Այսօր գրեթե ոչինչ չի խոսվում Իտալիայի հարավ-արևելքում գտնվող
Օտրանտո նավահանգստի երբեմնի կարևորության ու պատմական անցյալի մասին: Երևի այդ
պատճառով էլ որոշեցի անդրադառնալ հենց այս վայրին՝ հաշվի առնելով, որ ձմեռվանից սկսել
էի իտալական քաղաքները ներկայացնող փոքրիկ շարք (Վենետիկ, Թուրին, Միլան, Ֆլորենցիա),
և երկրորդ՝ այս հրապարակումը կարտացոլի նաև եվրոպական պատմության որոշ դրվագներ:
Օտրանտոն իտալական պետության Ապուլիա շրջանի ամենաարևելյան
կետն է, որ Ալբանիայից բաժանվում է Ադրիատիկ և Հոնիական ծովերը իրար միացնող Օտրանտոյի
նեղուցով: Ապուլիայի շրջանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. I հազարամյակում, երբ մեսսապներն
այստեղ հիմնել են իրենց գաղութները: Ավելի ուշ Օտրանտոն գրավվել է Հռոմի կողմից և նախկին
Հիդրոսի փոխարեն ստացել Հիդրունտում անունը՝ վերածվելով տրանսպորտային, նավահանգստային,
տնտեսական կենտրոնի, որը կապ էր ապահովում Բալկանյան և Փոքր Ասիա թերակղզիների միջև:
1480-ական թթ սկզբին ՝ սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի գահակալման օրոք
(նա արդեն կործանել էր Բյուզանդիան՝ գրավելով Կ.Պոլիսը),
Օսմանյան կայսրությունը աննախընթաց վերելք էր ապրում: Սուլթանի հրամանով զորավար Ահմեդ
փաշան Ալբանիայից հայտնվեց Օտրանտոյի մատույցներում և ամռանը մեծ նավատորմով պաշարեց
նավահանգիստը: Հանդիպելով դիմադրության՝ Ահմեդ փաշան գրոհով վերցրեց ամրությունը՝ բնակիչներին
մատնելով սպանդի կամ գերության: Երեք օր անց 813 կալանավորների պարտադրվեց հրաժարվել
քրիստոնեությունից և ընդունել իսլամ, որպեսզի խնայեն նրանց կյանքը: Ծեր դերձակ Անտոնիո
Պեցցուլան հանդես եկավ իրենց հավատին մնալու կոչով, ինչի համար գլխատվեց առաջինը և
տեղացիների կողմից ստացավ Պրիմալդո՝ «առաջին» մականունը: 2013թ մայիսին Օտրանտոյի նահատակները
սրբացվեցին Հռոմի պապ Ֆրանցիսկի որոշումով:
Օսմանյան բանակը շուտով վերադարձավ Ալբանիա՝ նախատեսելով
համալրել զորքերը և կրկին գալ Օտրանտո: Մայիսի 1-ին քրիստոնյաները հարձակվեցին զավթված
քաղաքի վրա, իսկ թուրք զորավարը, իր երկրից բավարար ուժեր չստանալով և լսելով սուլթանի
մահվան լուրը, ստպված էր թողնել այն: Ասում են՝ միայն վերահաս մահը (1481թ մայիսի
3), խանգարեց Մեհմեդին շարժվել Հռոմի դեմ… Այս անկումից հետո Օտրանտոն կորցրեց իր քաղաքական
ու մշակութային դերը ու այլևս չվերականգնեց նախկին հեղինակությունը:
Դարեր անց՝ 1800-ական թթ սկզբին, Նապոլեոն Բոնապարտը Օտրանտոյի
ամրոց տեղափոխեց իր կայազորը, իսկ Օտրանտի հերցոգի ժառանգական տիտղոսը շնորհեց բավական
հայտնի ու ազդեցիկ անձնավորության՝ ոստիկանական մինիստր Ժոզեֆ Ֆուշեին:
Oտրանտոյի տեսարժան վայրերից են քաղաքի տաճարը և ամրոցը
(նկարում հենց դա է պատկերված): Անգլիացի գրող Հորաս Ուոլփոլը հրատարակել է «Օտրանտոյի
ամրոցը» գոթական ոճի սիրավեպը:
Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.
Խորհրդատու՝ Վահրամ Թոքմաջյան
Խորհրդատու՝ Վահրամ Թոքմաջյան
Комментариев нет:
Отправить комментарий