9 августа 2013 г.

Ֆիլմոգրաֆիկ էքսկուրս. Մաս 2

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հնգյակը կազմելիս, հաշվի եմ առել, որ բոլոր ֆիլմերը նկարահանված լինեն 21-րդ դարում:

1. Ганнибал – легендарный полководец /Hannibal – Rome’s Worst Nightmare, 2006/
Հաննիբալ Բարկա՝ Հին աշխարհի հմուտ և փորձառու զորավար, ում անվան հոմանիշը «Հռոմի երդվյալ թշնամի» արտահայտությունն է: Հաննիբալն ուներ մեկ նպատակ՝ հիմնովին կործանել Հռոմը և վերականգնել Կարթագենի հզորությունը: Այդ ճանապարհին նրան սպասում էին Ալպյան լեռները, Կաննի ու Զամայի ճակատամարտերը և, իհարկե, կայսրության համառ դիմադրությունը: Ո՞րն էր կարթագենացու մեծագույն սխալը և ինչո՞ւ նա կամովին հրաժեշտ տվեց սեփական կյանքին: Ռեժիսորի գեղարվեստական մոտեցումը չի խանգարում ստանալ այս հարցերի պատասխանները:


2. Орел девятого легиона /The Eagle, 2011/
Մարկոս Ակվիլան, ժամանելով Բրիտանական կղզիներ, իմանում է, որ իր հորը մեղադրում են հռոմեական 9-րդ լեգեոնի խորհրդանիշը՝ արծվի նշանը կորցնելու մեջ: Նա որոշում է անցնել Ադրիանոսի պատը, որտեղից այն կողմ ապրում են բազմաթիվ բրիտանական ցեղեր՝ քոչվորներ ու վայրենիներ: Հենց նրանցից պետք է ազատել արծիվը, աննկատելիորեն փախչել և վերականգնել ընտանիքի պատիվը: Ընդհանրումներն անխուսափելի են: Դրամատիկ ֆիլմ է:

3. Чингисхан: Великий монгол /Genghis Khan: To The Ends Of Earth and Sea, 2007/
Ֆիլմը նկարագրում է միջինասիական ցեղապետ Թեմուչինի կյանքը՝ մանկությունից մինչև Չինգիզ խան դառնալը: Որոշ տեսարաններ ներկայացնում են Թեմուչինի պայքարը մոնղոլական տարբեր ցեղերի դեմ, բայց չկա անդրադարձ՝ Միջին Ասիա կատարած նրա արշավանքին: Մեծ ուշադրություն է դարձված նաև ներընտանեկան, ընկերական և միջանձնային հարաբերություններին: Իմ կարծիքով՝ գեղարվեստականը պատմականից շատ է, բայց գոնե հետաքրքիր է իմանալ, թե ում «պատվին» ապագա զորավարը ստացավ Թեմուչին անունը:

4. Облава /La Rafle, 2010/
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ: Երեք «հ» տառերի համադրում՝ Հիտլեր, հրեաներ, հոլոքոստ: Ֆրանսիական հրեաները պարտավոր էին իրենց հագուստի վրա դեղին աստղ կրել, որպեսզի ընդգծվեր նրանց ազգային պատկանելությունը, որն այնքան անհաճո էր Գերմանիայի համար: Ֆրանսիայում 1942թ տեղահանվեցին ու սպանվեցին հազարավոր հրեաներ, և այդ գործողությունների իրականացմանն անմասն չմնացին նաև ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմերիան:

5. Отель ‘’Руанда’’ /Hotel ‘’Rwanda’’, 2004/
1994 թվականն է: Ռուանդայի Կիգալի քաղաքում սրված են հարաբերությունները երկու ազգային փոքրամասնությունների՝ հուտուների ու թութսիների միջև, ինչն ի վերջո հանգեցնում է զինված բախումների: Եվրոպական երկրները ոչ միայն չեն պատրաստվում դադարեցնել արյունահեղությունը, այլև ավելի են ուժեղացնում հակամարտությունը և զենք վաճառում հուտուներին: Ահա թե որտեղ էր հասել եվրոպական «հումանիզմը» 20-րդ դարի վերջին:

Ֆիլմերը դասավորված են զուտ ժամանակագրական հաջորդականությամբ, բայց ինձ համար ցանկացած դեպքում Հաննիբալի մասին ֆիլմը կլիներ առաջին տեղում:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий