարդացեք նաև՝ Անգլախոսների ակումբի ներկայացումը Արցախի Վանք գյուղում

Комментариев нет:

Отправить комментарий