Որքան
մոտենում է կրթահամալիրից մեր՝ շրջանավարտներիս հեռանալու պահը, այնքան սպասված ու
ցանկալի են դառնում ճամփորդությունները, քանի որ գիտես՝ եթե անգամ ամռանը նոր հնարավորություններ
տրվեն, դու այլևս աշակերտի կարգավիճակում չես լինելու: Արդ, մինչև ապագայի անորոշ կողմերը
պարզաբանելը, պատմեմ մեր երկօրյա ուղևորության մասին, որն ընդգրկում էր հանրապետության
Տավուշի և Լոռու մարզերը:
Գիտակների
ակումբի 12-հոգանոց կազմը ուներ նպատակակետ՝ Նոյեմբերյանի Կողբ գյուղը (խոշորներից
մեկը ՀՀ-ում), որտեղ հասանք Իջևանով` Պարզ լիճ և Հաղարծնի վանական համալիր այցելելուց հետո
(մի քանիսի համար սա երկրորդ անգամն
էր): Կողբ գյուղն աչքի էր ընկնում Տավուշի մարզին բնորոշ անտառաշատությամբ ու բնության
մաքրությամբ: Առաջին օրվա երեկոն անցավ լուսնկա երկնքի տակ ճարճատող խարույկի շուրջ՝
իր մեջ ներառելով ուսուցողական, բանավիճային ու զբաղմունքային տարրեր: Վերահաս կեսգիշերը
ազդարարեց մեր ճամփորդական ընկերներից մեկի՝ Մամիկոնի ծննդյան տարեդարձի սկիզբը:
Այդ
օրը՝ մայիսի 11-ը, հատկանշական էր նաև նրանով, որ իր հետ բերեց չնախատեսված բաներ, ինչպես
Դսեվանք (Դրսեվանք) ու Ալավերդի գնալը: Դսեվանքի մոտակայքում գետակը իր կարկաչով մի
կտոր էր, որը չկար Կողբում, իսկ բարձր կամուրջը տեսարան էր հիշեցնում նեղուցներով ու
կամուրջներով հարուստ Վենետիկից: Ալավերդին կարողացանք լավ ուսումնասիրել ճոպանուղու
շնորհիվ: Քաղաքով հոսում էր Դեբեդը, գործարաններից վեր ելնող ծուխը ժայթքող հրաբուխի
տպավորություն էր թողնում, նաև պատմական-մշակութային հուշարձաններ կային:
Եվս
մեկ նորություն էր Հաղպատի և Սանահինի վանքերում շրջագայելը՝ վերհիշելով դրանց կառուցողին՝
Աշոտ Գ Ողորմածի կնոջը՝ Խոսրովանույշ թագուհուն, ինչպես նաև անդրադարձանք
միջնադարյան այս շինությունների կրթական դերին, այստեղ սովորած հայ անվանի գործիչներին՝
իրավաբաններ, պատմաբաններ, փիլիսոփաներ: Հաղպատի վանքում կար երազանքի պատ. եթե ցանկություն պահեիր ու կարողանայիր անցնել նեղ տարածությամբ, ապա այն կիրականանար: Մեր մեջ այդ առումով բախտավորներ չեղան)
Հետդարձին անցանք ևս երեք քաղաքով՝ Սպիտակ, Վանաձոր ու Ապարան՝ ամփոփելով մայիսյան
առաջին ճամփորդությունը, որը հաջողված էր, դրական ու գեղեցիկ պահերով լեցուն, հեռանկարային:
Երևի այն կլինի վերջինը, որին մի քանիսս մասնակցեցինք որպես աշակերտներ…
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր մեկ այլ ընկերոջ՝ Սանասարի հարազատներին՝ Դսեվանքում մեզ ջերմությամբ հյուրընկալելու և տեղի արտասովոր բնությանը մեզ հաղորդակից դարձնելու համար:
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր մեկ այլ ընկերոջ՝ Սանասարի հարազատներին՝ Դսեվանքում մեզ ջերմությամբ հյուրընկալելու և տեղի արտասովոր բնությանը մեզ հաղորդակից դարձնելու համար:
Աիդա
Գրիգորյան, 12-րդ դաս.
Комментариев нет:
Отправить комментарий