22 апреля 2013 г.

Ինչո՞ւ եմ ցանկանում մնալ Հայաստանում


Հիմա կփորձեմ Հայաստանում մնալու մի քանի պատճառ բերել, մեկ ուրիշն էլ հեռանալու տասնյակ պատճառներ կգտնի, բայց ամեն ինչին ավելի ռեալ նայենք: 

Մեր երկրում կան սոցիալական խնդիրներ՝ աշխատատեղերը քիչ են, աշխատավարձերը՝ ոչ բավարար: Տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի մոնոպոլացված են: Ժողովուրդը դժգոհ է կառավարությունից, բայց միաժամանակ գործնական քայլեր չի ձեռնարկում ինչ-որ բան փոխելու համար: 1991-1994թթ. արտագաղթն անցավ, ովքեր հասցրին, երկրից անվերադարձ հեռացան, մշտական բնակություն հաստատեցին հեռավոր մայրցամաքներում ու հիմա միջինից մի քիչ լավ կյանքով են ապրում: Նրանց համար Հայաստանը մնաց անցյալում, մնաց նրանց, ում ժամանակը բերեց-հասցրեց Երրորդ հանրապետության 22-րդ տարին: Բայց որքա´ն մենք պայքարեցինք մեր անկախության համար, այդքան արյուն թափեցինք, որ չապավինե՞նք մեր իրավունքներին, չհավատա՞նք արժանավայել կյանքով ապրելու հնարավորությանը: Լավ, հայրենասիրությունը շատերի համար գուցե արժեք չունի, բայց մենք չենք մտածում, որ օտարի համար մենք միշտ էլ օտար կմնանք, նա էլ՝ մեզ, ուրիշի երկրում մեզ որպես երկրորդական մարդու, որպես «հայի» կվերաբերեն, ով նույնիսկ հոգեկան անկումներից ու ֆիզիկական բնաջնջումից ազատվելուց հետո հանգիստ չգտավ, նորից աչք գցեց ուրիշի օգնությանը, հավատաց ուրիշի տված հույսին, որովհետեւ զրկված է հենարանից, իսկ «համաժողովրդական» բառը միայն Ռուբինյան իշխանության հաստատման ու Սարդարապատի հերոսամարտի ժամանակ եմ հիշում: 

Անդրադառնամ իմ սուբյեկտիվ մոտեցմանը: Երրորդ հանրապետության ծնունդ եմ, կրթությունս ստացել եմ ու կշարունակեմ այստեղ (չեմ քննարկում դրա որակի լավ կամ վատ լինելը, դա մարդուց է կախված), սովորել եմ այս միջավայրին, առօրյա հաջողություններին կամ ձախողումներին: Ի՞նչ է ինձ տվել ամերիկացին, կանադացին կամ բելգիացին, որ գնամ՝ իր երկրի համար աշխատեմ: Ես կողմ եմ եվրոպական երկրներ այցելելուն, ուրիշ մշակույթի, լեզվի, սովորույթների ծանոթանալուն, բայց դրանք իմը չե´ն, իսկ դարձնելն անհնարին է: 


Եթե թողնենք ու հեռանանք, ոչ ոք մեզ համար բարեկեցիկ Հայաստան չի կառուցի եւ մեզ հետ չի կանչի: Նպաստավոր պայմաններ չկան, դրանք ստեղծել է պետք:


Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий