Սխալվել էի՝ մտածելով, որ մայիսի 29-ից
հետո Երևանից դուրս որևէ ճամփորդության չեմ մասնակցի: Հոկտեմբերի 6-ը վերջ դրեց
այս կարճատև ընդմիջմանը՝ դառնալով ուսումնահայրենագիտական բացառիկ դրսևորումներ
պարունակող օր:
Աղձք
գյուղում, Վասակ սպարապետի վերաթաղած՝ Արշակունի թագավորների
ոսկորները գտնելու փոխարեն, հանդիպեցինք այդ տոհմի գահակալների
արձաններին, որոնք անտրտունջ հսկում էին արքայական դամբարանի կամարաձև մուտքը:
Կոշ
գյուղում սուրբ ուխտի տոն էր. մեծահասակ ու անչափահաս, գյուղացի ու վաճառական խառնվել
էին դեպի բերդ տանող ճանապարհին՝ առևտուր անելու և միգուցե իրենց հոգևոր-մշակութային
պահանջմունքները բավարարելու համար: Կոշի բերդը մոտ էր. այն հիմա կիսաքանդ վիճակում է, բայց
գեղեցիկ՝ ինչպես դրա բարձունքից բացվող տեսարանը: Ավերակների մեջ առանձնանում էր լայն
ու խորը փոսը՝ բերդի լավ պահպանված մասերից մեկը, որն ավելի պատկերավոր էր դարձնում
այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում էինք՝ IV դար, Տիրան արքայի գահակալում, հայ-պարսկական
ու ներքին հակամարտություններ:
Շուտով ծավալվեց մեր զրույց-քննարկումը, որը նախատեսված
էր անցկացնել սոցիալ-մշակութային մարդաբանություն առարկայի շրջանակներում՝ կրոնի (կրոնների)
վերաբերյալ: Խմբում կային տարբեր հայացքներ ունեցող սովորողներ, իսկ քանի դեռ ինքս
նոր եմ սկսում կրոնի մասին իմ գիտելիքները հարստացնելու և պատկերացումները ձևավորելու
ճանապարհը, ավելի շատ լսում էի, քան խոսում: Այս թեման առհասարակ անսպառ է, հուսով
եմ՝ նորից առիթ կունենանք դրան անդրադառնալու:
Հետդարձի
ճանապարհին փոքրիկ ինտելեկտուալ խաղեր կազմակերպեցինք, որոնք ընթանում էին ուսուցիչների
միջև և ուղեկցվում մասնակի ընդհարումներով (զուտ մրցակցության տեսանկյունից)):
Ճամփորդությունը
չէր կարող լավը չլինել: Պատմությունը երբեք չի ձանձրացնում: Ինչքան շատ ես այն սովորում,
այնքան մեծանում է նրա խորհրդավորությունը:
Աիդա
Գրիգորյան, 12-րդ դաս.
Комментариев нет:
Отправить комментарий