Հռոմեական օրացույցում իդեր էր կոչվում ամսվա կեսը՝ 15-րդ
կամ 13-րդ օրը՝ կախված ամսվա տևողությունից: Ք.ա. 44թ մարտյան իդերին՝ մարտի 15-ին,
դավադիրների ձեռքով սպանվեց Հուլիոս Կեսարը: Պլուտարքոսը վկայում է, որ
գուշակը օրեր առաջ Կեսարին ասել էր, որ նա այդ օրը զգուշանա մահից: Սենատի աստիճանների
վրա հանդիպելով գուշակին՝ Կեսարը նրան հեգնանքով ասաց. «Մարտյան իդերը սկսվել են»:
«Սկսվել են, բայց դեռ չեն անցել»,- պատասխանեց գուշակը: Րոպեներ անց Կեսարը սպանվեց:
Ակցիումի ծովամարտում Մարկոս Անտոնիոսին պարտության մատնելուց
հետո Օկտավիանոս Օգոստոսը Էպիրոսի հարավարևմտյան
եզրին կառուցեց Նիկոպոլիսը` «հաղթանակի քաղաք», Ապոլլոնի պատվին կազմակերպեց ռազմական
մրցություններ, որոնք վերածվեցին Ակտիական խաղերի՝ սպորտի և արվեստի տոնի:
Նիկոպոլիսը մասամբ ավերվեց Հուլիանոս Ուրացող կայսեր գահակալման
տարիներին, այնուհետև կողոպտվեց գոթերի կողմից և վերականգնվեց միայն Հուստինիանոս I-ի
օրոք: Այնուամենայնիվ, միջին դարերում այս քաղաքի անունը ջնջվեց պատմության էջերից:
Գինու նկատմամբ տածած թուլության համար Տիբերիոսին անվանում էին ոչ թե իր անունով՝
Տիբերիոս Կլավդիոս Ներոն, այլ Բիբերիոս (bibere` «խմել» բառից) Կալդիոս (caldum` «տաքացրած
գինի» բառից) Մերոն (merum` «մաքուր գինի» բառից):
Երբ ինչ-որ մեկը դիմել էր նրան «տիրակալ» բառով, նա տեղնուտեղը
հայտարարել էր, որ իրեն թող այլևս այդպես չվիրավորեն: «Ես տիրակալ եմ ստրուկների համար,
կայսր՝ զինվորների համար, պրինցեպս՝ մնացյալ բոլորի համար»:
Կալիգուլա (Caligula`
նվազեցված caliga` զինվորական երկարաճիտ կոշիկ բառից) մականվան համար նա պարտական էր
ճամբարային կատակի, որովհետև մեծացել էր զինվորների շրջապատում, շարքային զորականի
զգեստներով:
Երբ խաժամուժը, ի վիրավորանս նրա, ծափահարում էր մյուս կառավարներին,
նա բացականչեց. «Օ, եթե հռոմեացի ժողովուրդը միայն մեկ պարանոց ունենար» (որ կարելի
լինի կտրել այն):
Զվարճանալով կատակներով՝ նա մեկ անգամ կանգնեց Յուպիտերի
արձանի կողքին և հարցրեց ողբերգակ դերասան Ապելլեսին, թե ում մեջ ավելի վեհություն
կա: Իսկ երբ սրա պատասխանը հապաղեց, Գայոսը կարգադրեց մտրակով խարազանել նրան:
Ներոնը ծնվեց
Անցիումում, և իսկույն էլ նրա բախտացույցով շատերի կողմից բազում սարսափելի կռահումներ
եղան: Դիոնը հաղորդում է, որ երբ աստղագետը դրանից հետո նրա մորն ասաց, որ մանուկը
արքա կդառնա, բայց կսպանի մորը, Ագրիպպինան բացականչել էր. «Թող սպանի ինձ, միայն թե
թագավորի»:
Նա հրկիզեց Հռոմը և այդ հրդեհը դիտում էր Մեկենասի աշտարակից,
վայելք ապրելով փառահեղ բոցից և թատերական հագուստ զգենած՝ երգում էր «Տրոյայի խորտակումը»:
Ապրիլ ամիսը նա անվանեց Ներոնիում, իսկ Հռոմ քաղաքը պատրաստվում
էր վերանվանել Ներոպոլիս:
Արդեն մոտենում էին հեծյալները, որոնց հանձնարարված էր կենդանի
բռնել նրան: Լսելով նրանց ձայները՝ նա դողդողալով ասաց. «Սրընթաց վարգող ձիերի դոփյունը
ծակում է ականջներս»,- և իր խորհրդական Էպաֆրոդիտեսի օգնությամբ սուրն իր կոկորդը խրեց:
Նա դեռևս շնչում էր, երբ ներխուժեց ցենտուրիոնը և, թիկնոցով սեղմելով նրա վերքը, ձևացրեց,
թե իբր ուզում է օգնել նրան: Նա միայն կարողացավ պատասխանել՝ «Ուշ է»,- և՝ «Ահա նա՝
հավատարմությունը»,- ու այդ խոսքերով ավանդեց հոգին:
Շարունակելի...
Комментариев нет:
Отправить комментарий