Ստացվեց
այնպես, որ «Ապոլլոն» գիտակների ակումբը որոշեց այս ուս. տարվա ընթացքում երկրորդ ճամփորդությունը
կազմակերպել դեպի Շիրակի մարզ: Հուրախություն մեզ՝ եղանակն արևոտ էր, հաճելի, աշունն ասես
մոռացել էր, որ վերջին ամիսն է ապրում և հրաժարվել ցուրտ կամ անձրևոտ լինելուց: Մաստարա
գյուղում առաջինը տեսանք Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձանը, և սա
էլ հարմար առիթ էր՝ հիշելու և պատմելու «Նեմեսիս» գործողության, Թալեաթի և Եղեռնի մյուս
հիմնական կազմակերպիչների սպանության մասին առանցքային տեղեկությունները:
Արագածոտնի
մարզում մեր հաջորդ ու վերջին կանգառը Մաստարայի Սբ Հովհաննես եկեղեցին էր՝ յուրօրինակ
նրանով, որ կառուցվել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա, որոնք Գրիգոր Լուսավորիչը
բերել էր Մաժակից: Եկեղեցու ընդարձակ գավթում աչքի էին ընկնում նախշազարդ խաչքարերը,
ներսում արագածոտնյան շրջագայությունն ամփոփեցինք Մաստարայի մասին կարճ ակնարկով և հոգևոր երգով: Բացի Սբ Հովհաննեսից՝ եղանք նաև Թուխ Մանուկ եկեղեցում և 17-րդ դարի գետնափոր մատուռում:
Շիրակի դաշտ: Հոռոմի
ջրամբարը չէր հասցրել սառչել, բայց
շրջակայքը մաքրությամբ չէր առանձնանում: Հոռոմ
գյուղը հայտնի է նաև Ուրարտական ցիտադելով ու դամբարաններով, որոնք
վերաբերում են նախաքրիստոնեական ժամանակներին:
Ճամփորդությանը նոր լիցքեր հաղորդեց Շիրակի մարզի Նոր կյանք գյուղը, որն ասոցացվեց աշնանային
վառ գույների, անդորրի և հյուրընկալ բնակիչների հետ: Այստեղ
անցկացրեցինք մեր հերթական ոչ ֆորմալ դասը՝ «Օջախ
հասկացությունը և դրա նշանակությունը» թեմայով՝
թոնրի շուրջ, ամենագործնական պայմաններում:
Հառիճավանքի բնապատկերները, Մաստարայի ոճով կառուցված և նորից ընդարձակ բակ ունեցող եկեղեցին
ճամփորդության վերջին կետերն էին, տպավորությունների ու տեղեկությունների հարուստ աղբյուր: Ընդհանուր առմամբ այցելեցինք հետևյալ գյուղերը՝ Մաստարա, Հոռոմ, Վարդաքար, Մեծ ու Փոքր Մանթաշներ, Նոր կյանք, Հառիճ, անցանք Մարալիկ, Արթիկ, Ապարան քաղաքներով:
12-րդ
դասարանում մեկօրյա ճամփորդությունը շատ հաճախ ոչ թե խանգարող հանգամանք է «գերզբաղված»
շրջանավարտների համար, այլ ուղղակի պահանջ՝ այդ զբաղվածությունից հեռանալու, ներկան
վերաարժևորելու համար:
Աիդա
Գրիգորյան, 12-րդ դասարան
Նկարում՝ Հոռոմի ջրամբար (անձնական արխիվից)
Նկարում՝ Հոռոմի ջրամբար (անձնական արխիվից)
Комментариев нет:
Отправить комментарий