18 февраля 2013 г.

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. «Մեծն Գեթսբին»


«Մեծն Գեթսբին» ամերիկացի գրող Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի` 1925թ. հրատարակված սիրավեպն է: Համարվում է ամերիկյան գրականության մեջ «Ջազի դարին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Ժամանակաշրջանն իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից` ընդգրկելով Առաջին աշխարհամարտից ավարտից մինչև 1930-ականների Մեծ ճգնաժամի տարիները: Վեպը 20-րդ դարում, անգլերեն լեզվով գրված Լավագույն 100 գրքերի ցուցակում, զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով իռլանդացի գրող Ջ. Ջոյսի «Ուլիս»-ին:
Գեթսբին ճանաչված մեծահարուստ է` չբացահայտված անցյալով, ազդեցիկ մի մարդ, ում ճոխ առանձնատունը հյուրերի ներկայության ու զվարճությունների պակաս չի զգում: Երեկույթներից մեկի ժամանակ տանտերն իմանում է, որ իր հարևանի զարմուհին այն կինն է, ում ինքը սպասում է արդեն գրեթե հինգ տարի: Թվում է, թե Դեյզիի հիշողությունից նույնպես չեն ջնջվել անցյալի դեպքերն ու Գեթսբիի հետ ունեցած սիրավեպը, ավելին` ամուսինն իրեն հավատարիմ չէ: Տարիներ շարունակ պահած երազանքը կարծես թե իրականանալու ճանապարհին է: Գեթսբին լուրջ կապեր ունի, մշտապես զանգեր է ստանում ամերիկյան խոշոր քաղաքներից, գործարքներ կնքում, իսկ մարդիկ` տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, շարունակում են իր առանձնատուն այցելել ու վայելել միջավայրի ողջ շքեղությունը: Բայց ստացվում է այնպես, որ վրեժի հողի վրա Գեթսբիին սպանում են, ու միայն այդ ժամանակ է Նիքը` նրա մտերիմ ընկերը, հասկանում մարդկային էության ստորությունն ու հոգու կուրությունը: Նա է ստանձնում ընկերներին վատ լուրը հաղորդելու պատրաստակամությունը, զբաղվում թաղման արարողության կազմակերպմամբ` հուսալով, որ Դեյզին էլ գոնե ծաղկեփունջ կուղարկի: Ի զարմանս Նիքի` ծանոթների մեծ մասը պատճառաբանում է, որ «չափազանց շատ գործ ունի», «զբաղված է», իսկ մեկն էլ նույնիսկ ասում է, որ «նրան այդպես էլ պետք էր»:

-Ես չկարողացա ժամանակին գալ,-թաղման ժամանակ Նիքին դիմում է Գեթսբիի ընկերներից մեկը:
-Ոչ ոք էլ չկարողացավ:
-Ի՞նչ եք ասում: Տե~ր իմ աստված: Հարյուրավոր մարդ էր մտնում նրա տուն: Խեղճ տղա…

Վեպի ասելիքը կարելի է ընդամենը մի քանի նախադասության մեջ ամփոփել. Երբ հարուստ ես, ու մարդիկ քեզնից ինչ-որ բան ստանալու շահ ունեն, նրանք քո կողքից չեն հեռանում, իսկ դու չես էլ նկատում, որ շրջապատված ես կեղծավորությամբ: Բայց թաղմանդ օրը նրանցից ոչ ոք ժամանակ չունի քեզ վերջին անգամ տեսնելու ու հրաժեշտ տալու, որովհետև դու այլևս նյութական չես...

Մտքեր
Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր` այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները:

Ոչ մի շոշափելի գեղեցկություն չի կարող մրցել այն բանի հետ, ինչ մարդ ի վիճակի է կուտակել իր դիվային հոգում: 

Նրանք բոլորը ոչնչություն են: Դու ինքդ մենակ արժես այդ անիծյալ խումբը միասին վերցրած:

Գեթսբին հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից: 

Այսպես մենք լողում ենք առաջ, հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները հետ` դեպի անցյալի գիրկը: 

Հ.Գ. Ի դեպ, Հեմինգուեյի, Ֆիցջերալդի և «կորած սերնդի» (Lost Generation) այլ ականավոր գրողների (Թ. Էլիոթ, Զ. Ֆիցջերալդ) ու նկարիչների (Պ. Պիկասո, Ս. Դալի և այլն) կերպարները բավական հաջող ներկայացված են Վ. Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում:
Midnight In Paris / Полночь в Париже (2011)


Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий