1. «Գարգանտյուան և Պանտագրյուելը» - Ֆրանսուա Ռաբլե
Ոչ ոք չգիտե՝ ինչու Ռաբլեն հրաժարվեց վանականի փարաջայից և սկսեց բժշկագիտություն սովորել
Պուատյեի ու Մոնպելյեի համալսարաններում, ինչպես նաև պարզ չէ, թե ինչու այդքան հաջողակ
բժիշկը, տեղափոխվելով Լիոն, նվիրվեց գրական կյանքին: Ֆրանսիական Վերածննդի (16-րդ դար)
այս սրամիտ ու երգիծական վեպում հեղինակը ծաղրում է եկեղեցու հավակնությունները, մերկացնում
վանականների անկրթությունն ու ծուլությունը՝ ընդգծելով կաթոլիկ հոգևորականության արատները:
Վեպի գլխավոր հերոսները բարի հսկաներ են՝ հայր ու որդի, և նրանց հավատարիմ ընկեր Պանուրգը,
ովքեր բովանդակությունը զարդարում են իրենց խոսակցություններով, ճամփորդություններով,
մանկական ու խելացի արարքներով:
2. «Ժողովրդի թշնամին» - Հենրիկ Իբսեն
Նորվեգացի դրամատուրգի ծննդավայր Շիեն քաղաքում գործում է Իբսենի թատրոնը, իսկ նրա
ծննդյան 80-ամյակից ի վեր կառավարությունը շնորհում է Իբսենյան միջազգային մրցանակ:
Հարկ է տեղեկացնել, որ գրող-դրամատուրգի որդին՝ Սիգուրդ Իբսենը, եղել է քաղաքական գործիչ
ու զբաղեցրել Նորվեգիայի վարչապետի պաշտոնը Ստոկհոլմում (այդ ժամանակ երկիրը կառավարվում
էր երկու տեղից. մյուսը՝ Օսլո): «Ժողովրդի թշնամին» հեղինակի սոցիալական դրամաներից
է, որի գլխավոր հերոսը կուրորտային բժիշկ դոկտոր Շտոկմանն է: Նա մերձծովյան քաղաքում
նկատում է խմելու ջրի աղտոտվածություն, բայց դա չի բարձրաձայնում՝ խուսափելով իշխանությունների
շահերին բախվելուց և աշխատանքը կորցնելուց: Շուտով սրա մասին գրում են թերթերը, դոկտորը
ձեռք է բերում հակառակորդներ ու համախոհներ:
3. «Հաղթական կամար» - Էրիխ Մարիա Ռեմարկ
3. «Հաղթական կամար» - Էրիխ Մարիա Ռեմարկ
Ինչ կարելի է ասել գերմանացիների կողմից որպես հրեա հետապնդվող ենթադրյալ Կրամերի մասին: Սիրում էր կալվադոս խմիչքը, ձեռք բերում իմպրեսիոնիստների նկարներ ու գորգեր, հետաքրքրվում Ցվայգի, Մանի, Դոստոևսկու ստեղծագործություններով: Ռեմարկը բուռն ու տանջալից սիրավեպ ունեցավ գերմանացի դերասանուհի, երգչուհի Մառլեն Դիտրիխի հետ, ում անվանում էր «պումա»: Շատերը փաստում են, որ այս հարաբերություններն են ընկած գրողի վերոնշյալ սիրավեպի բովանդակության հիմքում: Գլխավոր հերոսը փախստական Ռավիկն է, ով ապրում է Փարիզում՝ ամեն վայրկյան բռնվելու սպառնալիքի տակ: Անցյալից վրեժ լուծելու հարմար պահ է ստեղծվում, Ժոանը միշտ խանդոտ է ու փոփոխական, մոտենում է Երկրորդ համաշխարհային պատերազմը:
4. «Դեկամերոն» - Ջիովաննի Բոկկաչչո
1348թ Ֆլորենցիայում սկսվում է ժանտախտ, և 10 երիտասարդներ 10 օրում պատմում են հարյուր նովել այլազան թեմաներով՝ կրոն ու առօրյա, երջանիկ ու ողբերգական սեր, ձախորդություն ու հաջողություն: Առանձնացնում եմ Նաստաջիո դելլի Օնեստիի պատմությունը, որի մոտիվներով իտալական Վերածննդի «տակառիկը»՝ Սանդրո Բոտիչելլին, պատկերել է 4 կտավ: Այդ նկարաշարը ներկայումս իր տեղն է զբաղեցնում Մադրիդի «Պրադո» թանգարանում: «Դեկամերոնը» ներշնչել է նաև ֆրանսիացի արքայադուստր և գրող, թագուհի Մարգարիտա Նավարրացուն, ով հեղինակել է 72 նովել պարունակող «Հեպտամերոն» ստեղծագործությունը (յոթնօրյակ)
5. «Յո՞ երթաս» - Հենրիկ Սենկևիչ
Նոբելյան մրցանակի դափնեկիր (1905թ) այս լեհ գրողը ճանաչված է հատկապես իր պատմական երկերով («Կրակով և սրով», «Ջրհեղեղ», «Պան Վոլոդիևսկի» եռագրություն, «Խաչակիրներ» և այլն): «Յո՞ երթաս»-ում (լատ.՝ Quo vadis?, ո՞ւր ես գնում) իշխում են սիրո, հավատի, մարդկային խեղկատակության ու ամենաթողության գաղափարները, հանդես են գալիս իրական գործիչներ՝ Ներոն, Սենեկա, Պետրոս և Պողոս առաքյալներ, ու այս ամենը կատարվում է պատմական հարուստ ֆոնի վրա՝ I դարի Ներոնյան Հռոմ և դրան հակադիր քրիստոնեական աշխարհ: Պետրոնիոս Արբիտերին նույնպես իրական հերոս է՝ «Սատիրիկոն» արկածակենցաղային վեպի հեղինակը: Հռոմի Դոմինե Քվո Վադիս եկեղեցին գտնվում է Ապպիական ճանապարհի վրա, որտեղ քաղաքից փախչող Պետրոս առաքյալը տեսավ Քրիստոսին և հարցրեց, թե Տերը ուր է գնում: «Քանի որ դու թողնում ես իմ ժողովրդին, Հռոմ եմ գնում, որպեսզի երկրորդ անգամ խաչվեմ»...
6. «Նշանվածները» – Ալեսսանդրո Մանձոնի
Մանձոնին, լինելով ռոմանտիզմի հետևորդ, իր այս սիրավեպով հիմք դրեց իտալական գրականության պատմական ժանրին: «Նշանվածները» այնքան մեծ ժողովրդականություն է վայելում հայրենիքում, որ ընկալվում է որպես իսկական գլուխգործոց և լայնորեն ուսումնասիրվում է ավագ դպրոցներում: Վեպի սկզբում Ռենցոն և Լուչիան արդեն նշանված են, բայց տարբեր հանգամանքներ՝ արգելում, քաղաքական և տնտեսական դժվարություններ (պատերազմ, սով, ժանտախտ), հարկադրական բաժանում (Լուչիայի հեռանալը Մոնցայի մենաստան, Ռենցոյի փախուստը Միլան), հետաձգում են զույգի հարաբերությունների օրինականացումը: Ջուզեպպե Վերդին Մանձոնիին համարում էր «առաքինության և պատրիոտիզմի օրինակ» և նրա մահվան առթիվ գրեց «Ռեքվիեմ» երաժշտական գործը, որը առաջին անգամ հնչեց Միլանի Սբ Մարկոս եկեղեցում գրողի մահվանից ուղիղ մեկ տարի անց:
Հ. Գ. Նկարը՝ իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի
(տեքստի հետ կապ չունեն, պարզապես գեղեցկության համար)
Աիդա Գրիգորյան
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий