2 мая 2014 г.

Իտալական «կրունկի» բնակիչը. Օտրանտո

Այսօր գրեթե ոչինչ չի խոսվում Իտալիայի հարավ-արևելքում գտնվող Օտրանտո նավահանգստի երբեմնի կարևորության ու պատմական անցյալի մասին: Երևի այդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ հենց այս վայրին՝ հաշվի առնելով, որ ձմեռվանից սկսել էի իտալական քաղաքները ներկայացնող փոքրիկ շարք (ՎենետիկԹուրին, Միլան, Ֆլորենցիա), և երկրորդ՝ այս հրապարակումը կարտացոլի նաև եվրոպական պատմության որոշ դրվագներ:

Օտրանտոն իտալական պետության Ապուլիա շրջանի ամենաարևելյան կետն է, որ Ալբանիայից բաժանվում է Ադրիատիկ և Հոնիական ծովերը իրար միացնող Օտրանտոյի նեղուցով: Ապուլիայի շրջանը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. I հազարամյակում, երբ մեսսապներն այստեղ հիմնել են իրենց գաղութները: Ավելի ուշ Օտրանտոն գրավվել է Հռոմի կողմից և նախկին Հիդրոսի փոխարեն ստացել Հիդրունտում անունը՝ վերածվելով տրանսպորտային, նավահանգստային, տնտեսական կենտրոնի, որը կապ էր ապահովում Բալկանյան և Փոքր Ասիա թերակղզիների միջև:

1480-ական թթ սկզբին ՝ սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի գահակալման օրոք (նա արդեն կործանել էր Բյուզանդիան՝ գրավելով Կ.Պոլիսը), Օսմանյան կայսրությունը աննախընթաց վերելք էր ապրում: Սուլթանի հրամանով զորավար Ահմեդ փաշան Ալբանիայից հայտնվեց Օտրանտոյի մատույցներում և ամռանը մեծ նավատորմով պաշարեց նավահանգիստը: Հանդիպելով դիմադրության՝ Ահմեդ փաշան գրոհով վերցրեց ամրությունը՝ բնակիչներին մատնելով սպանդի կամ գերության: Երեք օր անց 813 կալանավորների պարտադրվեց հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել իսլամ, որպեսզի խնայեն նրանց կյանքը: Ծեր դերձակ Անտոնիո Պեցցուլան հանդես եկավ իրենց հավատին մնալու կոչով, ինչի համար գլխատվեց առաջինը և տեղացիների կողմից ստացավ Պրիմալդո՝ «առաջին» մականունը: 2013թ մայիսին Օտրանտոյի նահատակները սրբացվեցին Հռոմի պապ Ֆրանցիսկի որոշումով:

Օսմանյան բանակը շուտով վերադարձավ Ալբանիա՝ նախատեսելով համալրել զորքերը և կրկին գալ Օտրանտո: Մայիսի 1-ին քրիստոնյաները հարձակվեցին զավթված քաղաքի վրա, իսկ թուրք զորավարը, իր երկրից բավարար ուժեր չստանալով և լսելով սուլթանի մահվան լուրը, ստպված էր թողնել այն: Ասում են՝ միայն վերահաս մահը (1481թ մայիսի 3), խանգարեց Մեհմեդին շարժվել Հռոմի դեմ… Այս անկումից հետո Օտրանտոն կորցրեց իր քաղաքական ու մշակութային դերը ու այլևս չվերականգնեց նախկին հեղինակությունը:

Դարեր անց՝ 1800-ական թթ սկզբին, Նապոլեոն Բոնապարտը Օտրանտոյի ամրոց տեղափոխեց իր կայազորը, իսկ Օտրանտի հերցոգի ժառանգական տիտղոսը շնորհեց բավական հայտնի ու ազդեցիկ անձնավորության՝ ոստիկանական մինիստր Ժոզեֆ Ֆուշեին:

Oտրանտոյի տեսարժան վայրերից են քաղաքի տաճարը և ամրոցը (նկարում հենց դա է պատկերված): Անգլիացի գրող Հորաս Ուոլփոլը հրատարակել է «Օտրանտոյի ամրոցը» գոթական ոճի սիրավեպը:

Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.
Խորհրդատու՝ Վահրամ Թոքմաջյան

Комментариев нет:

Отправить комментарий