Միայն մեկ բառակապակցությամբ 2014 թվականը կարելի է անվանել «սահմանագիծ տարի»:
Սպասված իրողություն է, երբ հատում ես աշակերտ-ուսանող կամուրջը, դպրոցականից դառնում
ես համալսարանական և պատրաստվում ես երեխայից վերածվել չափահաս մարդու: Ուղիղ իմաստով
չափահաս՝ 18 տարեկան:
Մինչ կանխատեսելը, թե ինչեր կլինեն հաջորդ՝ այծի տարում, փորձեմ
ամփոփել Նապոլեոնի Մարենգո ձիու մոխրագույն երանգներով 2014-ը: Տարին հագեցած էր Հայաստանի
ներսում կատարած ճամփորդություններով՝ դեպի Գյումրի, Տավուշ-Լոռի,
Ջերմուկ, Ամբերդ
և Թալին: Ուսումնական առումով այս տարին ամենապատասխանատուն էր, որովհետև նախանշեց
իմ՝ դիվանագետ դառնալու հեռանկարի իրատեսականությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
գիտելիքով, փորձով ու վստահությամբ զինված՝ դեպի Երևանի պետական համալսարան. ահա մեկ
հաստատուն քայլ ապագայի համար: Մյուս հիշարժան իրադարձությունները կապված են մեր արևմտյան
հարևանի հետ՝ որքան էլ անբարյացակամ լինի: Սեպտեմբեր ամսին ես բախտ ունեցա լինելու
նախկին Կ.Պոլսում՝ անկրկնելի Ստամբուլում,
և այնտեղ այցելելու իմ ներկայիս պատերացումներում արմատավորված առավել գրավիչ վայրերը:
Նույն ամսին սկսեցի նաև սովորել թուրքերեն: Միգուցե դիվանագիտական գործունեության շրջանակներում
զգացնել տա իր կարիքը)) Գիտակների ակումբի ազդեցությամբ ու ներշնչանքով ԵՊՀ-ում սովորելու
հենց առաջին եռամսյակում վարեցի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ներֆակուլտետային
առաջնություն՝ ստանալով, իհարկե, Ուսխորհրդի անմիջական օգնությունը: Օլիմպիադաների,
հեռուստախաղերի մասնակցելը պետք է առօրյայի մաս դիտարկել, սխալ կլինի դրանք տարեկան
նշանակալից դեպք համարելը:
2015 թվական ասելիս պատկերացնում եմ, որ Հայաստանի համար այն բեկումնային է լինելու,
կամ էլ դրա պես մի բան. մեր պրոգրես-ռեգրեսի տեսլականը ԵՏՄ-ի հետ ենք կապում, սպասում
ենք ժողովրդավար Եվրոպայում ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի դատաստանին, ենթադրում
ենք՝ ապրիլի 24-ին Էրդողանը, հրավերից օգտվելով, Հայաստան կգա՞, թե... Ես սպասում եմ, որ այս բոլոր մռայլությունների մեջ
ծագող լույսը զարմացնելու է բոլորին՝ ոչ այն պատճառով, որ լույսն առատ կլինի, այլ պարզապես
որ այն լինելու է...
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий