Նախկին խորհրդային 5 հանրապետություններ՝ քիչ տարածված ու խորհրդավոր
փաստերով:
Կարակում անապատով անցնելիս նկատելի է տարօրինակ ու առեղծվածային
վայր՝ գազային խառնարան, որը դարձել է Թուրքմենստանի խորհրդանիշներից մեկը: Տեղացիներն
ու ճանապարհորդները այն անվանում են «Դժոխքի դարպասներ» (Դարվազա), բայց իրականում դեռ
ոչ ոք չի տեսել, թե ինչ կա կրակներից այն կողմ:
Ի՞նչն է միավորում ադրբեջանական «այրվող լեռանը» և Թուրքմենստանի
առաջին նախագահի ձիուն: Ապշերոնյան թերակղզում նույնպես վայր կա, որտեղից հավերժական
կրակ է ժայթքում՝ Յանարդաղը: Իսկ Նիյազովի (թուրքեմենների համար՝ Թուրքմենբաշի) ձին,
որը պատկերված է երկրի զինանշանի վրա, նույնպես ուներ Յանարդաղ անունը:
Հնագույն քաղաք է Սամարղանդը (Ուզբեկստան), որի շուրջ հետաքրքիր
լեգենդներ են պտտվում: Երբ Լենկ Թեմուրը պետք է ընտրեր մայրաքաղաք, նա պատվիրեց երեք
ոչխար մորթել՝ մեկը Տաշքենդում, մեկը Բուհարայում, մյուսն էլ Սամարղանդում: Երեք օր
հետո կենդանու մարմինները Տաշքենդում և Բուհարայում նեխեցին, իսկ Սամարղանդում դեռ
թարմ էին մնացել: Այսպես ընտրվեց զորավարի մայրաքաղաքը:
Մեկ այլ պատմություն էլ է շրջանառվում: Չինաստանը, Սիրիան, Հնդկաստանը,
Եգիպտոսը նվաճելուց հետո Լենկ Թեմուրը որոշեց վերանվանել Սամարղանդի շրջակայքի փոքր
գյուղերը՝ կոչելով դրանք Պեկին, Դամասկոս, Դելի, Կահիրե: Այս արարքով նա ցանկանում
էր ընդգծել, թե որքան աննշան են այդ մայրաքաղաքները Սամարղանդի հետ համեմատ:
Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի իրանալեզու միակ պետությունն
է՝ ի տարբերություն մյուսների, որոնք թյուրքական են: Տաջիկստանը հոգևոր ժառանգությամբ
մեծ կապ ունի Իրանի և Աֆղանստանի հետ:
Ուզբեկստանի հարևան բոլոր պետությունների անվանումը վերջանում
է «ստան»-ով, և այն Կենտրոնական Ասիայում սահմանակցում է տարածաշրջանի բոլոր պետություններին:
Վերջին տարիներին գիտականորեն հաստատվել է, որ Ղազախստանը իրավունք
ունի համարվելու խնձորի հայրենիքը: Պատահական չէ, որ ղազախական քաղաք Ալմա-Աթան թարգմանվում
է «խնձորի հայր»:
Իսկ ահա Ուզբեկստանի հպարտությունը բամբակն է, որը հանդիպում
է նաև պետության զինանշանի վրա: Չնայած դրան՝ մշակաբույսը պատճառ է դարձել էկոլոգիական
բազմաթիվ խնդիրների առաջացման, որի ցայտուն օրինակ է Արալյան ծովի վերածումը անապատի:
Ղրղըստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեքը խորհրդային տարիներին
կոչվել է Ֆրունզե՝ ի պատիվ այստեղ ծնված ռազմական-հեղափոխական գործիչ Միխայիլ Ֆրունզեի:
Ի դեպ՝ հենց այս զորավարի ազգանունն է որպես անուն կրել հայ դերասան Մհեր (Ֆրունզիկ)
Մկրտչյանը:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий