12 мая 2014 г.

Վերջինը՝ որպես դպրոցականներ /Տավուշ, Լոռի/

Որքան մոտենում է կրթահամալիրից մեր՝ շրջանավարտներիս հեռանալու պահը, այնքան սպասված ու ցանկալի են դառնում ճամփորդությունները, քանի որ գիտես՝ եթե անգամ ամռանը նոր հնարավորություններ տրվեն, դու այլևս աշակերտի կարգավիճակում չես լինելու: Արդ, մինչև ապագայի անորոշ կողմերը պարզաբանելը, պատմեմ մեր երկօրյա ուղևորության մասին, որն ընդգրկում էր հանրապետության Տավուշի և Լոռու մարզերը:
Գիտակների ակումբի 12-հոգանոց կազմը ուներ նպատակակետ՝ Նոյեմբերյանի Կողբ գյուղը (խոշորներից մեկը ՀՀ-ում), որտեղ հասանք Իջևանով` Պարզ լիճ և Հաղարծնի վանական համալիր այցելելուց հետո (մի քանիսի համար սա երկրորդ անգամն էր): Կողբ գյուղն աչքի էր ընկնում Տավուշի մարզին բնորոշ անտառաշատությամբ ու բնության մաքրությամբ: Առաջին օրվա երեկոն անցավ լուսնկա երկնքի տակ ճարճատող խարույկի շուրջ՝ իր մեջ ներառելով ուսուցողական, բանավիճային ու զբաղմունքային տարրեր: Վերահաս կեսգիշերը ազդարարեց մեր ճամփորդական ընկերներից մեկի՝ Մամիկոնի ծննդյան տարեդարձի սկիզբը:

Այդ օրը՝ մայիսի 11-ը, հատկանշական էր նաև նրանով, որ իր հետ բերեց չնախատեսված բաներ, ինչպես Դսեվանք (Դրսեվանք) ու Ալավերդի գնալը: Դսեվանքի մոտակայքում գետակը իր կարկաչով մի կտոր էր, որը չկար Կողբում, իսկ բարձր կամուրջը տեսարան էր հիշեցնում նեղուցներով ու կամուրջներով հարուստ Վենետիկից: Ալավերդին կարողացանք լավ ուսումնասիրել ճոպանուղու շնորհիվ: Քաղաքով հոսում էր Դեբեդը, գործարաններից վեր ելնող ծուխը ժայթքող հրաբուխի տպավորություն էր թողնում, նաև պատմական-մշակութային հուշարձաններ կային:
Եվս մեկ նորություն էր Հաղպատի և Սանահինի վանքերում շրջագայելը՝ վերհիշելով դրանց կառուցողին՝ Աշոտ Գ Ողորմածի կնոջը՝ Խոսրովանույշ թագուհուն, ինչպես նաև անդրադարձանք միջնադարյան այս շինությունների կրթական դերին, այստեղ սովորած հայ անվանի գործիչներին՝ իրավաբաններ, պատմաբաններ, փիլիսոփաներ: Հաղպատի վանքում կար երազանքի պատ. եթե ցանկություն պահեիր ու կարողանայիր անցնել նեղ տարածությամբ, ապա այն կիրականանար: Մեր մեջ այդ առումով բախտավորներ չեղան)

Հետդարձին անցանք ևս երեք քաղաքով՝ Սպիտակ, Վանաձոր ու Ապարան՝ ամփոփելով մայիսյան առաջին ճամփորդությունը, որը հաջողված էր, դրական ու գեղեցիկ պահերով լեցուն, հեռանկարային: Երևի այն կլինի վերջինը, որին մի քանիսս մասնակցեցինք որպես աշակերտներ…

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր մեկ այլ ընկերոջ՝ Սանասարի հարազատներին՝ Դսեվանքում մեզ ջերմությամբ հյուրընկալելու և տեղի արտասովոր բնությանը մեզ հաղորդակից դարձնելու համար: 

Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.

Комментариев нет:

Отправить комментарий