6 июля 2013 г.

«Մխիթար սպարապետ». Ինչ տվեց ինձ գիրքը

Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետ» պատմավեպը երկու մասից է կազմված: Առաջին՝ «Փշրված շղթաներ» գիրքը պատմում է հայ-ռուսական հարաբերությունների, Կասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին, որին մեծապես նպաստում են եվրոպական պետությունները՝ Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան: Այնուհետև նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը, Արցախի Վարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը, իսկ վերջին տեսարանում Դավիթ Բեկը տեղեկանում է Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապված բոլոր հույսերը կորում են:
Երկրորդ՝ «Ճանապարհ հայոց» գիրքը սկսվում է Դավիթ Բեկի ու Մխիթար սպարապետի գժտությամբ: Բեկը կողմ էր պարսիկների հետ դաշինք կնքելուն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու, իսկ սպարապետը դա անպատվություն էր համարում: Երկու զորավարները հաշտվեցին Մարաղայի դաշտում տարած հաղթանակից հետո, որին հաջորդեց ճակատամարտում ծանր վիրավորված Բեկի մահը: «Մի Դավիթ Բեկն էլ հերիք էր, որ մեզանում ամեն ոք պարծանքով ասեր. «Ես հայ եմ»»: Իսկ սուլթան Ահմեդին հպատակվել ցանկացողների մի խումբ Տեր-Ավետիսի համաձայնությամբ հանձնեց Հալիձորը՝ հավատալով փաշայի այն խոսքին, թե իրենք ժողովրդին կխնայեն: Սակայն խելագարության հասած հազարապետը զղջաց ու պատվիրեց. «Չհավատա´ք թուրքին, հայե´ր… Այսօր, վաղը և հավիտյան հավիտենից»:

Շատ չանցած՝ Մխիթարն իր զինակիցների ու Վայոց Ձորում մնացած զորքի հետ ազատագրեց սովի մատնված Հալիձորը, Ագուլիսը և Նախիջևանը: Արցախ արշավելու նախորդ օրը հայ դավադիրները սպանեցին սպարապետին՝ նրա գլուխն ուղարկելով Թավրիզ՝ Աբդուլլահ փաշային:
«Էլ ինչու են հայերն ազատության ձգտում, երբ իրենց ազատությունն իրենք են սպանում»:
Փաշան ըստ արժանվույն վարձահատույց եղավ դավաճաններին: «Դուք հավատարիմ չեք կարող լինել ոչ մի թագավորի, որովհետև ձեր թագավորին մատնեցիք մահու»:

Գիրքն ընթերցելիս նկատեցի հեգնական ու թերահավատ վերաբերմունք հոգևորականների նկատմամբ, ում անվանում են «ագռավակերպ», «վանքի առնետներ»: Պատճառն այն է, որ նրանք չեն ծառայում իրենց բուն առաքելությանը: «Էջմիածինը միայն իր ոսկե խաչերի մասին է մտածում», իսկ «կաթողիկոսը Թավրիզից վերադարձել է Էջմիածին, որովհետև սուլթանից հրաման կա, որ թուրքերը ձեռք չտան վանքին ու կաթողիկոսին»: Երևանն ընկել է, Սյունիքն ու Արցախն են փակում թուրքերի ճանապարհը դեպի Դերբենտ և Բաքու, իսկ «վեհափառը խնդրում է գնալ Աբդուլլահ փաշայի ոտքն ու երկրպագություն մատուցել նրան, որովհետև ով գնում է սերասակյարին հպատակվելու, նա սիրով ընդունում է նրան, մեծամեծ ընծաներով հարգում ու պատվում է և թողնում, որ նա իշխանություն անի իր աշխարհում»: Սուտ հեքիաթներ են: Դավիթ Բեկը լավ գիտեր, որ «այն երկիրը, որի ձեռքին սրի փոխարեն խաչն է, կկործանվի», իսկ նրա միտքը հաստատում ու շարունակում են սպարապետ Վահրամ Պահլավունու՝ դարեր առաջ ասված խոսքերը. «Խաղաղությունը պահում են խելքով, ուժով ու սրով, զի ով աղերսել է, խփել են, ով գլուխ է խոնարհել, կտրել են»: Ասվածի վառ ապացույցը Հալիձորի անկումից հետո կատարված դեպքերն են:

Բախտորոշիչներ, որ տերություններ են կոչվում
Պարսկաստանին չեմ դիտարկում՝ որպես այդ ժամանակի հզոր ուժ, քանի որ պետության մեծ մասի տերերն աֆղաններն էին՝ Միր Մահմուդ խանի գլխավորությամբ, իսկ հյուսիսային հատվածում հաստատված շահ Թահմազին հայտնի չէր՝ որքան ժամանակ նա կմնա գահին, կամ արդյո՞ք կմնա: Բացի նրանից, որ Հայաստանը Եվրոպայի ձեռքին խաղալիք էր, որպեսզի Թուրքիան տարածքային զիջումներ աներ, Թուրքիան առաջին հերթին տարածաշրջանում հավասարակշռություն պահպանող կայսրություն էր, որ պիտի զսպեր ռուսներին ու անկախ իրենից՝ դառնար Եվրոպայի կարևորագույն գործիքը, արևելքում նրա շահերի պաշտպանը: Ինչու կամ ինչպես չօգտվեր ձեռքերն առաջ մեկնելու, ազդեցություն սփռելու, իրեն ենթարկելու իրավունքից, եթե կար ոչ թե սաստող, այլ հրահրող արևմուտք:
Մի ամբողջ դար կապրեն, մինչև Արևելյան Հայաստանը կմիանա Ռուսաստանին, ռուս-թուրքական պատերազմների արդյունքում թուրքերը կպարտվեն, բայց նորից թիկունք կունենան՝ նորից այդ մութ պայմանագրերը, նորից Եվրոպան

Հ.Գ. Գիրքն ինձ շատ բան տվեց


Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий