1 сентября 2015 г.

Նախկին Հարավսլավիա, ժամանակակից պետություններ (փաստեր)

Հարավսլավիան պետություն էր Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Միության փլուզումից հետո առաջացան անկախ 6 երկրներ՝ Խորվաթիա, Սլովենիա, Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Չեռնոգորիա: 
Խորվաթիան համարվում է փողկապների հայրենիքը: Այն տարածեցին խորվաթ զինվորները, իսկ ֆրանսիացիները, հավանելով այդ աքսեսուարը, անվանեցին à la Croate` խորվաթական ձևով: Հետագայում արտահայտությունը ֆրանսերեն cravate (փողկապ) բառի հիմքը դարձավ:

Շան դալմատին տեսակը մեզ հասել է Խորվաթիայից, ավելի կոնկրետ՝ Դալմաթիա շրջանից, որից էլ կենդանին ստացել է իր անվանումը: 

Նախկին Հարավսլավիայի ամենաբարձր գագաթը, որը նաև Սլովենիայի ազգային սիմվոլն է, Տրիգլավ լեռն է: Այն պատկերված է երկրի դրոշի և զինանշանի վրա: Ըստ լեգենդի՝ այս լեռան ստորոտին է բնակվել Զլատորոգ քարայծը: Ներկայումս Սլովենիայում արտադրվում է Զլատորոգ գարեջուրը:

Հունաստանի պահանջով Մակեդոնիայի լրիվ անվանումը Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն է: Հույները դա բացատրում են այսպես. Հունաստանի կազմում կա Մակեդոնիա շրջան, և որպեսզի չստացվի, թե հարևան երկիրը հավակնում է իր պատմական տարածքին, անհրաժեշտ է ընդգծել, որ դա Հարավսլավիայի կազմից դուրս եկած առանձին պետություն է:

Բոսնիա և Հերցեգովինան առաջացել է Բոսնա գետի անվանումից և «հերցոգ» տիտղոսից, որ կրում էր ազնվական Ստեֆան Կոսաչան:

Հոլոքոստից հետո ամենաարյունալի ռազմական գործողությունը շուրջ 8000 մուսուլման բոսնիացիների կոտորածն էր Բոսնիա և Հերցեգովինայում 1995թ: Սերբ գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ իրականացված այս հանցագործությունը հայտնի է որպես Սրեբրենիցայի ցեղասպանություն, որի հիշատակման օրը հուլիսի 11-ն է:

Չեռնոգորիայում Տարա գետի կիրճը ամենից խորն է Եվրոպայում: Ողջ աշխարհում այն զիջում է միայն ԱՄՆ-ի Գրանդ կանյոնին:

2008թ Կոսովոն իրեն անկախ հռչակեց Սերբիայից, սակայն մինչ օրս միջազգային ճանաչում ձեռք չի բերել: Այդ տարածքում գերակշռում են ալբանացիները, ովքեր դավանում են իսլամ: 

Սերբերը համարում են, որ իրենց ամենահայտնի հայրենակիցը Նիկոլա Տեսլան է՝ մեծ ֆիզիկոս, ում կատարած ամենաարժեքավոր գործը փոփոխական հոսանքի հայտնագործումն էր:

Սերբական այբուբենը կոչվում է վուկովիցա (լեզվաբան Վուկ Կարաջիչի անունից), իսկ խորվաթականը՝ գաեվիցա (լեզվաբան Լյուդեվիտ Գայի անունից): Մի ժամանակ սերբերենն ու խորվաթերենը նույն լեզուն են եղել, իսկ հիմա սերբերը գրում են սլավոնական, իսկ խորվաթները՝ լատինական տառերով:

Իոսիֆ Բրոզ Տիտոն Հարավսլավիայի առաջնորդն էր Երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև իր կյանքի վերջը՝ 1980թ: Ներկայումս էլ նա մեծարվում է հարասլավական նախկին պետություններում՝ չնայած, որ դիկտատորի համբավ ուներ:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий