25 октября 2013 г.

San Lazzaro

Վենետիկում հայկական գաղթօջախներ գոյություն էին ունեցել դեռ 12-րդ դարում, քանի որ Վենետիկի և Միջերկրականի ափին գտնվող Կիլիկիայի թագավորության միջև հաստատվել էին առևտրային կապեր, հայերն իրավունք ունեին բնակվել Վենետիկի ցանկացած մասում՝ այն դեպքում, երբ հույներն ու հրեաներն ապրում էին մեծամասամբ ծայրամասերում: Իտալիայում ապրող հայերի կյանքը նոր ժամանակաշրջան թևակոխեց 1717թ՝ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման պահից

Մխիթար Սեբաստացին այստեղ ոչ միայն մշակութային-կրոնական հաստատություն հիմնեց, այլև հիմք դրեց Եվրոպայում հայագիտության տարածմանը, նպաստեց մտավորական նոր կադրերի պատրաստմանը, տպագրական արվեստի զարգացմանը, որի շրջանակներում լույս տեսան օտարազգի բազմաթիվ հեղինակների բնագրային աշխատություններ (Արիստոտել, Պլատոն, Պլուտարքոս, Սենեկա, Հոմերոս, Վերգիլիոս, Դանթե և այլն):
Հայաստանն այդ տարիներին բաժանված էր Թուրքիայի ու Պարսկաստանի միջև, չուներ անկախ պետականություն և հետևաբար՝ չկային նպաստավոր պայմաններ գիտակրթական, մշակութային գործունեություն իրականացնելու համար: Այդ էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին դարձավ կաթոլիկ եկեղեցու հետևորդ, և միաբանությունը հայտնվեց Հռոմի պապի հովանավորության ներքո: Միաբանության նպատակներն էին հայերի մշակութային մակարդակի բարձրացումը, հին հայկական ձեռագրերի վերականգնումն ու պահպանումը, ազգային ինքնագիտակցության խորացումը:

Նապոլեոնի արշավանքների ընթացքում, երբ ամենուր փակվում էին մենաստաններն ու վանքերը, մխիթարյանների կենտրոնը շարունակեց իր գործունեությունը: 1810թ Նապոլեոնի հրամանով միաբանությանը շնորհվեց ակադեմիայի կոչում, իսկ վանականներին՝ ակադեմիկոսի: Վարդապետերն այստեղ հոգևոր-կրոնական կյանք վարելուց բացի՝ զբաղվում էին նաև գիտության, մշակույթի և լեզվի ուսումնասիրությամբ:

Միաբանության ոչ մեծ սրահներից մեկը նվիրված է լորդ Ջորջ Բայրոնին, ով այստեղ այցելեց 1816թ վերջին և իմացավ կղզում գոյություն ունեցող միաբանություն մասին: Անգլիացի բանաստեղծը 6 ամիս սովորեց գրաբարյան հայերենը, թարգմանություններ կատարեց հայերենից անգլերեն և հակառակը: Նա նաև վանականներից մեկի օգնությամբ հրատարակեց անգլերենով հայերենի քերականության գիրք և անգլերեն-հայերեն բառարան:

Ներկայումս կղզում էքսկուրսիաներն անցկացվում են չորս լեզվով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, թանգարանում պահվում են տարբեր քաղաքակրթություններին պատկանող նմուշներ (եգիպտական, ուրարտական, հռոմեական, բյուզանդական, չինական, էտրուսկյան), ինչպես նաև հատուկ փաստաթղթեր, ինչպես օրինակ՝ Պետրոս I-ի հրամանը, որով հայերին թույլատրում էր առևտրով զբաղվել ռուսական կայսրության ողջ տարածքում: Այսօր Մխիթարյանների միաբանությունը ոչ միայն մշակութային, հոգևոր ու լուսավորչական գործունեություն է ծավալում, այլ նաև աշխարհին ներկայացնում է Հայաստանն ու նրա դարավոր, հարուստ մշակույթը, ինչը շատ կարևոր է փոքր ու աննշան մի երկրի համար:

Комментариев нет:

Отправить комментарий