27 сентября 2013 г.

1768-1774թթ ռուս-թուրքական պատերազմը

Երկու դար շարունակ (18-20-րդ) Ռուսական և Օսմանյան կայսրությունները մրցում էին Սև ծովի և դրա առափնյա շրջանների վրա գերիշխանություն հաստատելու համար: Ռուսաստանի առաջնային նպատակը Սև ծովի և Բոսֆոր ու Դարդանել նեղուցների կառավարումն իր ձեռքը վերցնելն էր, ինչը հեշտությամբ ճանապարհ կբացեր դեպի Միջերկրական ծովի ափերը: Թուրքահպատակ քրիստոնյաներին պաշտպանելու, Բալկանյան ժողովուրդներին ազատագրելու, թուրքերի և Ղրիմի թաթարների ներխուժումը դեպի Հարավային Ուկրաինա ու Ռուսաստան կանխելու և այլ պատրվակների հետևում կայսրությունը թաքցնում էր իր նվաճողական ծրագրերի բուն էությունը: 18-րդ դարի երկրորդ կեսից սկսված ռուս-թուրքական պատերազմները միտված էին Օսմանյան կայսրության թուլացմանն ու աստիճանական փլուզմանը: Թուրքիան համեմատաբար «համեստ» խնդիրներ ուներ՝ Սև ծովի ափին ու Կովկասյան տարածաշրջանում տիրույթների ընդլայնում և Աստրախանի գրավում:
Կայսրությունը նաև խուսափում էր Լեհաստանում ռուսական ազդեցության հզորացումից, որտեղ գահ էր բարձրացել Եկատերինա II-ի դրածո թագավոր Ստանիսլավ II Պոնյատովսկին: Թուրքիան պահանջեց, որ Լեհաստանից դուրս բերվեն ռուսական զորքերը, որոնք ռազմական գործողություններ էին իրականացնում Բառի համադաշնակցության (կոնֆեդերացիայի) դեմ: Այս համադաշնակցությունը ստեղծվել էր Ռեչ Պոսպոլիտայի ներքին և արտաքին ինքուրույնությունը պաշտպանելու ու Ռուսաստանից ազատվելու համար՝ ընդդեմ թագավոր Պոնյատովսկու, ով ցանկանում էր սահմանափակել ավագանու (մագնատների) իշխանությունը: Կայսրուհի Եկատերինան մերժեց այս պահանջը, որին ի պատասխան՝ սուլթան Մուստաֆա III-ը պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ ստանալով Ֆրանսիայի և Ավստրիայի աջակցությունը: