2 июля 2014 г.

Հռոմ. 7 բլուրներ և հավերժություն

7-ը զարմանալի ու խորհրդավոր թիվ է՝ սրբազան, կախարդական: Շաբաթվա 7 օրեր, մահացու 7 մեղքեր, ծիածանի 7 գույներ, երաժշտական 7 նոտաներ, աշխարհի 7 հրաշալիքներ, երկնային 7 մոլորակներ և, իհարկե, 7 բլուրներ, որոնց վրա տարածվում է հավերժական Հռոմը՝ Տիբրոս գետի ափերին: Առաջինը բնակեցվել է Պալատինումը՝ կենտրոնական բլուրը, այնուհետև Էսքվիլիումը, ավելի ուշ՝ հարավային և հարավարևմտյանները՝ Կվիրինալիում և Կապիտոլիում, վերջիններին հաջորդել են Ավենտինումը, Վիմինալիումը և Ցելիումը: Հռոմեացիների մոտ առաջացավ Սեպտիմոնտիումը՝ 7 բլուրների տոնը, որ նշում էին ամեն տարի դեկտեմբերի 11-ին:
Պալատինում. Այս վայրից է սկիզբ առել Հին Հռոմի պատմությունը: Լեգենդը պատմում է, որ հենց Պալատինումի ստորոտին է հայտնվել Տիբրոսի ալիքներից քշված զամբյուղը, որում եղել են երկու նորածիններ՝ Հռոմուլոսն ու Հռեմոսը՝ ապագա քաղաքի հիմնադիրները: Այստեղ էր նաև երկվորյակ եղբայրներին կերակրող Լուպերկալիոս գայլուհու քարանձավը: Պալատինումի տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Ապոլլոնի, Կիբելայի և Վիկտորիայի տաճարները (երբ Ապոլլոնը ծնվեց, սրբազան կարապները 7 անգամ շրջեցին Դելոս կղզով մեկ, քանի որ ամսվա 7-րդ օրն էր), Սեպտիմոս Սևերոսի հասարակական բաղնիքը, Պալատինումի թանգարանը, որտեղ ներկայացված են հասարակ զենքերից մինչև անտիկ քանդակագործների ստեղծագորություններ: 

Էսքվիլիում. Անվանումը գալիս է ex և colere բառերից, որ նշանակում է «արվարձան»: Երկար ժամանակ սա ծառայում էր որպես քաղաքային աղբանոց, մահապատիժներ իրականացնելու տեղ, ստրուկների և աղքատների գերեզմանոց: Օգոստոս կայսեր հրամանով գերեզմանոցը քանդվեց, իսկ մաքրված տարածքում տնկվեցին Մեկենասի հոյակապ այգիները (Մեկենասը կայսեր մտերիմ ընկերն էր, հովանավորում էր արվեստներն ու գիտությունը): Բարձր տեղադրության պատճառով Էսքվիլիումի վրա կենտրոնացած էր ջրամատակարարման համակարգը:   

Կվիրինալում. Անվանվել է հին սաբինների պատերազմի աստված Կվիրինոսի պատվին: Լեգենդը պատմում է, որ Հռոմում բնակվում էին միայն տղամարդիկ: Մի անգամ Հռոմուլոսը սաբիններին հրավիրեց խնջույքի, որում հռոմեացիները առևանգում էին աղջիկ հյուրերին: Այնուհետև տեղի ունեցավ զինված հակամարտություն, որտեղ հռոմեացիները պարտվեցին, իսկ աղջիկները կապվեցին իրենց նոր ընտանիքներին: XVI դարում կառուցվեց Կվիրինալյան պալատը (Palazzo Quirinale), որը Հռոմի պապերի ամառանոցն էր, իսկ 1948թ-ից մինչ օրս Իտալիայի նախագահի պաշտոնական նստավայրն է: Պալատի առջև՝ Կվիրինալյան հրապարակում, Կաստոր և Պոլիդևկ (Պոլլուքս) երկվորյակների՝ Դիոսկուրների շատրվանն է (Fontana dei Dioscuri):

Կապիտոլիում. Ծագում է caput՝ «գլուխ, գլխավոր» բառերից: Հնագույն ժամանակներում այս բլուրը լի էր տաճարներով: Յունոնա Մոնետայի տաճարում էին բնակվում լեգենդար սագերը, որոնք իրենց ճիչերով Հռոմը փրկեցին գալլերի հարձակումից: Հենց այս տաճարում է ստեղծվել առաջին փողերանոցը, որտեղ հատված դրամները, ի պատիվ աստվածուհու, կոչվեցին «մոնետաներ»: Բլրի ամենաբարձր մասը զբաղեցնում է Յուպիտերի տաճարը, որը նվիրված էր աստվածային գերագույն՝ Կապիտոլիական եռյակին՝ Յուպիտեր, Յունոնա, Միներվա: XVI դարում տաճարը փոխարինվեց Կաֆարելլի պալատով (Palazzo Caffarelli), որտեղ ներկայումս գործում է քաղաքային թանգարան:

Ավենտինում. Կոչվել է կամ Հռոմուլոսից հետո թագավորած Ավենտինոս Սիլվիոսի, կամ էլ ալբանական Ավենտինոս արքայի անունով: Հանրապետության օրոք խիտ բնակեցված շրջան էր, որտեղ կային ցածր դասի կողմից պաշտվող աստվածների տաճարներ: Կայսրության տարիներին շրջանը ծաղկում է ու հարստանում. այստեղ հաստատվում է նաև ազնվական դասը, կառուցվում են հասարակական բաղնիքներ: Ավենտինումի տեսարժան վայրերից են քաղաքական գործիչ Գայոս Ցեստիոսի բուրգը (Piramide di Caio Cestio) և Սավելլո զբոսայգին (Parco Savello), որը հռոմեացիներն անվանում են Նարնջի պարտեզ: Այստեղ այցելում են ռոմանտիկ հանդիպումների սիրահարներ, լուսանկարվել ցանկացող երիտասարդներ:

Վիմինալիում. «Ուռենու բլուրը» իր անվան համար պարտական է իր լանջերը ծածկող ուռենիներին: Կայսրության օրոք այստեղ հիմնականում ցածր խավին պատկանող բնակելի տներն էին, իսկ հանրային կառույցներից նշանավոր էր Դիոկլետիանոս կայսեր հասարակական բաղնիքը: Դրա հարևանությամբ տարածվում է Հանրապետության հրապարակը, որի կենտրոնում Նայադների շատրվանն է (Fontana delle Naiadi): Այսօր գոյություն ունեցող Վիմինալիումի պալատը (Palazzo Viminale) բավականին երիտասարդ շինություն է՝ Իտալիայի ներքին գործերի նախարարի նստավայրը:

Ցելիում. Անվանակոչվել է հռոմեական պլեբեյական դասի հիմնադիր, էտրուսկ Ցելեսի պատվին և սկզբնապես բնակեցված էր գերազանցապես պլեբեյներով: Պաշտամունքային շինություններից էր Աստվածային Կլավդիոսի տաճարը, իսկ գեղատեսիլ վայր կարելի է նշել Չելիմոնտանայի վիլլա զբոսայգին (Villa Celimontana), որ հայտնի է ջազ փառատոնով: Զբոսայգու խորքում կա յուրահատուկ հուշարձան՝ Չելիմոնտանայի կոթող. դրա վերնամասը փորագրված է Ռամզես II-ի ժամանակաշրջանի հիերոգլիֆներով:  

Թարգմանությունը՝ Աիդա Գրիգորյանի

Комментариев нет:

Отправить комментарий