27 декабря 2014 г.

Զևսին սնուցած Ամալֆեյա այծը շտապում է Երկիր

Միայն մեկ բառակապակցությամբ 2014 թվականը կարելի է անվանել «սահմանագիծ տարի»: Սպասված իրողություն է, երբ հատում ես աշակերտ-ուսանող կամուրջը, դպրոցականից դառնում ես համալսարանական և պատրաստվում ես երեխայից վերածվել չափահաս մարդու: Ուղիղ իմաստով չափահաս՝ 18 տարեկան: 

9 ноября 2014 г.

Արևմտահայ սատիրա (Լեռ Կամսար)

«Կովկասը, որ խոշոր բնակարան մըն է, կպատկաներ Ռուսիո, որը տված էր հայ, թուրք և վրացի եղբայրներուն վարձու: 1918թ, երբ Ռուսիա իր կինը մտաբերելով քաշվեցավ, երեք եղբայրները տեր հռչակեցին տանը ու դադրեցան վարձք վճարել: Հայաստանը արհեստով վաճառական էր, Վրաստանը՝ «կանդուկտոր», իսկ Ադրբեջանը՝ մսագործ: Մեծ եղբայրը՝ Հայաստանը, ի հնուց անտի կսիրեր ծովերի թագուհի Անգլիո ու մինչև այս շրջանին ալ կշարունակեր սիրել մանկական ջինջ սիրով մը:

Բաթումի բանակցություններուն Վրաստանն ու Գերմանիան իրար հետ ժպիտ մը փոխանակություն ունեցան: Հետո միայն սերը խորանալով, Վրաստանն ինքզինքը զսպել չկրցավ ու տուն դառնալով, Գերմանիան իր քով կանչեց ու ինկավ անոր գիրկը:
Մյուս եղբայր Ադրբեջանը, ճիշտ խոսած, դեռ արբունքի չէր հասած, բայց տեսնելով, որ իր երկու եղբայրները առանձին տուն տեղ դառնալու վրա կխորհին, ինքն ալ Գերմանիո կառապան Տաճիկին գիրկն ինկավ: Ադրբեջանը ամենեն ուշն սկսավ, բայց ամենեն շուտ տեղ հասավ իր նպատակներուն մեջ»:  

«Ժամանակի պատմիչը սապես կգծե Հայաստանին սահմանները: Այն տարածությունը, կըսե, որ տվավ Տաճիկը հայուն, հին ատենները թագավոր մը կնվիրեր գիշեր մը իրեն աղվոր հեքիաթ պատմող աղախնին: Ծխողները գլանակին մնացորդները ծխափողեն դուրս փչելու համար երեսնին դեպի Վրաստանը շուռ կուտային, որ չըլլա թե Տաճկաստան իյնալով զինադադարի խախտումն նկատվե, որուն Տաճիկն ակնդետ կսպասեր»: 

2 ноября 2014 г.

Նոր աշխարհ. 1492-ից հետո

Մատե թեյը ոչ ալկոհոլային ըմպելիք է՝ տարածված Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում և Պարագվայում: Իսկ ահա Մեքսիկայում ազգային ըմպելիքի համբավ ունի տեկիլան, արդեն՝ ալկոհոլային բաղադրիչներով, որ պատրաստվում է կապույտ ագավա բույսից:

Ժամանակակից Պերուի սահմաններում ինկերը ստեղծել են հնագույն քաղաքակրթություններից մեկը՝ հռչակավոր Մաչու-Պիկչուն, իսկ ներկայիս մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գոյություն է ունեցել Կուսկո քաղաքը: Իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսարոն ինկերի հանդեպ վարվեց այնպես, ինչպես Էռնան Կորտեսը՝ ացտեկների՝ կործանելով տեղական մշակույթը:

Այս պետության անվանումը միայն ավերածությունների հետ չէ, որ կապվում է: Լիմայում է հիմնադրվել և մինչ օրս գործում է Լատինական Ամերիկայի ամենահին համալսարանը՝ Սան Մարկոսը (16-րդ դարից):  

23 октября 2014 г.

Անհայտ հերոսներ /Սերբիա, Ալբանիա, Հունգարիա, Լեհաստան/

Հերոսներին մոռանո՞ւմ են: Հաճախ այո, որովհետև հազվադեպ են առիթ ունենում հիշելու կամ ընդհանրապես չեն էլ ճանաչում: Շատ են այնպիսի անհատները, ովքեր իրենց ժամանակաշրջանում կարևոր դերեր են խաղացել, բայց կարծես հետո եկել են ավելի կարևորները՝ նրանց թողնելով ստվերում: Մեծ երկրների կողքին փոքրերի համար տեղ ու ժամանակ չի մնում, բայց մի՞թե Եվրոպայի իրական պատկերը կազմվում է միայն տերություններով: Երբևէ մտածե՞լ եք ավելի համեստ երկրների՝ Սերբիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Լեհաստանի հերոս-գործիչների մասին... Ծանոթանանք:

11 октября 2014 г.

Կատալոնիան՝ անկախության գործընթացին ընդառաջ

Տարվա մեջ ոչ մի օր պատմական իրադարձությունների կամ նշանավոր անձանց ծնունդների պակաս չի զգում: Այս անգամ կենտրոնական ամսաթիվը սեպտեմբերի 11-ն է: Վիեննայի ճակատամարտի սկիզբ (1683թ), «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններ ԱՄՆ-ում (2001թ) և մեկ իրողություն՝ իսպանական ժառանգության համար պայքարի ավարտ՝ Բարսելոնայի անկում (1714թ): Կատալոնիայի ներկայիս դրությունը կարծես թե անհիշելի պարտության հետևանքն է, բայց կատալոնացիները չեն շտապում մոռանալ դա: Նրանք զարմանալիորեն այդ օրն են նշում Կատալոնիայի ազգային գլխավոր տոնը: Ինչպիսին է եղել ինքնավար համայնքի անցյալը, որոնք են տոնի հիմնական բաղադրիչները և առհասարակ ինչ է կանգնած ռեֆերենդումի հետևում...
Պատմական ակնարկ

Իսպանական ժառանգության պատերազմը արյունալի հակամարտություն էր Եվրոպայում 1701-1714թթ: Զինված ընդհարումները Նիդերլանդներից, Իտալիայից ու Ֆրանսիայից հասան մինչև Իսպանիա և ավարտվեցին Բարսելոնայի անկումով: Երկարատև պաշտպանությունից հետո կատալոնական զորքերը ստիպված էին կապիտուլյացիայի դիմել բուրբոնական ուժերի առջև՝ հնազանդվելով Ֆիլիպ V թագավորին (Լյուդովիկոս XIV-ի թոռ): 

Բազմաթիվ քաղաքացիներ պնդում են, որ հենց այդ օրը՝ 1714թ սեպտեմբերի 11-ին վերացավ իրենց անկախությունը, ու մինչև հիմա նրանք չեն կարողանում ազատվել իսպանական տիրապետությունից: Միայն 1979թ դեկտեմբերի 31-ին շրջանում սկսեց գործել անկախ կառավարություն՝ Ժեներալիտատ դե Կատալունյան, և առաջին իսկ որոշումով սեպտեմբերի 11-ը հռչակվեց Կատալոնիայի ազգային օր, այլ կերպ ասած՝ Լա Դիադա, որը կրում է առավելապես պետական, քան ազգային բնույթ: 

26 сентября 2014 г.

Երազանքից Ստամբուլ

Իբրև սկիզբ. Արևմտյան ու արևելյան մայրցամաքներ, որոնք միայն մեկ տեղում են հատվում, չորս ազդեցիկ կայսրություններ, որոնք միևնույն մայրաքաղաքն են ունեցել: Ստամբուլ: Օրիգինալ փաստերը անվերջ պտտվում են այս վայրի անվան շուրջ՝ չնայած, որ չկա մեկ ընդհանուր հասկացողություն: Մարդկային մի զանգված քաղաքն ընկալում է պատմական Կ.Պոլիս իմաստով, իսկ առևտրականների համար, այդ թվում՝ հայ, դա պարզապես հաշվարկների կենտրոն է ու եկամտի աղբյուր: Իրականում Ստամբուլը խառնարան է: Պատմության, մշակույթների, լեզուների, ազգությունների, այնտեղ զբոսաշրջությունը, երթևեկությունը և առևտուրը երբևէ չեն կանգնում...

Մտադիր եմ խուսափել պաշտոնական տեղեկատվությունից, պատմել այն, ինչ սեփական աչքերով տեսել եմ Ստամբուլում՝ վիրտուալ ձևով քաղաքին ծանոթանալուց ու դրա մասին որոշակի պատկերացում կազմելուց հետո: Եթե ամբողջացնեմ մեկ նախադասությամբ, պետք է ասեմ, որ կատարվեց մեծագույն երազանքներիցս մեկը:

Զգացողություն. Սեպտեմբերի 18-ն իմ առաջին առավոտն էր Թուրքիայում, որտեղ ոտք դնելուց առաջ ինքնաթիռից հասցրել էի տեսնել մութ գիշերին լուսավորված Ստամբուլը, Բոսֆորի կամրջի վարդագույն-մանուշակագույն փայլը և դեղին ճաճանչների միջև խավար հատվածը նկատելիս գլխի ընկել, որ թռչում եմ հենց Բոսֆորի նեղուցի վրայով... 

3 сентября 2014 г.

Էտրուրիայի առեղծվածները

Էտրուսկները մեծարվել են որպես փորձառու ճարտարագետներ, երկրագործներ, արհեստավորներ: Պատմության մեջ նրանք առաջինն էին բնական տարածքներում փոփոխություններ անելու մեջ՝ ճահիճների չորացում, արհեստական ոռոգման կազմակերպում և այլն: Արվեստի գործերից հռչակավոր էր Արեցցոյի Քիմերայի բրոնզե քանդակը, որն ուներ առյուծի գլուխ, օձանման պոչ և այծի իրան:
Էտրուսկները գործածում էին գրության ձև, որի դեպքում առաջին տողը գրվում է ձախից աջ, երկրորդը՝ աջից ձախ, երրորդը՝ նորից ձախից աջ և այդպես շարունակ: Փիլիսոփայական տեսանկյունից դա արտացոլում էր կյանքի զիգզագաձև բնույթը, մյուս կողմից նմանվում էր դաշտը հերկող ցուլի շարժմանը (այդպես է թարգմանվում այդ գրելաձևի անվանումը՝ «բուստրոֆեդոն») և կապվում երկրագործության պաշտամունքի հետ:

28 августа 2014 г.

Լյուդովիկոս XIV. փաստեր և ասույթներ


Միջնադարյան հիշողությունները Լյուդովիկոս XIV-ի հետ կապված առնչվում են ֆրանսիական միապետի երկար ու ճոխ մազերի, «Պետությունը ես եմ» տարածված արտահայտության և, իհարկե, այն բնորոշման հետ, որը շնորհվել է նրան՝ «արև արքա»: Նա եվրոպական պետությունների գահակալներից ամենաերկարակյացն էր՝ 72 տարի ու ևս մոտ 100 օր:

Նրա պատվին է անվանակոչվել ամերիկյան Լուիզիանա նահանգը, որը երկար տասնամյակներ գտնվել է Ֆրանսիայի տիրապետության տակ, իսկ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնի ձեռքով վաճառվել է ԱՄՆ-ին: 

Պատմությունը տեսել է բազմաթիվ թագավորների, ովքեր եղել են նաև երաժիշտ, գրող կամ փիլիսոփա: Իսկ Լուին պատանի տարիքից զբաղվում էր բալետով և իր կառավարման շրջանում հատուկ ուշադրություն է դարձրել պարային ներկայացումների բեմադրմանը: 

18 августа 2014 г.

Էլ Լիբերտադոր /Սիմոն Բոլիվար/

Սիմոն Բոլիվարը ծնվել է Կարակասում, բասկյան ծագումով ազնվական-կրեոլական ընտանիքում: Տնային ուսուցիչների, մասնավորապես Սիմոն Ռոդրիգեսի շնորհիվ ստանում է գերազանց կրթություն, ծանոթանում հույն ու հռոմեացի դասականների, Լուսավորության դարաշրջանի գործերին: 15 տարեկանում սկսում է ճամփորդել Եվրոպայով, Մադրիդում հանդիպում է Մարիա Թերեզային, ում հետ ամուսնանում է և վերադառնում հայրենիք: Կարճ ժամանակ հետո կինը մահանում է դեղին թոքախտից, իսկ Բոլիվարը երդվում է երբևէ նորից չամուսնանալ: 

10 августа 2014 г.

Ինչպես սուրբ Մարկոսը հայտնվեց Վենետիկում

Վենետիկ. Ռեալիզմի փոխարեն հրապարակման շարունակություն
Բյուզանդական ճարտարապետության նմուշ, Ստամբուլի Սբ Սոֆիա տաճարի նմանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: Այս բնութագրումներով կարելի է ողողել Վենետիկի Սուրբ Մարկոս տաճարը՝ յուրահատուկ խորհրդանիշ, որ չի արտացոլում քաղաքի նեղուցակամրջային պատկերը: Մենք էլ չենք խորանա շինության ճարտարապետական մանրամասների մեջ, դա արվեստաբանների գործն է: Կենտրոնանանք պատմական կամ գոնե պատմական թվացող փաստերի վրա:
Առևանգում և բարի գալուստ, Վենետիկ
Մարկոս առաքյալը իր մահկանացուն կնքեց Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Անհրաժեշտ էր նրա մասունքները փրկել մահմեդականներից, ովքեր ոչնչացնում էին քրիստոնեական տաճարները մզկիթներ կառուցելու նպատակով: Լեգենդը պատմում է, որ մնացորդները տեղափոխելու համար վենետիկցի առևտրականները դիմեցին խորամանկության: Դիակը տեղավորեցին տակառի մեջ և ծածկեցին խոզի մսի շերտերով: Նավը խուզարկող սարակինոսները (սարացին), ովքեր իսլամ էին դավանում, բնականաբար չհամարձակվեցին դիպչել «կենդանուն»: Այսպիսով սուրբ Մարկոսը իր վրա վերցրեց երկնքում Վենետիկին հովանավորելու պատրաստակամությունը: 

24 июля 2014 г.

Վիլհելմ Թելլի երեք նետերը. Միջնադարյան Շվեյցարիա

Ալտդորֆը փոքր քաղաք է Շվեյցարիայում՝ Ուրի կանտոնի սրտում: Կենտրոնական հրապարակում կա մի հուշարձան, որը նվիրված է ազգային հերոս Վիլհելմ Թելլին: Հենց այստեղ հարյուրամյակներ առաջ նա արձակեց նետը իր որդու գլխավերևում դրված խնձորի վրա: Ի՞նչով է առանձնահատուկ այս հուշարձանը, և ինչո՞ւ էր խնձորը դարձել հոր նշանակետը...

16 июля 2014 г.

Ջրաշուշաններով ամառային ցանկ

1. «Գարգանտյուան և Պանտագրյուելը» - Ֆրանսուա Ռաբլե 
Ոչ ոք չգիտե՝ ինչու Ռաբլեն հրաժարվեց վանականի փարաջայից և սկսեց բժշկագիտություն սովորել Պուատյեի ու Մոնպելյեի համալսարաններում, ինչպես նաև պարզ չէ, թե ինչու այդքան հաջողակ բժիշկը, տեղափոխվելով Լիոն, նվիրվեց գրական կյանքին: Ֆրանսիական Վերածննդի (16-րդ դար) այս սրամիտ ու երգիծական վեպում հեղինակը ծաղրում է եկեղեցու հավակնությունները, մերկացնում վանականների անկրթությունն ու ծուլությունը՝ ընդգծելով կաթոլիկ հոգևորականության արատները: Վեպի գլխավոր հերոսները բարի հսկաներ են՝ հայր ու որդի, և նրանց հավատարիմ ընկեր Պանուրգը, ովքեր բովանդակությունը զարդարում են իրենց խոսակցություններով, ճամփորդություններով, մանկական ու խելացի արարքներով: 

2 июля 2014 г.

Հռոմ. 7 բլուրներ և հավերժություն

7-ը զարմանալի ու խորհրդավոր թիվ է՝ սրբազան, կախարդական: Շաբաթվա 7 օրեր, մահացու 7 մեղքեր, ծիածանի 7 գույներ, երաժշտական 7 նոտաներ, աշխարհի 7 հրաշալիքներ, երկնային 7 մոլորակներ և, իհարկե, 7 բլուրներ, որոնց վրա տարածվում է հավերժական Հռոմը՝ Տիբրոս գետի ափերին: Առաջինը բնակեցվել է Պալատինումը՝ կենտրոնական բլուրը, այնուհետև Էսքվիլիումը, ավելի ուշ՝ հարավային և հարավարևմտյանները՝ Կվիրինալիում և Կապիտոլիում, վերջիններին հաջորդել են Ավենտինումը, Վիմինալիումը և Ցելիումը: Հռոմեացիների մոտ առաջացավ Սեպտիմոնտիումը՝ 7 բլուրների տոնը, որ նշում էին ամեն տարի դեկտեմբերի 11-ին:
Պալատինում. Այս վայրից է սկիզբ առել Հին Հռոմի պատմությունը: Լեգենդը պատմում է, որ հենց Պալատինումի ստորոտին է հայտնվել Տիբրոսի ալիքներից քշված զամբյուղը, որում եղել են երկու նորածիններ՝ Հռոմուլոսն ու Հռեմոսը՝ ապագա քաղաքի հիմնադիրները: Այստեղ էր նաև երկվորյակ եղբայրներին կերակրող Լուպերկալիոս գայլուհու քարանձավը: Պալատինումի տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Ապոլլոնի, Կիբելայի և Վիկտորիայի տաճարները (երբ Ապոլլոնը ծնվեց, սրբազան կարապները 7 անգամ շրջեցին Դելոս կղզով մեկ, քանի որ ամսվա 7-րդ օրն էր), Սեպտիմոս Սևերոսի հասարակական բաղնիքը, Պալատինումի թանգարանը, որտեղ ներկայացված են հասարակ զենքերից մինչև անտիկ քանդակագործների ստեղծագորություններ: 

27 июня 2014 г.

Ներդաշնակ գիտություններ, կինո. Մաս 3


1. «Սպանել թագավորին» /To kill a king, 2003/
Ստյուարտական Անգլիայում XVII դարն է, և երկրում գահակալում է Չարլզ I-ը: Միապետական բացարձակ կարգերից ու եկեղեցական ռեֆորմներից դժգոհ ընդդիմադիրները Օլիվեր Կրոմվելի և Թոմաս Ֆեյրֆաքսի շնորհիվ հաղթանակ են տանում թագավորական զորքերի նկատմամբ, իսկ խորհրդարանը որոշում է Չարլզին գլխատել: Օլիվերն իրեն հայտարարում է լորդ-պրոտեկտոր և վերածվում ավելի վայրագ բռնակալի, քան իր նախորդն էր:  

26 мая 2014 г.

17-րդ ակնթարթ

Մայիսի 24, 2014թ: Այդ օրը Մարմարյա սրահը շողում էր ծաղիկների, շքեղության ու համատարած ոգևորության փայլի ներքո: Միջոցառումից հետո բոլորը չէ, որ պատրաստվում էին մնալ Երևանում կամ առավել ևս այդքանով ավարտել տոնական ժամանցը: Եվ զարմանալի չէ, որ կարճ ժամանակում երեկոյան զգեստներն ու աքսեսուարները փոխարինվեցին հարմարավետ, ամենօրյա մարզահագուստով, իսկ «օրվա հերոսներից» շատերի ձեռքերին հայտնվեցին ճամպրուկներ: Այո, դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու մեր բազմամարդ խմբով՝ վերջինզանգյան տրամադրությունը բարձր պահելու, իրար շնորհավորելու և երկու օր պարզապես միասին լինելու համար:

12 мая 2014 г.

Վերջինը՝ որպես դպրոցականներ /Տավուշ, Լոռի/

Որքան մոտենում է կրթահամալիրից մեր՝ շրջանավարտներիս հեռանալու պահը, այնքան սպասված ու ցանկալի են դառնում ճամփորդությունները, քանի որ գիտես՝ եթե անգամ ամռանը նոր հնարավորություններ տրվեն, դու այլևս աշակերտի կարգավիճակում չես լինելու: Արդ, մինչև ապագայի անորոշ կողմերը պարզաբանելը, պատմեմ մեր երկօրյա ուղևորության մասին, որն ընդգրկում էր հանրապետության Տավուշի և Լոռու մարզերը:

2 мая 2014 г.

Իտալական «կրունկի» բնակիչը. Օտրանտո

Այսօր գրեթե ոչինչ չի խոսվում Իտալիայի հարավ-արևելքում գտնվող Օտրանտո նավահանգստի երբեմնի կարևորության ու պատմական անցյալի մասին: Երևի այդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ հենց այս վայրին՝ հաշվի առնելով, որ ձմեռվանից սկսել էի իտալական քաղաքները ներկայացնող փոքրիկ շարք (ՎենետիկԹուրին, Միլան, Ֆլորենցիա), և երկրորդ՝ այս հրապարակումը կարտացոլի նաև եվրոպական պատմության որոշ դրվագներ:

27 марта 2014 г.

Մեկ օրվա 15 ժամը

Ասում են՝ կյանքը առավել հետաքրքիր է, երբ հաճախակի անում ես ինչ-որ բաներ առաջին անգամ: Սա երկրորդ այցելությունս էր Շիրակ, իսկ մարզկենտրոն Գյումրի՝ առաջինը: Բազմաշերտ ու յուրօրինակ կազմով էինք ճամփորդում՝ տարբեր տարիքի և հետաքրքրությունների երիտասարդներով, որոնց մեծագույն մասը գիտակների ակումբից էին: Գարնանային արևոտ օրը, մարդկանց ու շրջապատի ներդաշնակությունը դրական պահեր էին խոստանում:

1 января 2014 г.

Տոհմերի անկումը` մինչև Անտոնիններ. Մաս II

Առաջին մասը՝ այստեղ
Երբ համայնքի տաճարում բուրվառով կանգնած սպասարկող տղայի մազերը հանկարծ ճերմակեցին, ոմանք դրանում տեսան տիրակալների փոփոխման նշան՝ իբրև թե երիտասարդից հետո գալու է ծերունի, այսինքն՝ Ներոնից հետո Գալբան: Ներոնը մահացավ 32, իսկ Սերվիոս Գալբան կայսր դարձավ 72 տարեկանում:

Ապագա կայսր Օտոնը հույս ուներ, որ Գալբան իրեն կորդեգրի, բայց երբ նա գերադասեց Պիզոնին, Օտոնը վճռեց ուժի դիմել: Կազմակերպելով Գալբայի սպանությունը և ստանալով վերջինիս գլուխը՝ նա բացականչել էր. «Սա դեռ դատարկ բան է, բարեկամներս, ինձ ցույց տվեք Պիզոնի գլուխը»: Իսկ սպանվելիս Գալբան ասել էր. «Խփեցեք, եթե դա պետք է պետությանը»: