Երբ մարդիկ երկար ժամանակ ապրում են նույն միջավայրում, ձեռք
են բերում ընդհանուր որոշ գծեր ու հավաքական մտածողություն: Այդ առումով հետ չի մնում
նաև հայը, ով ժամանակային հոսքին զուգընթաց ստեղծում է իր ուրույն քաղաքակիրթ հասարակությունը:
Առաջին հերթին ես չեմ ընդունում արարքը մեր հանրության այն զանգվածների,
որոնք մի քանի մետաղադրամի համար նպատակահարմար են գտնում բռնել արտասահման տանող ճանապարհն
ու իրենց «փոքրիկ ներդրումն ունենալ» Հայաստանում արտագաղթի ցուցանիշի բարձրացմանը:
Հասկանալի է, որ այդ որոշումը սուբյեկտիվ այս կամ այն պատճառով է պայմանավորված, բայց
տեսնենք, թե որն է լուծումը:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ ուսանող, թե մեծահասակ, պետք է վստահությամբ
գիտակցի, որ ինքը պետք է մեր երիտասարդ հանրապետությանը, որ մեր երկիրն ունի ամեն հայի
թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ առավելապես հոգևոր ներուժի կարիքը: Յուրաքանչյուրը
պետք է փորձի մինիմալ բավականություն ստանալ իր ամենօրյա աշխատանքից, ցանկացած գործ
կատարի սիրով: Եթե մեր հասարակության բոլոր անդամներն իմանան սեփական իրավունքներն
ու պարտականությունները՝ համատեղելով դա համարձակության ու գիտելիքի հետ, ապա ոչ մի
կառավարություն, ոչ մի գործիչ չի կարող կոտրել-թևաթափ անել նրանց:
Ամեն անգամ, երբ Հայաստանից թեկուզ մեկը անվերադարձ հեռանում
է, մեր պետության առաջընթացի հեռանկարները թեկուզ փոքր չափով, բայց նվազում են: Չէ՞
որ պետությունն իր ժողովրդագրական պատկերով է զորեղ: Այս պահին տեղին է հիշատակել ԱՄՆ
նախագահ Ջոն Քենեդիի հետևյալ խոսքերը. «Մի հարցրու, թե քո երկիրն ինչ կարող է անել
քեզ համար, հարցրու, թե դո՛ւ ինչ կարող ես անել քո երկրի համար»:
Մյուս խնդիրը նույնպես հոգեբանական բնույթ ունի: Ես կփոխեի հայ
մարդկանցից շատերի վերաբերմունքը Հայաստանում նշվող տոների նկատմամբ: Մեզ մոտ չի ստացվում
դրանք լիակատար ոգևորության ու միասնության մթնոլորտում անցկացնելը: Աշխատավորները
սպառվում են իրենց աշխատանքային գրաֆիկի ծանրությունից, նախընտրում են այդ օրերին տնից
դուրս չգալ և հանգստանալ: Թերևս միայն ապրիլի 24-ին են ծանոթ ու անծանոթ կողք-կողքի
քայլում՝ վերջնակետ ունենալով Ծիծեռնակաբերդը:
Կուզեմ, որ ավելի մեծ եռանդով կազմակերպվեն մայիսի 9-ի, մայիսի
28-ի, սեպտեմբերի 21-ի միջոցառումները, հայ մարդն էլ համերգի, շքերթի մասնակցելու տրամադրություն
ունենա, տարվա մեջ մի քանի անգամ անհոգ կերպով հիշի իր պատմության լուսավոր էջերը,
դուրս գա կենցաղից՝ զգալով մշակութային պահանջմունքների բավարարաման անհրաժեշտություն:
Ի՞նչ անել դրա համար: Մամուլը կարող է նախապես տեղյակ պահել տոնի անցկացման վայրի,
ժամի ու ծրագրի մասին: Երկու տարի առաջ մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, ես
մայրաքաղաք Թբիլիսիում էի: Իմ փորձով համոզվեցի, որ տարբեր տարիքի հազարավոր մարդիկ
կարող են փողոցում հավաքվել բացօթյա համերգի և միասին ստեղծել հիշարժան օրվա ողջ կոլորիտը:
Մի՞թե մենք այս հարցում հաջողություն չենք գրանցի...
Հեղինակ՝ Աիդա Գրիգորյան
Գրվել է ներկայացվելու Հայ Կրթական Հիմնարկություն
12 մայիսի 2015թ
Գրվել է ներկայացվելու Հայ Կրթական Հիմնարկություն
12 մայիսի 2015թ
Комментариев нет:
Отправить комментарий