28 октября 2016 г.

Սուրբ Իշտվանի հովանու ներքո. 15 փաստ Հունգարիայի մասին

1. Հունգարացիների ազգային ճաշատեսակը գուլյաշն է, որ պատրաստվում է տավարի կամ հորթի մսով, սոխով և կարտոֆիլով:

2. Ազգային պարը չարդաշն է, տղամարդիկ ու կանայք պարում են զույգերով:

3. Ամենից շատ այցելվող տեսարժան վայրերն են Բալատոն լիճը (հանքային ու ջերմային աղբյուրներով), Անդրաշիի պողոտան, Հերոսների հրապարակը, Սեչենիի բաղնիքը, Սեչենիի շղթայակապ կապուրջը, որ միացնում է Բուդապեշտի երկու մասերը:
4. Իշտվան Առաջինը Հունգարիայի թագավորության հիմնադիրն է (1001 թվական), հունգարացիների ազգային հերոսն ու հովանավորը: Նա նաև սրբացվել է կաթոլիկ եկեղոցու կողմից, քանի որ նրա օրոք են հունգարացիներն ընդունել քրիստոնեություն: 

5. Հունգարիայի Օբուդա կղզում է տեղի ունենում Սիգետ երաժշտական փառատոնը, որ ամեն տարի հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկի ու եվրոպական խոշորագույն փառատոններից է:

6. Լայն տարածում գտած Ռուբիկի խորանարդ ինտելեկտուալ խաղալիքը հայտնագործել է հունգարացի ճարտարապետ Էռնյո Ռուբիկը:

7. Հայտնի հունգարացիների շարքին են դասվում պետական գործիչ Դյուլա Անդրաշին, կոմպոզիտոր Ֆերենց Լիստը, ֆուտբոլիստ Ֆերենց Պուշկաշը, շախմատիստուհի Պոլգար քույրերը:

8. Նոբելյան մրցանակի արժանացել է 13 հունգարացի:

9. Հունգարերենը չի պատկանում ո՛չ ռոմանական, ո՛չ էլ գերմանական լեզվաընտանիքին: Այն ֆիններենի ու էստոներենի հետ ընդգրկված է ֆիննո-ուգրական ընտանիքի մեջ:

10. 1956 թվականին տեղի է ունեցել հունգարական ապստամբություն՝ ուղղված խորհրդային ռեժիմի դեմ:

11. Իրենց հայրենիքից դուրս ամենից շատ հունգարներ բնակվում են Ռումինիայում և Սլովակիայում:

12. Հունգարիայում է Եվրոպայի ամենամեծ սինագոգը՝ հրեական պաշտամունքի տաճարը:

13. Սուրբ Իշտվանը հունգարական պետականության հոմանիշն է: Այն թագը, որով նա օծվել է 1001 թվականին, պատկերված է Հունգարիայի զինանշանի վրա: Սուրբ Իշտվանի թագադրման օրը՝ օգոստոսի 20, հունգարացիների ամենամեծ տոնն է:

14. Բուդապեշտը 1994 թվականին հյուրընկալել է ԵԱՀԽ (այնուհետև ԵԱՀԿ) 7 գագաթաժողովներից մեկը: Այս հանդիպման արդյունքում ակտվորեն քննարկված թեմաներից էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

15. Գերմանացի կոմպոզիտոր Յոհան Բրամսը գրել է Հունգարական պարեր անվանումով ստեղծագործությունների շարք, որոնցից ամենանշանավոր 5-րդ պարն է:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий