26 июня 2016 г.

Թուրքական արտադրանքն ու հայկական շուկան

Շատ են գրում ու խոսում այն մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել Թուրքիայում արտադրված ապրանքներից, բայց գրեթե չի նշվում՝ որոնք են այդ ապրանքները: Ստորև ձեզ ենք ներկայացնում թուրքական արտադրության մի քանի բրենդներ, որոնք շատ են գովազդվում ու սպառվում հայաստանյան միջավայրում: Նպատակը ընթերցողին ու շարքային գնորդին պարզապես այդ ապրանքների անվանումները հաղորդելն է, իսկ գնել, թե ոչ, յուրաքանչյուր մարդու որոշելիքն է:     

 1. Քոչ հոլդինգը Թուրքիայի ամենամեծ հոլդինգն է: Նրան է պատկանում կենցաղային տեխնիկա արտադրող ու Հայաստանում պարբերաբար գովազդվող Beko ապրանքանիշը: 

2. Էվյափ հոլդինգը մասնագիտացած է հիգիենայի պարագաներ արտադրելու գործում: Էվյափ հոլդինգի ապրանքներից մի քանիսը նույնպես կարելի է հանդիպել հայկական շուկայում՝ Fax և Duru օճառներ, Arko լոգանքի գելեր տղամարդկանց համար: 

3. Հայաթ հոլդինգը մասնագիտացած է տան մաքրության, անձնական հիգիենայի պարագաների արտադրության ոլորտում: Հոլդինգին պատկանող ապրանքները հայտնի են նաև հայկական շուկայում՝ Molped հիգիենիկ միջադիր, Bingo լվացքի փոշի, Molfix մանկական տակդիր, Papia զուգարանի թուղթ:


4. Երևի չկա այնպիսի կին կամ աղջիկ, որ չօգտվի Erkul kozmetik-ի արտադրանքներից՝ շրթներկ, մանիկյուր, տուշ, կարմրաներկ: Այս բոլորը Հայաստանում հայտնի են որպես Golden Rose ու Classics բրենդների ապրանքներ: 


5. ABC Deterjan արդյունաբերական և առևտրային կազմակերպությունը չունի հոլդինգի կարգավիճակ, սակայն էականն այն է, որ դրա արտադրանքները նույնպես տեղ ունեն հայկական շուկայում՝ ABC և Alfa լվացքի փոշիների/հեղուկների տեսքով:


6. Թահա հոլդինգը հիմնադրվել է 1988 թվականին: Տարիներ անց այն գնել է ոչ միայն թուրքական, այլև հայկական ու համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող LC Waikiki ապրանքանիշը, որ արտադրում է հագուստ և աքսեսուարներ երեխաների ու երիտասարդների համար: Երևանը ողողված է LC Waikiki խանութներով:


7. Arian քիմիական առևտրային և արդյունաբերական կազմակերպությունը նույնպես մասնագիտացած է հեղուկ օճառներ, աման լվացող հեղուկներ և մաքրող այլ միջոցներ արտադրելու գործում: Նրան են պատկանում հայկական շուկայում վաճառվող Ave և Home Plus բրենդները:


Եվ վերջում նշենք, որ Հայաստանում սպառվում են նաև բժշկական լեյկոպլաստներ ու վիրակապեր արտադրող Cansınbant ապրանքանիշի արտադրանքները:   
Սա բնականաբար ամբողջական ցանկ չէ, սակայն այստեղ ներառված էին ամենատարածված ու լայն սպառում ունեցող իրերը:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий