6 октября 2013 г.

Միջնադարյան ոգի, բազմոլորտ գիտելիքներ

Սխալվել էի՝ մտածելով, որ մայիսի 29-ից հետո Երևանից դուրս որևէ ճամփորդության չեմ մասնակցի: Հոկտեմբերի 6-ը վերջ դրեց այս կարճատև ընդմիջմանը՝ դառնալով ուսումնահայրենագիտական բացառիկ դրսևորումներ պարունակող օր:
Սաղմոսավանքը մեր առաջին կանգառն էր, այնտեղ քիչ մնացինք՝ ևս մեկ անգամ պարզելով, որ այդ եկեղեցում գտնվող չորս սյուները, որոնք արտաքինից միանման են, իրականում իրարից շատ են տարբերվում: Հովհաննավանքում համառոտ տեղեկություններ հաղորդեցինք այդ վանական համալիրի եկեղեցու և դպրոցի մասին, որոնք հիմնադրվել են համապատասխանաբար XIII և XVII դարերում:

Աղձք գյուղում, Վասակ սպարապետի վերաթաղած՝ Արշակունի թագավորների ոսկորները գտնելու փոխարեն, հանդիպեցինք այդ տոհմի գահակալների արձաններին, որոնք անտրտունջ հսկում էին արքայական դամբարանի կամարաձև մուտքը

Կոշ գյուղում սուրբ ուխտի տոն էր. մեծահասակ ու անչափահաս, գյուղացի ու վաճառական խառնվել էին դեպի բերդ տանող ճանապարհին՝ առևտուր անելու և միգուցե իրենց հոգևոր-մշակութային պահանջմունքները բավարարելու համար: Կոշի բերդը մոտ էր. այն հիմա կիսաքանդ վիճակում է, բայց գեղեցիկ՝ ինչպես դրա բարձունքից բացվող տեսարանը: Ավերակների մեջ առանձնանում էր լայն ու խորը փոսը՝ բերդի լավ պահպանված մասերից մեկը, որն ավելի պատկերավոր էր դարձնում այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում էինք՝ IV դար, Տիրան արքայի գահակալում, հայ-պարսկական ու ներքին հակամարտություններ: 

Շուտով ծավալվեց մեր զրույց-քննարկումը, որը նախատեսված էր անցկացնել սոցիալ-մշակութային մարդաբանություն առարկայի շրջանակներում՝ կրոնի (կրոնների) վերաբերյալ: Խմբում կային տարբեր հայացքներ ունեցող սովորողներ, իսկ քանի դեռ ինքս նոր եմ սկսում կրոնի մասին իմ գիտելիքները հարստացնելու և պատկերացումները ձևավորելու ճանապարհը, ավելի շատ լսում էի, քան խոսում: Այս թեման առհասարակ անսպառ է, հուսով եմ՝ նորից առիթ կունենանք դրան անդրադառնալու:
Հետդարձի ճանապարհին փոքրիկ ինտելեկտուալ խաղեր կազմակերպեցինք, որոնք ընթանում էին ուսուցիչների միջև և ուղեկցվում մասնակի ընդհարումներով (զուտ մրցակցության տեսանկյունից)):

Ճամփորդությունը չէր կարող լավը չլինել: Պատմությունը երբեք չի ձանձրացնում: Ինչքան շատ ես այն սովորում, այնքան մեծանում է նրա խորհրդավորությունը:  

Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.

Комментариев нет:

Отправить комментарий