31 декабря 2013 г.

12 փաստ 12 կեսարների կյանքից. Մաս I

Հռոմեական օրացույցում իդեր էր կոչվում ամսվա կեսը՝ 15-րդ կամ 13-րդ օրը՝ կախված ամսվա տևողությունից: Ք.ա. 44թ մարտյան իդերին՝ մարտի 15-ին, դավադիրների ձեռքով սպանվեց Հուլիոս Կեսարը: Պլուտարքոսը վկայում է, որ գուշակը օրեր առաջ Կեսարին ասել էր, որ նա այդ օրը զգուշանա մահից: Սենատի աստիճանների վրա հանդիպելով գուշակին՝ Կեսարը նրան հեգնանքով ասաց. «Մարտյան իդերը սկսվել են»: «Սկսվել են, բայց դեռ չեն անցել»,- պատասխանեց գուշակը: Րոպեներ անց Կեսարը սպանվեց:

Ակցիումի ծովամարտում Մարկոս Անտոնիոսին պարտության մատնելուց հետո Օկտավիանոս Օգոստոսը Էպիրոսի հարավարևմտյան եզրին կառուցեց Նիկոպոլիսը` «հաղթանակի քաղաք», Ապոլլոնի պատվին կազմակերպեց ռազմական մրցություններ, որոնք վերածվեցին Ակտիական խաղերի՝ սպորտի և արվեստի տոնի: 

16 ноября 2013 г.

Ինչո՞ւ գնացիր Վենետիկ, Մխիթա՛ր

Հասկանալու համար Մխիթար Սեբաստացու գործունեության և ստեղծած արժեքների բազմաթիվ կողմեր, հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի սոցիալական, քաղաքական, կրոնական, գաղափարական միջավայրի ծնունդ էր Մխիթար Սեբաստացին: Պատմական ինչ ժամանակահատվածում է ապրել և գործել այս հայը, որի վաստակն արժանացել է աշխարհի մեծերի, անգամ Նապոլեոն Բուոնապարտեի ուշադրությանը: Եվ այսպես՝ նա ծնունդն էր 17-րդ դարի Հայաստանի, մի Հայաստանի, որին միայն մենք ենք հետագայի դիտանկյունից անվանում Հայաստան: Երկիրը բաժանված էր միջնադարյան բռնապետության ավանդույթներ կրող երկու կայսրությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Պատմական Հայաստան հռչակված տարածքում հայերը կազմում էին ազգային փոքրամասնություն: Սոցիալական միջավայրի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի այն բացակայում էր՝ խախտելով մարդ հիմնարար արժեքի բոլոր տարրական իրավունքներն՝ անգամ ապրելու: Ռայան՝ այս դեպքում հայը, չուներ ազատ ընտրության և գոյատևելու պարզ իրավունք: Այն ժամանակներում ընդունված էր հայ մանկահասակ երեխաներին հավաքել՝ ռազմական կրթությամբ ապահովելու, իսլամադավան դարձնելու և հետո ենիչերիական խմբերում ներառելու համար: Այս առումով Մանուկը, որին հետո կկոչեն Մխիթար, հրաշքով փրկվեց: Քաղաքական առումով Մՙխիթարը ծնունդ էր մի տարածքի, որը վերոնշյալ Թուրքիայի կազմում ներառված էր որպես սովորական վիլայեթ՝ գավառական խավարին բնորոշ բոլոր չափիչներով: Այստեղ բեկը կամ փաշան աստված են, իսկ հարկահավաքը՝ միակ ճշմարիտ արարածը: Գաղափարական և կրոնական միջավայրը, որը մինչ այդ զբաղված էր նվաճողների քաղաքական և հարկային բռնաճնշումների աստվածապետական հենքն ամրագրելով, կարծես մի պահ ուշքի եկավ և փրկության ելքեր էր փնտրում: Այս փուլում ազատագրական ինչ-ինչ բռնկումներ էին նկատվում լեռնային հատվածներում. Ս. Էջմիածինը զբաղված էր դեպի Եվրոպա հայերեն խնդրագրեր ուղարկելով, իսկ Մանուկի հայրենի եզերքը տառապում էր խավարի հեծեծանքներում

3 ноября 2013 г.

Երկու պետական սահման (Շիրակ)

Ստացվեց այնպես, որ «Ապոլլոն» գիտակների ակումբը որոշեց այս ուս. տարվա ընթացքում երկրորդ ճամփորդությունը կազմակերպել դեպի Շիրակի մարզ: Հուրախություն մեզ՝ եղանակն արևոտ էր, հաճելի, աշունն ասես մոռացել էր, որ վերջին ամիսն է ապրում և հրաժարվել ցուրտ կամ անձրևոտ լինելուց: Մաստարա գյուղում առաջինը տեսանք Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձանը, և սա էլ հարմար առիթ էր՝ հիշելու և պատմելու «Նեմեսիս» գործողության, Թալեաթի և Եղեռնի մյուս հիմնական կազմակերպիչների սպանության մասին առանցքային տեղեկությունները:

25 октября 2013 г.

San Lazzaro

Վենետիկում հայկական գաղթօջախներ գոյություն էին ունեցել դեռ 12-րդ դարում, քանի որ Վենետիկի և Միջերկրականի ափին գտնվող Կիլիկիայի թագավորության միջև հաստատվել էին առևտրային կապեր, հայերն իրավունք ունեին բնակվել Վենետիկի ցանկացած մասում՝ այն դեպքում, երբ հույներն ու հրեաներն ապրում էին մեծամասամբ ծայրամասերում: Իտալիայում ապրող հայերի կյանքը նոր ժամանակաշրջան թևակոխեց 1717թ՝ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման պահից

Մխիթար Սեբաստացին այստեղ ոչ միայն մշակութային-կրոնական հաստատություն հիմնեց, այլև հիմք դրեց Եվրոպայում հայագիտության տարածմանը, նպաստեց մտավորական նոր կադրերի պատրաստմանը, տպագրական արվեստի զարգացմանը, որի շրջանակներում լույս տեսան օտարազգի բազմաթիվ հեղինակների բնագրային աշխատություններ (Արիստոտել, Պլատոն, Պլուտարքոս, Սենեկա, Հոմերոս, Վերգիլիոս, Դանթե և այլն):

6 октября 2013 г.

Միջնադարյան ոգի, բազմոլորտ գիտելիքներ

Սխալվել էի՝ մտածելով, որ մայիսի 29-ից հետո Երևանից դուրս որևէ ճամփորդության չեմ մասնակցի: Հոկտեմբերի 6-ը վերջ դրեց այս կարճատև ընդմիջմանը՝ դառնալով ուսումնահայրենագիտական բացառիկ դրսևորումներ պարունակող օր:

27 сентября 2013 г.

1768-1774թթ ռուս-թուրքական պատերազմը

Երկու դար շարունակ (18-20-րդ) Ռուսական և Օսմանյան կայսրությունները մրցում էին Սև ծովի և դրա առափնյա շրջանների վրա գերիշխանություն հաստատելու համար: Ռուսաստանի առաջնային նպատակը Սև ծովի և Բոսֆոր ու Դարդանել նեղուցների կառավարումն իր ձեռքը վերցնելն էր, ինչը հեշտությամբ ճանապարհ կբացեր դեպի Միջերկրական ծովի ափերը: Թուրքահպատակ քրիստոնյաներին պաշտպանելու, Բալկանյան ժողովուրդներին ազատագրելու, թուրքերի և Ղրիմի թաթարների ներխուժումը դեպի Հարավային Ուկրաինա ու Ռուսաստան կանխելու և այլ պատրվակների հետևում կայսրությունը թաքցնում էր իր նվաճողական ծրագրերի բուն էությունը: 18-րդ դարի երկրորդ կեսից սկսված ռուս-թուրքական պատերազմները միտված էին Օսմանյան կայսրության թուլացմանն ու աստիճանական փլուզմանը: Թուրքիան համեմատաբար «համեստ» խնդիրներ ուներ՝ Սև ծովի ափին ու Կովկասյան տարածաշրջանում տիրույթների ընդլայնում և Աստրախանի գրավում:
Կայսրությունը նաև խուսափում էր Լեհաստանում ռուսական ազդեցության հզորացումից, որտեղ գահ էր բարձրացել Եկատերինա II-ի դրածո թագավոր Ստանիսլավ II Պոնյատովսկին: Թուրքիան պահանջեց, որ Լեհաստանից դուրս բերվեն ռուսական զորքերը, որոնք ռազմական գործողություններ էին իրականացնում Բառի համադաշնակցության (կոնֆեդերացիայի) դեմ: Այս համադաշնակցությունը ստեղծվել էր Ռեչ Պոսպոլիտայի ներքին և արտաքին ինքուրույնությունը պաշտպանելու ու Ռուսաստանից ազատվելու համար՝ ընդդեմ թագավոր Պոնյատովսկու, ով ցանկանում էր սահմանափակել ավագանու (մագնատների) իշխանությունը: Կայսրուհի Եկատերինան մերժեց այս պահանջը, որին ի պատասխան՝ սուլթան Մուստաֆա III-ը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ ստանալով Ֆրանսիայի և Ավստրիայի աջակցությունը: 

20 августа 2013 г.

Ժյուլիեն Սորել. Երկու ճանապարհ


Բացառությամբ օգտակար ընկուզենու, ես չեմ երևակայում մի ծառ, որ բացի եկամուտ բերելուց, ուրիշ նպատակի համար ստեղծված լինի:

Քիչ կլիներ ասել, որ նա լուրջ էր. նա լրջության մարմնացում էր:

Ինչ վերաբերում է տիկին դը Ռենալին, նա ավելի հարգեց Ժյուլիենին, ավելի հիացավ նրանով: Չէ՞ որ Ժյուլիենը կշտամբեց նրան:

Ե՞րբ վերջապես պիտի սովորեմ տալ այս մարդկանց իմ հոգուց միայն այնքան, որքան հարկավոր է նրանց դրամի փոխարեն:

19 августа 2013 г.

6 կաթիլ արտասահմանյան գրականությունից

1. Ջերոմ Սելինջեր - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» (ամերիկյան)
16-ամյա Հոլդեն Քոլֆիլդը պատմում է ամերիկյան իրականության, ժամանակակից հասարակությանը բնորոշ բարոյական նորմերի մասին, արտահայտում տարբեր մարդկանց ու երևույթների հանդեպ ունեցած իր զգացմունքները և զգացողությունները՝ մինչև վերջ լինելով անկեղծ ու անմիջական: Այս սիրավեպը, բրիտանական ‘’BBC’’-ի վարկածով, 2003թ Լավագույն 200 գրքերի ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը:
2. Ստեֆան Ցվայգ - «Մարդկության աստեղային ժամերը» (ավստրիական)
Սա պատմական մանրապատումներից բաղկացած շարք է: Ամեն պատմվածք նվիրված է որևէ կարևոր կամ շրջադարձային իրադարձության, որն ինչ-որ չափով ազդել է պատմության հետագա ընթացքի վրա:

9 августа 2013 г.

Ֆիլմոգրաֆիկ էքսկուրս. Մաս 2

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հնգյակը կազմելիս, հաշվի եմ առել, որ բոլոր ֆիլմերը նկարահանված լինեն 21-րդ դարում:

1. Ганнибал – легендарный полководец /Hannibal – Rome’s Worst Nightmare, 2006/
Հաննիբալ Բարկա՝ Հին աշխարհի հմուտ և փորձառու զորավար, ում անվան հոմանիշը «Հռոմի երդվյալ թշնամի» արտահայտությունն է: Հաննիբալն ուներ մեկ նպատակ՝ հիմնովին կործանել Հռոմը և վերականգնել Կարթագենի հզորությունը: Այդ ճանապարհին նրան սպասում էին Ալպյան լեռները, Կաննի ու Զամայի ճակատամարտերը և, իհարկե, կայսրության համառ դիմադրությունը: Ո՞րն էր կարթագենացու մեծագույն սխալը և ինչո՞ւ նա կամովին հրաժեշտ տվեց սեփական կյանքին: Ռեժիսորի գեղարվեստական մոտեցումը չի խանգարում ստանալ այս հարցերի պատասխանները:

30 июля 2013 г.

Ստեֆան Ցվայգ. «Անծանոթ կնոջ նամակը»

Երևանից դուրս անցկացրած մեկշաբաթյա հանգստի ընթացքում հասցրեցի կարդալ 20-րդ դարի ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելներից մի քանիսը՝ «Անծանոթ կնոջ նամակը», «Երկյուղը», «Անտեսանելի կոլեկցիա», «24 ժամ մի կնոջ կյանքից», «Լեպորելլա»: Տարբեր մարդիկ, ըստ իրենց ճաշակի, առավելությունը կտան այս կամ այն պատմվածքին, և շատ դեպքերում նրանց տեսակետերը չեն համընկնի: Կոնկրետ ես ամենից շատ հավանեցի «Անծանոթ կնոջ նամակը», որը կարդացի մի շնչով, և առաջին իսկ էջերը հուշեցին, որ սյուժեի մեջ ինչ-որ յուրօրինակ ու անկանխատեսելի բան եմ գտնելու:
Վիպագիր Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է մեծածավալ մի նամակ՝ վերնագրված «Քեզ՝ ինձ երբեք չճանաչողիդ»: Առաջին հայացքից տարօրինակ է՝ ինչպես կարող էր այդ կինը ճանաչել երիտասարդին, իսկ նա այդ կնոջը՝ ոչ: Նամակն ընթերցելու ընթացքում երիտասարդն իմանում է, որ այնուամենայնիվ նա տեսել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել նույն շենքում, ավելի ուշ՝ նրա հետ եռօրյա սիրավեպ ունեցել, որի արդյունքում ծնվել է իրենց որդին, այնուհետև նրանք հանդիպել են ևս մեկ անգամ ու բաժանվել ընդմիշտ: Թվում է՝ այսպիսի դրվագներ կան բազմաթիվ գրքերում, բայց սա եզակի դեպք է, որ տարբերվում է մյուսներից: Ինչո՞ւ: Երիտասարդը երբեք գլխի չի ընկել, որ 13 տարեկանից իրեն սիրող աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են միևնույն կինը:

19 июля 2013 г.

Հին Հռոմից մինչև Հյուսիսային մեծ պատերազմ

Պատմական ֆիլմ դիտելն ինչ-որ չափով նման է պատմական վեպ ընթերցելուն: Մեկ տարբերությամբ, որ առաջինի դեպքում կադրերն արդեն իսկ քո առջև են, իսկ երկրորդի դեպքում դու ինքդ ես մտովի պատկերներ ստեղծում: Թե առաջինը, թե երկրորդը կառուցվում են իրական փաստերի, մասամբ՝ ռեժիսորի կամ հեղինակի երևակայության վրա: Դրանք ուսուցանող ու արդյունավետ են այն դեպքում, երբ նախապես ծանոթ ես տվյալ ժամանակաշրջանին, ինչն օգնում է մտացածինը տարբերել իրականից և զուգահեռներ անցկացնել գեղարվեստականի ու պատմականի միջև: «Տրոյա», «300 սպարտացիներ», «Գլադիատոր», «Երկնային թագավորություն», «1453թ նվաճում»: Պատմական դրամաների դասական օրինակներ, որոնք հանդիպում են այդ ժանրի լավագույն ֆիլմերի ցուցակներում, հաճախ նաև տասնյակներում: Հիմա, վերը նշված վերնագրերից բացի, ներկայացնում եմ ևս հինգ կինոնկար, որոնցից ես ինքս ստացել եմ անհրաժեշտ ընդհանուր ինֆորմացիա և որոնք պարզապես միջոց են ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու:

1. «Սպարտակ» /Spartacus, 2004/
Ք.ա. 70-ական թթ վերջ: Հռոմը հարուստ և ուժեղ հանրապետություն է, որտեղ պատերազմների արդյունքում գերված հազարավոր մարդիկ ապրում են որպես ստրուկներ: Նրանցից ամենավարժ կռվողը Սպարտակն է, ով բազմիցս աչքի էր ընկել գլադիատորական մարտերի ընթացքում և ով գլխավորում է Ք.ա. 73-71թթ ստրուկների ապստամբությունը: Բայց Հռոմն այն պետությունը չէր, որին պիտի ծնկի բերեին ստրուկները՝ որքան էլ նրանք լինեին ազատատենչ, համախմբված ու վճռական:

6 июля 2013 г.

«Մխիթար սպարապետ». Ինչ տվեց ինձ գիրքը

Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետ» պատմավեպը երկու մասից է կազմված: Առաջին՝ «Փշրված շղթաներ» գիրքը պատմում է հայ-ռուսական հարաբերությունների, Կասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին, որին մեծապես նպաստում են եվրոպական պետությունները՝ Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան: Այնուհետև նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը, Արցախի Վարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը, իսկ վերջին տեսարանում Դավիթ Բեկը տեղեկանում է Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապված բոլոր հույսերը կորում են:

25 июня 2013 г.

Չորս ծովերի երկիրը (Թուրքիա)

Թուրքիայի 97%-ը գտնվում է Ասիա մայրցամաքում, Փոքր Ասիա թերակղզում (հաճախ` Անատոլիա), իսկ 3%-ը` Եվրոպայի տարածքում (նախկինում` Թրակիա, այժմ` Ստամբուլի եվրոպական մաս): Ստամբուլի ասիական ու եվրոպական հատվածները միանում են Բոսֆորի կամրջով, որի ընդհանուր երկարությունն ավելի քան 1500 մ է: Ապրելով Եվրոպայում` Ստամբուլի բնակիչը կարող է աշխատել Ասիայում, և հակառակը: Մեկ մայրցամաքից մյուսն անցնելու համար նրանից պահանջվում է մոտ 20 րոպե: 
Թուրքիայի տարածքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ զարգացել են չորս տարբեր մշակույթներ` հունական, հռոմեական, բյուզանդական ու թուրքական: Երկրի ժամանակակից տարածքում են գտնվել աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում և Հալիկառնասոսի դամբարանը:

30 мая 2013 г.

Շարունակվող պատմությունը...

Հանրապետության օրեր Թբիլիսիում: Նախագիծ, որն իրականացվեց առաջին անգամ, ու վստահ եմ` հաջողված էր: Որպեսզի շրջանցեմ երկրորդական տեղեկությունները, կառանձնացնեմ 4 օրվա մեջ 4 առանցքային իրադարձություն, որոնք, կարծում եմ, առավել կարևոր են ու արժանի հիշատակման:

3 мая 2013 г.

Լևոն Շանթի հասարակական-քաղաքական գործունեությունը


Լևոն Շանթի ապրած ժամանակաշրջանը համընկավ քաղաքական ու պատմական շրջադարձային իրադարձությունների հետ՝ զուլումի տարիներ, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակում, Առաջին աշխարհամարտի սկիզբ ու ավարտ, Ռուսաստանում կայսերական վարչակարգի տապալում և Անդրկովկասյան տարածաշրջանում խորհրդային կարգերի հաստատում, Երկրորդ աշխարհամարտ, որի ավարտից ընդամենը մի քանի տարի անց «Հին աստվածներ» դրամայի հեղինակը կնքեց իր մահկանացուն: