29 июня 2012 г.

«Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքի ընթերցումից հետո


Ջոնաթան, դու մոտենում ես երկնքին, երբ մոտենում ես բացարձակ արագությանը: Դա չի նշանակում, որ պետք է թռչես ժամում հազար կամ միլիոն մղոն արագությամբ, կամ թե սովորես թռչել լույսի արագությամբ: Որովհետև յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի:
Հիշիր, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ո´չ տեղը, ո´չ ժամանակը իմաստ չունեն:
Վերլուծություն.

Միշտ կատարելագործվել, բայց երբեք չհասնել կատարելության: Առաջինը կյանքի օրենքն է, դրա շարժիչ ուժը, իմաստը` առանց որի առաջընթաց չես ապրում: Մարդիկ չեմ լինում կատարյալ` միայն այն պատճառով, որ ապրում են, սխալվում, փնտրում, մտափոխվում ու զգում այն ամենը, ինչ մարդը միտված է զգալու: Կատարյալ չեն լինում նաև կենդանիները` թռչունները: Այս պատմվածքի թռչուններին` ճայերին, պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջիններն ապրում էին միայն իրենց կենսական պահանջմունքերը բավարարելու` կեր հայթհայթելու համար ու սպասում այն օրվան, երբ կգա իրենց վախճանի ժամը: Իսկ մյուս խմբի «հիմքը» Ջոնաթան Լիվինգսթոնն էր` Երամի ճայերի միջից առաջինը, ով հասկացավ. «Ճայն անսահմանափակ ազատության գաղափարի մարմնացում է, ճայի մի թևի ծայրից մինչև մյուսի ծայրը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա միտքը»: Շուտով այս գաղափարին հետևեցին նաև այլ ճայեր, ովքեր, հավանաբար, հոգնել էին ամենօրյա նույնությունից, կամ էլ պարզապես հիացել էին Ջոնաթանի թռիչքով ու ցանկացել սովորել թռչել, թռչել բարձր ու անվերջ: Սկզբում Ջոնաթանն անհաջողություններ էր կրում, արդեն մտադրվում էր հրաժարվել իր գաղափարներից ու վերադառնալ նախկին կյանք. «Ես ելք չունեմ: Ես ճայ եմ: Ես կարող եմ միայն այն, ինչ կարող եմ: Եթե ծնված լինեի թռիչքների մասին շատ բան գիտենալու համար, ապա գլխիս փոխարեն հաշվիչ մեքենա կլիներ: Եթե ծնված լինեի արագընթաց թռիչքների համար, ապա թևերս բազեի նման կարճ կլինեին ու մկներով կսնվեի, ոչ թե ձկներով: Հայրս իրավացի է: Խենթությունը մոռանալ է պետք: Ես պետք է վերադառնամ տուն, մեր Երամի մոտ և գոհ լինեմ, որ այնպիսն եմ, ինչպիսին կամ` խեղճ, թույլ ճայ:»

Այնդուհանդերձ, ցանկությունը հաղթում է վախին ու ճայը որոշում է ամեն գնով կատարելագործվել, զարգանալ, քանի որ կյանքի նպատակը նպատակներին հասնելն է` աշխատելով, ձգտելով, երբեմն էլ` անհաջողություններ կրելով: Բայց արդյո՞ք բոլորն էին այդպես մտածում: «Պատկերացնու՞մ ես քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր, տասը հազար, իսկ հետո ևս հարյուր կյանք` մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է:» 

Մեկ այլ միտք էլ, որ անմիջականորեն կապված չէ կատարելագործման հետ, բայց արդիական է նաև մեր առօրյայում: Մարդկանց ընկերությունը կախվա՞ծ է ժամանակից ու տարածությունից: Մի մասը կասի այո, մյուսը` ոչ: Իրականում այդ կախված չէ մարդկանց հարաբերության մտերմությունից, այլ ավելի շատ մարդկանց տեսակից ու նրանց բաժանվելու պայմաններից: «Եթե մեր բարեկամությունը կախված է միայն պայմանականություններից, ինչպիսին տարածությունն ու ժամանակն են, նշանակում է մենք ինքներս խորտակում ենք մեր եղբայրությունը, այն պահին, երբ հնարավորություն ունենք հաղթահարել ժամանակն ու տարածությունը: Բայց հաղթահարելով տարածությունը` միակ բանը, ինչից հեռանում ենք` Այստեղն է: Իսկ հաղթահարելով ժամանակը` մենք հեռանում ենք միայն Այժմ: Մի՞թե կարծում ես, որ մենք չենք կարող մեկ-երկու անգամ ինչ-որ տեղ հանդիպել այն միջանկյալ հատվածում, որ կոչվում է Այստեղ և Այժմ:» Եթե հնարավոր է հաղթահարել ժամանակն ու տարածությունը և առաջնային համարել տվյալ մարդու հանդեպ տածած հարգանքն ու սերը, ապա հնարավոր է ամուր պահել նաև ընկերությունը, բարեկամությունը, որոնք մարդկանց այնքան անհրաժեշտ են:
Մի՞թե Երամի մնացած ճայերը երբևէ կկիսեն Ջոնաթանի, Ֆլետչերի, Վիլյամի կարծիքները ու կհասկանան, որ ազատ լինել օգնելու օրենքից բացի ուրիշ օրենք չկա: Սա դեռ կպարզվի ճայերի «էվոլյուցիայի» ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий