21 июля 2012 г.

Մահվան մյուս կողմը

Գ.Գ. Մարկես 
Հայտնի չէ, թե ինչու նա հանկարծ արթնացավ. կարծես` hրումից: Հարևան սենյակից մանուշակի ու ֆորմալդեգիդի սուր հոտ էր գալիս` խառնվելով հենց նոր բացված ծաղիկների բուրմունքին, որն արձակում էր վաղորդյան պարտեզը: Նա հանգստանալու և հոգու արիություն ձեռք բերելու փորձ արեց, որից քունը զրկել էր նրան: Հավանաբար, արդեն վաղ առավոտ էր, որովհետև լսվում էր, թե ինչպես են ջրում բանջարանոցի թմբերը, իսկ բաց պատուհանին էր նայում կապույտ երկինքը: Ուշադիր դիտեց կիսամութ սենյակը` փորձելով ինչ-որ կերպ բացատրել այդ հանկարծակի, տագնապալի արթնացումը:
Զգացողություն, ֆիզիկական համոզվածություն ուներ, որ ինչ-որ մեկը իր քնած ժամանակ սենյակ է մտել: Սակայն նա մենակ էր, և ներսից կողպված դուռը կոտրված չէր: Պատուհանի միջով թափանցում էին արևի ճառագայթները: Որոշ ժամանակ անշարժ պառկած էր` ջանալով մեղմացնել նյարդային լարվածությունը, որը նրան վերադարձնում էր քնած ժամանակի ապրումները, և փակելով աչքերը, պառկելով մեջքի վրա, փորձում էր վերականգնել հանգիստ մտորումների ընդհատված թելը: Արյան հոսքը ուժեղ հրումներով արձագանքվում էր կոկորդում, հետո` կրծքավանդակում, հուսահատաբար ու ուժգնությամբ բաբախում էր սիրտը, չափելով և չափելով ընդհատուն ու կարճ հարվածները` ինչպես հոգնատանջ վազքից հետո: Նա վերստին մտովի վերապրեց անցած մի քանի րոպեները: Հավանորեն, մղձավանջ էր: Դե ոչ, արտասովոր ոչինչ չի եղել, այսպիսի վիճակի համար ոչ մի առիթ:
Նրանք գնացքով գնում էին (այժմ դա վերհիշում եմ) ինչ-որ տեղով, (ես դա հաճախ երազումս եմ տեսնում) անկենդան բնության, արհեստական, ոչ իրական ծառերի միջով, որոնցից պտուղների փոխարեն կախկխված էին ածելու շեղբեր, մկրատներ և վարսավիրական պատկանելության այլ սրածայր առարկաներ (ես հիշում եմ` ինձ հարկավոր էր սանրվել): Նա հաճախ էր տեսնում այդ երազը, բայց երբեք այդպես անակնկալ չէր արթնացել, ինչպես այսօր: Ծառերից մեկի հետևում կանգնած էր իր երկվորյակ եղբայրը` նա, ում վերջերս էին թաղել, և նշաններով նրան ցույց էր տալիս, որ կանգնեցնի գնացքը (մի անգամ այդպես եղել էր իրական կյանքում): Համոզվելով իր ժեստերի անօգտակարության մեջ, եղբայրը վազեց գնացքի հետևից ու վազեց այնքան ժամանակ, մինչև՝ շնչահեղձ եղած փրփրակալած բերանով ընկավ: Իհարկե, դա անհեթեթ, անիրական պատկեր էր, դրանում ոչինչ չկար, որ կարողանար այդպիսի հուզմունք առաջացնել:
Նորից ծածկեց աչքերը. նրա երակներում մշտապես բախում էր արյունը, և դրա զարկերը դառնում էին ավելի դաժան` ինչպես բռունցքի հարվածները: Գնացքը ընթանում էր ձանձրալի, թախծոտ, անբերրի բնատեսարանի միջով, և ձախ ոտքում ձգացվող ցավը նրա ուշադրությունը շեղում էր բնանկարից: Նա զննեց ոտքը ու մեջտեղի մատի վրա ուռածություն տեսավ. պետք չէ նեղ կոշիկներ կրել: Ամենաբնական եղանակով, կարծես ամբողջ կյանքում միայն դա էր արել, նա գրպանից պտուտակահան հանեց և հետ պտուտակեց չիբանի գլխիկը: Հետո խնամքով պտուտակահանը դրեց կապույտ զարդատուփի մեջ (չէ՞ որ երազը գունավոր էր, այնպես չէ՞), տեսավ, որ ուռուցքից դուրս է ցցվել կեղտոտ, դեղնավուն պարանի ծայրը: Չարտահայտելով զարմանքի ոչ մի նշույլ, ասես այդ պարանի մեջ տարօրինակ ոչինչ չկար, նա զգուշորեն և ճարպկորեն քաշեց դրա ծայրից: Դա երկար, շատ երկար լար էր, որը ձգվում ու ձգվում էր` չպատճառելով ոչ անհարմարություն, ոչ ցավ: Մի քանի վայրկյանից նա բարձրացրեց հայացքը ու տեսավ, որ վագոնում ոչ ոք չկա, միայն ճամփորդախցիկներից մեկում գնում է իր եղբայրը` կանացի հագնված, և հայելու դիմաց կանգնած փորձում է մկրատով հանել իր ձախ աչքը: Իհարկե, այս երազը տհաճ էր, բայց չէր կարողանում բացատրել, թե ինչու ճնշումը բարձրացավ, ախր անցյալ գիշերներին, երբ ինքը ծանրագույն մղձավանջներ էր տեսնում, նրան հաջողվում էր հանգստություն պահպանել:
Զգաց, որ ձեռքերը սառն են: Մանուշակների և ֆորմալդեգիդի հոտն ուժեղացավ ու արդեն տհաճ էր, գրեթե անտանելի: Փակելով աչքերը և փորձելով հավասարեցնել շնչառությունը՝ ջանաց որևէ սովորական բանի մասին մտածել, որպեսզի կրկին մի քանի րոպե առաջ ընդհատված քնի մեջ մտնի: Կարելի է, օրինակ, մտածել, որ մի քանի ժամից հարկավոր է գնալ թաղման գրասենյակ` հաշիվները վճարելու: Անկյունում երգեց անլռելի ծղրիդը և սենյակը լցրեց չոր, ընդհատուն ճռճռոցով: Նյարդային լարվածությունը սկսեց քիչ-քիչ, բայց զգալիորեն նվազել, և զգաց, թե ինչպես ճնշումն իջավ, մկանները թուլացան. հենվեց փափուկ բարձին, նրա մարմինը` թեթև ու թույլ, բարենվեր խոնջություն էր փորձարկում և կորցնում իր նյութեղենության, երկրային էության զգացումը, ունեցած կշիռը, որը կարգում ու սահմանում էր նրան իրեն հատուկ կենդանական տեսակների սանդղակում, որն իր բարդ ճարտարապետության մեջ ներառում էր բոլոր համակարգերի և երկրաչափական մարմինների գումարը, բանական կենդանիների հիերարխիայում նրան բարձրացնում էր գերագույն աստիճանին: Դարերը հնազանդորեն ցած էին իջել ծիածանաթաղանթի վրա այնպես բնական, ինչպես միավորվում են անդամները` կազմելով ձեռքերն ու ոտքերը, որոնք աստիճանաբար կորցնում էին գործողությունների ազատությունը. ասես ամբողջ օրգանիզմը վերածվել էր միասնական, մեծ, առանձին օրգանի և նա` մարդը, դադարել է մահկանացու լինելուց ու ձեռք բերել ուրիշ ճակատագիր` ավելի խորը և հաստատուն. մշտական քուն` անխորտակ ու վերջնական: Լսում էր, թե ինչպես է դրսում, աշխարհի մեկ ուրիշ ծայրում, ծղրիդի ճռճռոցը հետզհետե մեղմանում, մինչև վերջնականապես լռում է. ինչպես ժամանակն ու բաժանումն են մտնում իր գոյության մեջ` սնուցելով նոր ու հասարակ հասկացություններ, գիտակցությունից ջնջելով իրեղեն սուտը` ֆիզիկական և տանջալից, լի միջատներով և մանուշակների ու ֆորմալդեգիդի սուր հոտով: Հանդարտորեն, ամենօրյա հանգստի ջերմությամբ փայփայված, նա զգաց` ինչ թեթև է իր հորինած ցերեկվա մահը: Նա բերկրալի ճամփորդությունների աշխարհ ընկղմվեց` ցնորական, կատարյալ աշխարհ, որը կարծես երեխայի ձեռքով նկարված լիներ` առանց հանրահաշվական հավասարեցումների, սիրային հրաժեշտների ու ձգողության ուժի: Նա չկարողացավ ասել, թե որքան ժամանակ անցկացրեց այդպես` քնի ու իրականության երերուն սահմանի վրա, բայց հիշեց, որ սուր շարժումով՝ ասես դանակով, շերտահարում էին նրա կոկորդը, անկողնու վրայից վեր ցատկեց և զգաց, որ իր մահացած երկվորյակ եղբայրը նստած է մահճակալի ներքևի մասում: Ինչպես նախկինում` սիրտը բռունցքի մեջ սեղմվեց ու կոկորդին հարվածեց այնպիսի ուժգնությամբ, որ նա վեր թռավ:
Ծնունդ առնող լույսը, ծղրիդը, որ խանգարում էր լռությունը իր խափանված երգեհոնիկով, զովաշունչ քամին, որ ծաղիկների աշխարհից թռչում էր պարտեզ, նրան իրական կյանք էին վերադարձնում: Բայց այս անգամ հասկացավ, թե ինչից ցնցվեց: Անքննության կարճատև րոպեներին և (հիմա ես դրանում ինձ հաշիվ կտամ) ամբողջ գիշերվա ընթացքում, երբ նա մտածում էր, որ անիմաստ, հանգիստ, խաղաղ երազ է տեսնում, նրա գիտակցությանը զբաղեցնում էր միայն մի մշտական, անփոփոխ կերպարանք, որը ամեն բանից մեկուսացած էր գոյատևում` նրա կամքի հետ ամրապնդվելով ուղեղի մեջ ու անտեսելով իր գիտացության դիմադրությունը: Այո: Ինչ-որ միտք, այնպես, որ նա գրեթե այն չնկատեց, տիրապետում էր դրանց, զբաղեցնում, համակում էր նրա ողջ գոյությունը. կարծես մի վարագույր էր հայտնվել, որ մյուս բոլոր մտքերի համար քարացած տեսարան էր բացում: Մի ամբողջ ժամանակ դա կազմում էր նրա մտավոր դժբախտ դրության գլխավոր մասն ու հենարանը: Զույգ եղբոր մահացած մարմնի միտքը մեխով խրվել էր ուղեղում ու դարձել կյանքի կենտրոնական հատվածը: Եվ հիմա, երբ նրան թողել են այնտեղ` հողի մանրիկ կտորի վրա, ու դարերը ցնցում են նրան անձրևի կաթիլներից, նա ինքն իրենից վախեցավ: Երբեք չէր մտածել, որ հարվածն արդքան ուժեղ կլինի: Բաց պատուհանով նորից անուշահոտություն թափանցեց` հագեցած արդեն խոնավ հողի, թաղված ոսկորների հոտով: Նրա հոտառությունը գերզգայունացավ, և նրան զարհուրելի անասնական ուրախություն համակեց: Արդեն շատ ժամեր են անցել այն պահից, երբ նա տեսավ, որ սա վիրավորված շան նման սավանների տակ ջղաձգվում ու տնքում է և այդ առաջադրված վերջին ճիչը լցնում է իր ցամաքած կոկորդը. ինչպես փորձում է եղունգներով պատառոտել ցավը, որը մոլեգնում է իր մեջքով` հավաքվելով ուռուցքի միջուկի մեջ: Չէր կարողանում մոռանալ, թե ինչպես էր այն զարկվում, ասես ճշմարտության դեմ ըմբոստացած, հոգեվարքի մեջ գտնվող կենդանի լիներ, որն իր առջև էր, որի իշխանության տակ գտնվում էր իր մարմինը` անհաղթահարելի համառությամբ, վերջնական, ինչպես ինքը մահը: Տեսավ իրեն սոսկալի օրհասի վերջին րոպեներին: Երբ ջարդոտեց եղունգները` քայքայելով կյանքի վերջին մանրահատիկը, որ տարածվում էր մատների միջև ու շառագունվում իր արյունով, իսկ այդ ժամանակ փտախտը լափում էր իր մարմինը` ինչպես անկշտում-անողորմ կինը: Հետո տեսավ, թե ինչպես նա, քրտինքով ծածկված և խաղաղվելով,  հենվեց ճմռթված անկողնուն, անգամ չհասցնելով հոգնել, ու նրա փրփրակալած շրթունքները սահռմկելի ժպիտի ձև ստացան, և մահը մոխրի հեղեղի նման սկսեց հոսել մարմնով: Այդպես եղավ, երբ ես նրան տանջող փորի ուռուցքի մասին հիշեցի: Ես ինձ պատկերացրի ներսից այտուցվելով (հիմա նա իսկ և իսկ նույն զգացողությունն ուներ)` ասես փոքրիկ, անսպառ արև, ասես մի դեղին միջատ, որը երկարում է իր վնասաբեր թելը ներքին տարածության ամենախորքերը: (Նա զգաց, որ իր օրգանիզմում ամեն ինչ խանգարվեց, արդեն փիլիսոփայական հասկացության անխուսափելիության անհրաժեշտությունից):
Հնարավոր է, որ ինձ մոտ էլ լինի այնպիսի ուռուցք, ինչպիսին նրա մոտ էր: Սկզբում դա փոքրիկ ուռչում կլինի, որը կաճի` իմ ներսում պտղի նման ճյուղավորվելով, մեծանալով: Հավանաբար, ես կզգամ, երբ ուռուցքը կսկսի շարժվել, երեխա-գիշերաշրջիկի մոլեգնությամբ տեղափոխվել իմ ներսում` կույրի նման անցնելով իմ ներքին տարածություններով: Նա ձեռքերը սեղմել էր փորին, որպեսզի հանգստացնի սուր ցավը, հետո տագնապով ձգեց դրանք մթության մեջ` փնտրելով արգանդը` հյուրընկալ, ջերմ ապաստանը, որը նրան վիճակված է գտնել: Եվ այդ արտասովոր էակի հարյուրավոր թաթիկները, խառնվելով, կդառնան երկար, դեղնավուն պորտալար: Այո: Գուցե իմ ստամոքսում, ինչպես եղբորս (ով վերջերս մահացավ), ուռուցք լինի:
Այգուց եկող հոտն ուժեղացավ, դարձավ շատ տհաճ` վերածվելով սրտխառնիչ գարշահոտության: Ժամանակը, կարծես, լուսաբացի շեմին սառչել էր: Պատուհանից առավոտի ճառագայթումը կտրված կաթի էր նմանվում, ու թվում էր, թե հենց այդ պատճառով հարևան սենյակում, որտեղ անցյալ ամբողջ գիշեր ջերմություն էր իշխում, այդպես տարածվել էր ֆորմալդեգիդը: Դա, անշուշտ, այգուց փչող հոտը չէր: Դա տագնապալի, առանձնահատուկ հոտ էր` ծաղիկների բույրին չնմանվող: Դիակահոտ էր թվում: Հոտ` զարզանդիչ ու չհեռացող. ֆորմալդեգիդի այդպիսի հոտ փչում էր հերձարանում: Նա հիշեց աշխատանոցը: Սպիրտած ներքին տարածություններ, թռչունների խրտվիլակներ: Ֆորմալինով կերակրվող ճագարի միսը կոշտանում է, ջրազրկվում, կորցնում ճկունությունը, և նա վերածվում է անմահ, հավերժական ճագարի: Ֆորմալդեգիդային: Որտեղի՞ց է այս հոտը: Քայքայումը կասեցնելու միակ միջոցը: Եթե մարդու արյունադարձ երակները լցնել ֆորմալինով, մենք կդառնանք սպիրտած կենսաբանական կերպարանքներ: Նա լսում էր, թե ինչպես է դրսում ուժեղանում անձրևը ու մուրճի նման թխկթխկացնում կիասաբաց պատուհանի ապակուն: Առույգացնող ու վերակենդանացած թարմ օդը ներխուժեց սենյակ` իր հետ բերելով խոնավ զովություն: Նրա ձեռքերը բոլորովին սառչեցին` բերելով այն միտքը, որ զարկերակներով ֆորմալին է հոսում. կարծես ներքին բակի ցուրտը թափանցել էր մինչև ոսկորները: Խոնավություն: Այնտեղ սաստիկ խոնավ է: Նա դառնությամբ մտածեց ձմեռային գիշերների մասին, երբ անձրևը կթափվի խոտերի վրա, և խոնավությունը կխցկվի իր եղբոր կողքին, ու ջուրը արյան հոսքի նման շրջապտույտ կգործի իր մարմնի մեջ: Նա մտածեց, որ մեռյալների մոտ պետք է արյան շրջանառության մեկ ուրիշ համակարգ լինի, որն արագորեն ուղղորդում է նրանց մահվան մյուս սանդղախորշը` վերջինը և անդառնալին: Այդ պահին նա ցանկանում էր, որ անձրևը կտրվի, ու ամառը դառնա միակը` դուրս մղելով տարվա մնացած եղանակներին: Եվ որովհետև այդ մասին էր մտածում, հաստատակամ ու խոնավ աղմուկը պատուհանից ծաղրում էր նրան: Նա ցանկանում էր, որ գերեզմանների վրայի կավը միշտ չոր լիներ, քանի որ միտքը նրան անհանգստացնում էր. այնտեղ` հողի տակ, երկու շաբաթ է պառկած է մի մարդ` արդեն իրեն բոլորովին չնմանվող (խոնավությունը սողոսկել էր նրա ոսկրածուծի մեջ): Այո: Նրանք երկվորյակներ էին` ջրի երկու կաթիլի պես նման, երկվորյակներ, որոնց առաջին հայացքից ոչ ոք տարբերել չէր կարող: Նախկինում, երբ երկվորյակ-եղբայրներ էին և յուրաքանչյուրն ապրում էր իր կյանքով, նրանք պարզապես երկվորյակ-եղբայրներ էին, որոնք ապրում էին երկու առանձին մարդու նման: Հոգևոր իմաստով` նրանք ընդհանուր ոչինչ չունեին: Բայց այժմ, երբ անգութ, սարսափելի իրականությունը, անողնաշարավոր կենդանու նման, սառնությամբ սկսեց սահել իր մեջքով, միասնական ամբողջության մեջ ինչ-որ բան խախտվեց, դատարկության նմանվող ինչ-որ բան հայտնվեց, ասես նրա մարմնում խորը, անդունդի նման վերք էր բացվել կամ կացնի կտրուկ հարվածով զատել էին իրանի կեսը: Ոչ այդ կոնկրետ անատոմիական կառուցվածքով և կատարյալ երկրաչափական ուրվանկարներով մարմնից, ոչ ֆիզիկական մարմնից, որն այժմ վախ էր զգում. մեկ ուրիշ, որը նրանից հեռու էր, որի հետ միասին նրան բարձել էին մայրական արգանդի ջրալի խավարի մեջ և որը հին, տոհմաբանական ծառի ճյուղերով բարձրանալով լույս աշխարհ էր եկել, որի հետ եղել էր իրենց նախապապերի չորս զույգերի արյան մեջ: Նրա մոտ այնտեղից էր գնում, աշխարհի արարումից, իր ծանրությամբ, խորհրդավոր ներկայությամբ պահելով ողջ տիեզերական ներդաշնակությունը: Հավանաբար, նրա երակներով Իսահակի կամ Ռավեքքիի արյունն է հոսում, միգուցե նա կարող էր մեկ ուրիշ եղբայր լինել, ով նրա կրունկներից կառչելով էր ծնվել և ով սերունդների գերեզմանների միջոցով այս աշխարհ եկավ` գիշերից գիշեր, համբույրից համբույր, սիրուց սեր, ճամփորդելով կիսախավարի մեջ` զարկերակներով ու երկվորիքներով, մինչև հասավ իր հարազատ մոր արգանդին:
Այժմ, երբ հավասարակշռությունը խախտված է ու հավասարեցումը` վերջնականապես որոշված, խորհրդավոր ծննդաբանական երթուղին նրան իրական ու տանջող թվաց: Նա գիտեր, որ իր անհատականության ներդաշնակության, ինչպես սովորական, աչքին տեսանելի ամբողջականության մեջ, ինչ-որ բան պակասում է. «Դուրս եկավ քրտնած Յակովը` Իսավի կրունկից բռնված». նրա եղբայրը հիվանդ էր, նա այդպիսի զգացողություն չուներ, քանի որ փոխված, տենդից ու ցավից աղճատված, աճած մորուքով դեմքը, բոլորովին նման չէր իր սեփականին: Անմիջապես, հենց վերջնական մահից հաղթված եղբայրը ձգվեց ու ձայնը կտրեց, նա սափրիչին կանչեց` «մարմինը կարգի բերելու»: Նա ինքը այնտեղ էր` պատի մեջ խրված կանգնած, սպիտակ հագուստով ու բերել էր աշխատանքի համար շողշողացող գործիքներ: Ճկուն շարժումով վարպետը ննջեցյալի մորուքը փրփուրով ծածկեց. բերանը նույնպես փրփլակալած էր: Այդպիսին ես տեսա եղբորս մահվանից առաջ: Դանդաղորեն, ասես փորձելով ինչ-որ սոսկալի գաղտնիք բացել, վարսավիրը սկսեց սափրել նրան: Այդպես եկավ այդ սահմռկեցուցիչ միտքը, որը ստիպեց նրան ցնցվել: Որքան ածելու սայրերը ավելի էին նշմարում երկվորյակ եղբոր գունատ, սոսկումից աղավաղված դիմագծերը, նա ավելի շատ էր զգում, որ այդ մահացած մարմինը նրան օտար չէ, այլ  իր հետ միասնական,  հողային օրգանիզմ կազմող ինչ-որ բան, և այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իր սեփական կրկնությունն է:  Նա տարօրինակ զգացողություն ուներ, որ ծնողները հայելու միջից դուրս էին հանել իր պատկերը, որը նա տեսնում էր սափրվելու ժամանակ: Այդժամ նրան թվում էր, որ իր յուրաքանչյուր շարժումը կրկնող այդ կերպարը իրենից անկախ էր դարձել: Նա իր արտացոլումը շատ անգամ սափրվելիս էր տեսնում` ամեն առավոտ: Հիմա նա մասնակից էր մի դրամատիկ իրադարձության, երբ մեկ ուրիշ մարդ հայելու մեջ սափրում է իր արտացոլումը` հաշվի չառնելով իր սեփական ֆիզիկական ներկայությունը: Նա վստահ էր, համոզված, որ եթե մոտենա հայելուն, այնտեղ ոչինչ չի տեսնի, թեպետ ֆիզիկայի կանոններն էլ չեն կարողանա բացատրել այդ երևույթը: Դա գիտակցության երկատում էր: Նրա կրկնորդը ննջեցյալն էր:
Լիակատար հուսահատության մեջ, փորձելով ինքնատիրապետում ձեռք բերել, նա սառցակալած վտակի նման մատներով շոշափեց ամուր պատը: Սափրիչը ավարտեց աշխատանքն ու մկրատի ծայրերով ծածկեց հանգուցյալի աչքերը: Խավարը դողդողում էր նրա ներսում` նյութեղեն աշխարհից հեռացած անուղղելի մենության մեջ: Հիմա նրանք միատեսակ էին:
Իրարից չտարբերվող եղբայրներ, որոնք անդադրում մեկմեկու կրկնակում են: Եվ այդժամ նա հանգեց հետևյալ եզրակացության. եթե այս երկու բնական էակները այդպես սերտորեն կապված են իրար, ապա ինչ-որ անսովոր ու անսպասելի բան պետք է պատահի: Նա ենթադրում էր, որ տարածության մեջ երկու մարմինների բաժանումը երևութականությունից առավել չէ, համենայն դեպս, նրանք միասնական, ընդհանուր բնություն ունեն: Այնպես որ` երբ մեռյալը սկսի քայքայվել, կենդանին նույնպես կսկսի ներսից փտել: Նա լսեց, թե ինչպես անձրևը նոր ուժով բախվեց ապակուն, և ծղրիդը սկսեց կսմթել իր լարը: Նրա ձեռքերը, երկարատև անկենդանության ցրտից կաշկանդված, կատարելապես սառցակալեցին: Ֆորմալդեգիդի սուր հոտը ստիպեց մտածել, որ փտումը, որին ենթարկվել էր իր եղբայրը, ուղերձի նման սառած հողափոսից ներխուժում է: Անհեթեթաբար: Հավանորեն, ամեն ինչ գլխիվայր էր շուռ եկել. նա պետք է ազդեցություն գործի, ով շարունակում է ապրել` իր էներգիայով, կենդանի բջիջներով: Եվ այդժամ (եթե այդպես է), իր եղբայրը կմնա այնպիսին, ինչպիսին նա կա, և կյանքի ու մահվան միջև եղած հավասարակշռությունը նրան կպաշտպանի կազմալուծումից: Բայց ո՞վ նրան դրանում կհավատացնի:
Մի՞թե անհնար է և այն, որ թաղված եղբայրը անձեռնմխելիորեն պահպանվի, իսկ փտումը իր կապտավուն շոշափուկներով լցնի ողջ մնացածին: Նա մտածեց, որ վերջին ենթադրությունն ավելի հավանական է, և հաշտվելով` սկսեց սպասել իր մահվան ժամին: Նրա մարմինը փափկեց, սկսեց այտուցվել, ու նրան թվաց` ինչ-որ երկնագույն հեղուկ ամբողջությամբ ծածկեց իր մարմինը: Մեկը մյուսի հետևից նա զգաց իր մարմնի բոլոր հոտերը, սակայն միայն հարևան սենյակից ֆորմալդեգիդի հոտն էր ծանոթ, անկրակ դող առաջացնում: Հետո նրան արդեն ոչինչ չէր հուզում: Անկյունում ծղրիդը սկսեց երգել, մի մեծ, կլորավուն կաթիլ ուղիղ սենյակի մեջտեղում կախվել էր վճիտ երկնքից: Նա լսում էր. ահա նա ընկավ, (ու չզարմացավ, որովհետև գիտեր) հին, փայտե տանիքը ծակվեց, բայց նա պատկերացնում էր այդ կաթիլը` պաղ, անծայրածավալ, ինչպես ամպերը, ջուրը` բարի ու քնքուշ, որը երկնքից էր իջել` լավագույն կյանքից, որտեղ չկան սիրո, մարսողության, կամ երկվորյակների կյանքի նման անմիտ բաներ: Միգուցե, մեկ ժամ կամ հազար տարի անց այդ կաթիլը կլցնի ողջ սենյակը և կլուծի այդ եղծանելի շինվածքը, այդ անպիտան սուբստանցիան, որը, հավանաբար, (ինչու՞ ոչ) մի քանի ակնթարթից կվերածվի սպիտակուցային ու շարավային, մածուցիկ խառնախյուսի: Հիմա արդեն միևնույն է: Նրա և եղբոր գերեզմանի միջև միայն իր սեփական մահն է: Համակերպվելով` նա լսեց, թե ինչպես մեծ, կլորավուն, ծանր կաթիլն ընկավ. դա պատահեց մեկ ուրիշ` անիմաստությունների ու մոլորությունների, բանական էակների աշխարհում:

Комментариев нет:

Отправить комментарий