Մայիսի 24, 2014թ: Այդ օրը Մարմարյա սրահը շողում էր ծաղիկների,
շքեղության ու համատարած ոգևորության փայլի ներքո: Միջոցառումից հետո բոլորը չէ, որ
պատրաստվում էին մնալ Երևանում կամ առավել ևս այդքանով ավարտել տոնական ժամանցը: Եվ
զարմանալի չէ, որ կարճ ժամանակում երեկոյան զգեստներն ու աքսեսուարները փոխարինվեցին
հարմարավետ, ամենօրյա մարզահագուստով, իսկ «օրվա հերոսներից» շատերի ձեռքերին հայտնվեցին
ճամպրուկներ: Այո, դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու մեր բազմամարդ խմբով՝ վերջինզանգյան
տրամադրությունը բարձր պահելու, իրար շնորհավորելու և երկու օր պարզապես միասին լինելու
համար:
Վայոց ձորի մարզ,
Ջերմուկ: Կազմակերպիչները, ուսուցիչներից բացի, նաև 11-րդ դասարանցի մեր ակումբակիցներն էին, որոնցից Հովհաննեսը մեզ առաջնորդեց իրենց բնակարան և քաղաքի տեսարժան վայրեր: Առայժմ
խոսեմ Ջերմուկի բնաշխարհի մասին: Ընդհանրապես հաճելի էր տեսնել բարձր ու խիտ ծառեր, որոնք թարմություն էին ապահովում, հիմնականում մուգ դեղին ծաղիկներ, որոնք մարմնավորում էին միջավայրի հանդեպ ցուցաբերված հոգատար վերաբերմունքը: Ֆիդայիների պուրակում կանգնել էին ընչացքավոր քանդակները՝ ծանոթ ու անծանոթ դեմքերով, լուրջ ու անտարբեր հայացքներով: Աղբյուր Սերոբի քանդակի տակ հոսում էր անվանը համահունչ Սառնաղբյուրը, իսկ պատմությունը կենդանանում էր մեզնից անբաժան հայրենասիրական երգերի շնորհիվ: Քիչ այն կողմ «գալերեան» էր՝ հանքային ջրերի ցուցասրահը, ավելի հեռու՝ Ջերմուկի շառաչուն ջրվեժը, որին շրջապատում էին կարմիր ժայռերը՝ կարծես որպեսզի ավելի ահեղ ու սքանչելի դարձնեն տեսարանը: Իսկ ահա Կեչուտի ջրամբարը, որ կրում է Մարգարիտկա անունը, միանշանակ տպվեց բոլորի հիշողության մեջ իր յուրօրինակ կառուցվածքով, որի վեց թևերում գահավիժում էր Արփա գետից եկող ջուրը: Այսքանը նկարագրական տեսանկյունից:
(+), (-)-ներ. սրանք ամենուր հանդիպում են՝ չթողնելով, որ
ինչ-որ բան դառնա կատարյալ կամ անփոխարինելի: Այս անգամ առանձին երևույթների գնահատականներ
չեմ տա, որովհետև ինչ եղել է, եղել է մեր աչքի առաջ ու մեզ հետ: Միայն կասեմ, որ մի
քանի շրջանավարտների հետ ճամփորդում էի առաջին անգամ, մի մասն էլ ճանապարհի վստահելի
ընկեր է: Հետդարձի ուղին միշտ ավելի հետաքրքիր է լինում, քանի որ արդեն շրջապատիդ լիարժեք
անդամն ես ու ներդաշնակվում ես դրա հետ միասին ունեցած փորձառությամբ:
Այն, ինչ լինում է մեկ անգամ, կարող է երբևէ չկրկնվել, բայց
17 անգամ եղածը կլինի նաև 18-րդ անգամ: Մինչ այդ առջևում պատասխանատու քայլեր կան:
Комментариев нет:
Отправить комментарий