Ասում են՝ կյանքը առավել հետաքրքիր է, երբ հաճախակի անում
ես ինչ-որ բաներ առաջին անգամ: Սա երկրորդ այցելությունս էր Շիրակ, իսկ մարզկենտրոն
Գյումրի՝ առաջինը: Բազմաշերտ ու յուրօրինակ կազմով էինք ճամփորդում՝ տարբեր տարիքի
և հետաքրքրությունների երիտասարդներով, որոնց մեծագույն մասը գիտակների ակումբից էին:
Գարնանային արևոտ օրը, մարդկանց ու շրջապատի ներդաշնակությունը դրական պահեր էին խոստանում:
Դեռ նոր մտած Գյումրի՝ կարծես լքվածություն նկատվեց՝ փողոցներում քաղաքացիների, շարժի
ու ակտիվության պակաս: Դա միգուցե ծայրամասային տպավորությունն էր: Շուտով ընդգծվեցին
քաղաքի մշակութային առանձնահատկությունները՝ եկեղեցիներ (Սբ Հակոբ, Սբ Յոթ Վերք), հրապարակներ,
բերդեր (Սև ղուլ): Շատ էին նաև տարբեր դարաշրջանների հայ գործիչների կիսանդրիներով
ու քանդակներով արձանախմբերը: Միայն թե զարմանալի ու ցավալի էր Մայր Հայաստան հուշարձանի
վրա վանդալիզմ հիշեցնող «նախշազարդեր» տեսնելը: Վարպետաց փողոց. այստեղ են գտնվում
միանգամից երեք ճանաչված գյումրեցիների՝ բանաստեղծներ Հ. Շիրազի, Ա. Իսահակյանի և դերասան
Մ. Մկրտչյանի թանգարանները, որտեղ էքսկուրսավարների պատմածները՝ մերթ պաշտոնական, մերթ
հումորային երանգներով, հարկադրեցին նորովի ընկալել այդ ականավոր դեմքերի գրական, դերասանական
ու կենցաղային կերպարները: Շիրակի Հացիկ գյուղում՝ ակումբի անդամներից մեկի ծննդավայրում
անցան մարտյան այդ օրվա հաջորդ ժամերը. հին ու նոր ժամանակների Գյումրի. ինչքան շատ
բան է փոխվել տարիներ առաջ այդտեղ ապրած մարդու համար:
Հետդարձի ճանապարհն է: Թեյա-, սրճախմություն, աստղալից երկինք,
կենդանի երգեր, պոեզիա, աղմուկ: Տուժել են սոսկ ձայնալարերը: Երբևէ ոչ մի ճամփորդություն
այսքան երկար չէր տևել:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий