30 июля 2013 г.

Ստեֆան Ցվայգ. «Անծանոթ կնոջ նամակը»

Երևանից դուրս անցկացրած մեկշաբաթյա հանգստի ընթացքում հասցրեցի կարդալ 20-րդ դարի ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելներից մի քանիսը՝ «Անծանոթ կնոջ նամակը», «Երկյուղը», «Անտեսանելի կոլեկցիա», «24 ժամ մի կնոջ կյանքից», «Լեպորելլա»: Տարբեր մարդիկ, ըստ իրենց ճաշակի, առավելությունը կտան այս կամ այն պատմվածքին, և շատ դեպքերում նրանց տեսակետերը չեն համընկնի: Կոնկրետ ես ամենից շատ հավանեցի «Անծանոթ կնոջ նամակը», որը կարդացի մի շնչով, և առաջին իսկ էջերը հուշեցին, որ սյուժեի մեջ ինչ-որ յուրօրինակ ու անկանխատեսելի բան եմ գտնելու:
Վիպագիր Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է մեծածավալ մի նամակ՝ վերնագրված «Քեզ՝ ինձ երբեք չճանաչողիդ»: Առաջին հայացքից տարօրինակ է՝ ինչպես կարող էր այդ կինը ճանաչել երիտասարդին, իսկ նա այդ կնոջը՝ ոչ: Նամակն ընթերցելու ընթացքում երիտասարդն իմանում է, որ այնուամենայնիվ նա տեսել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել նույն շենքում, ավելի ուշ՝ նրա հետ եռօրյա սիրավեպ ունեցել, որի արդյունքում ծնվել է իրենց որդին, այնուհետև նրանք հանդիպել են ևս մեկ անգամ ու բաժանվել ընդմիշտ: Թվում է՝ այսպիսի դրվագներ կան բազմաթիվ գրքերում, բայց սա եզակի դեպք է, որ տարբերվում է մյուսներից: Ինչո՞ւ: Երիտասարդը երբեք գլխի չի ընկել, որ 13 տարեկանից իրեն սիրող աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են միևնույն կինը:

19 июля 2013 г.

Հին Հռոմից մինչև Հյուսիսային մեծ պատերազմ

Պատմական ֆիլմ դիտելն ինչ-որ չափով նման է պատմական վեպ ընթերցելուն: Մեկ տարբերությամբ, որ առաջինի դեպքում կադրերն արդեն իսկ քո առջև են, իսկ երկրորդի դեպքում դու ինքդ ես մտովի պատկերներ ստեղծում: Թե առաջինը, թե երկրորդը կառուցվում են իրական փաստերի, մասամբ՝ ռեժիսորի կամ հեղինակի երևակայության վրա: Դրանք ուսուցանող ու արդյունավետ են այն դեպքում, երբ նախապես ծանոթ ես տվյալ ժամանակաշրջանին, ինչն օգնում է մտացածինը տարբերել իրականից և զուգահեռներ անցկացնել գեղարվեստականի ու պատմականի միջև: «Տրոյա», «300 սպարտացիներ», «Գլադիատոր», «Երկնային թագավորություն», «1453թ նվաճում»: Պատմական դրամաների դասական օրինակներ, որոնք հանդիպում են այդ ժանրի լավագույն ֆիլմերի ցուցակներում, հաճախ նաև տասնյակներում: Հիմա, վերը նշված վերնագրերից բացի, ներկայացնում եմ ևս հինգ կինոնկար, որոնցից ես ինքս ստացել եմ անհրաժեշտ ընդհանուր ինֆորմացիա և որոնք պարզապես միջոց են ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու:

1. «Սպարտակ» /Spartacus, 2004/
Ք.ա. 70-ական թթ վերջ: Հռոմը հարուստ և ուժեղ հանրապետություն է, որտեղ պատերազմների արդյունքում գերված հազարավոր մարդիկ ապրում են որպես ստրուկներ: Նրանցից ամենավարժ կռվողը Սպարտակն է, ով բազմիցս աչքի էր ընկել գլադիատորական մարտերի ընթացքում և ով գլխավորում է Ք.ա. 73-71թթ ստրուկների ապստամբությունը: Բայց Հռոմն այն պետությունը չէր, որին պիտի ծնկի բերեին ստրուկները՝ որքան էլ նրանք լինեին ազատատենչ, համախմբված ու վճռական:

6 июля 2013 г.

«Մխիթար սպարապետ». Ինչ տվեց ինձ գիրքը

Ս. Խանզադյանի «Մխիթար սպարապետ» պատմավեպը երկու մասից է կազմված: Առաջին՝ «Փշրված շղթաներ» գիրքը պատմում է հայ-ռուսական հարաբերությունների, Կասպիական արշավանքի կազմակերպման և հետաձգման մասին, որին մեծապես նպաստում են եվրոպական պետությունները՝ Ֆրանսիան, Անգլիան, Հոլանդիան: Այնուհետև նկարագրվում են Երևանի պաշարումն ու անկումը, Արցախի Վարանդա գավառում թուրքական զորքերի ոչնչացումը, իսկ վերջին տեսարանում Դավիթ Բեկը տեղեկանում է Կ.Պոլսում կնքված ռուս-թուրքական համաձայնագրի մասին, որով ռուսների օգնության հետ կապված բոլոր հույսերը կորում են: