30 июля 2013 г.

Ստեֆան Ցվայգ. «Անծանոթ կնոջ նամակը»

Երևանից դուրս անցկացրած մեկշաբաթյա հանգստի ընթացքում հասցրեցի կարդալ 20-րդ դարի ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելներից մի քանիսը՝ «Անծանոթ կնոջ նամակը», «Երկյուղը», «Անտեսանելի կոլեկցիա», «24 ժամ մի կնոջ կյանքից», «Լեպորելլա»: Տարբեր մարդիկ, ըստ իրենց ճաշակի, առավելությունը կտան այս կամ այն պատմվածքին, և շատ դեպքերում նրանց տեսակետերը չեն համընկնի: Կոնկրետ ես ամենից շատ հավանեցի «Անծանոթ կնոջ նամակը», որը կարդացի մի շնչով, և առաջին իսկ էջերը հուշեցին, որ սյուժեի մեջ ինչ-որ յուրօրինակ ու անկանխատեսելի բան եմ գտնելու:
Վիպագիր Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է մեծածավալ մի նամակ՝ վերնագրված «Քեզ՝ ինձ երբեք չճանաչողիդ»: Առաջին հայացքից տարօրինակ է՝ ինչպես կարող էր այդ կինը ճանաչել երիտասարդին, իսկ նա այդ կնոջը՝ ոչ: Նամակն ընթերցելու ընթացքում երիտասարդն իմանում է, որ այնուամենայնիվ նա տեսել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել նույն շենքում, ավելի ուշ՝ նրա հետ եռօրյա սիրավեպ ունեցել, որի արդյունքում ծնվել է իրենց որդին, այնուհետև նրանք հանդիպել են ևս մեկ անգամ ու բաժանվել ընդմիշտ: Թվում է՝ այսպիսի դրվագներ կան բազմաթիվ գրքերում, բայց սա եզակի դեպք է, որ տարբերվում է մյուսներից: Ինչո՞ւ: Երիտասարդը երբեք գլխի չի ընկել, որ 13 տարեկանից իրեն սիրող աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են միևնույն կինը:
Առաջին ենթադրությունը, որ միանշանակ է ու աներկաբայելի. երիտասարդը սրտակեր էր, ով բացի գրքեր գրելուց ու կարդալուց՝ սիրում էր նաև ճամփորդություններ, կյանքի հաճույքներ ու վայելքներ, ազատություն: Նովելի առանձնահատկությունն այն է, որ կինն այդ հանդիպումների ժամանակ փորձում է ակնարկներով հասկացնել իր ով լինելը, անընդհատ սպասում է, որ տղամարդը կճանաչի իրեն, բայց ամեն ինչ ապարդյուն է անցնում: Ֆրեյլեյնը մեկն էր այն հարյուրավոր կանանցից, ովքեր մի գիշերով կամ մի քանի օրով էին հայտնվում երիտասարդի բազմաբովանդակ կյանքում՝ որպես անցողիկ, րոպեական սիրո առարկա:

Եթե Ֆրեյլեյնը երիտասարդին ասեր իրենց որդու գոյության մասին, նովելը կնմանվեր արտասահմանյան հեռուստասերիալի ու կպատահեր այն, ինչից Ֆրեյլեյնը վախենում էր: Երիտասարդը չէր հավատա այդ պչրուհու ոչ մի խոսքին, կմտածեր, թե նրա ուսերին մի երեխայի հոգս դնելու և գումար կորզելու համար է հերթական այդ կինը հեքիաթներ հորինում: Ֆրեյլեյնի հույսը երիտասարդի հիշողության մեջ իր պատկերի ինքնուրույն վերականգնումն էր, որը երբեք տեղի չունեցավ:

Երբ վիպագիրը վերջացնում է նամակը, ամեն ինչ թվում է անհասկանալի ու մշուշոտ: Աչքի առաջ կենդանանում են ինչ-որ մանրուքներ, իրադարձություններ, բայց կնոջ դեմքը մտաբերել չի հաջողվում: Պարզ էր միայն այն, որ և´ այդ կինը, և´ իր որդին արդեն մահացել էին: Նորից՝ «ինչու» հարցը: Որովհետև ամեն տարի, իր ծննդյան օրը, այդ կինը սպիտակ վարդեր էր ուղարկում երիտասարդին, և առաջին անգամն էր, որ ծաղկամանը դատարկ էր:

Մտքեր Ցվայգի պատմվածքներից

«Անծանոթ կնոջ նամակը»
«Աշխարհում ոչ մի բան չի կարող համեմատվել երեխայի աննկատելի սիրո հետ, մի սեր, որ անհույս է, միշտ պատրաստակամ, այնքան հեղ ու նրբազգաց, որպիսին երբեք չի լինում հասակավոր կնոջ՝ ցանկություններով ու անգիտակից պահանջներով լի սերը»:

«Չեմ մեղադրում քեզ, սիրում եմ քեզ այնպես, ինչպես կաս՝ դյուրաբորբոք ու մոռացկոտ, հրապուրվող ու անհավատարիմ»:

«24 ժամ մի կնոջ կյանքից»
«Մի՞թե կարելի է բացատրել, թե ինչու լողալ չիմացող մարդը կամրջից իրեն ջուրն է նետում՝ խեղդվողին օգնելու: Պարզապես մի գաղտնի ուժ է առաջ մղում նրան, և նա ժամանակ չունի մտածելու, թե իր մտադրությունը որքան խելագար, որքան վտանգավոր է իր իսկ համար»:

«Ընկնողը, հուսահատ գոտեմարտի բռնվելով, հաճախ իր հետևից տանում է և իր փրկչին»:

«Ես սարսափով եմ մտածում, թե որքան թույլ, խղճուկ և տարտամ բան է այն բոլորը, որին մենք բարձրագորգոռ հոգի, ոգի, զգացմունք են անվանում, եթե նույնիսկ իրենց բարձրագույն լարման դեպքում նրանք անզոր են պատռելու, մաս-մաս անելու տանջված, հոշոտված մարմինը, եթե կարելի է կատարելապես առողջ վիճակում, տրոփել շարունակող սրտով ապրել այդպիսի րոպեները և չմեռնել, չընկնել՝ ինչպես ընկնում է կայծակից տապալված ծառը»:

«Ծերությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դադարել վախենալ անցյալից»:


Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.

Комментариев нет:

Отправить комментарий