11 ноября 2015 г.

Պիրենեյան թերակղզու միապետությունը (տեսարժան վայրեր Իսպանիայում)

Մադրիդ, Իսպանիայի հրապարակ

Կաստիլյա-Լեոն և Կաստիլյա-Լա-Մանչա ինքնավար շրջանների միջև է գտնվում Իսպանիայի արքայական մայրաքաղաքը, որի կենտրոնը Իսպանիայի հրապարակն է: Այստեղ են շքեղ Կասա Գայարդոն, «Իսպանիա» շենքը և Մադրիդյան աշտարակը, որին բարձրության պատճառով տվել են «Ընձուղտ» մականունը: Հրապարակի տեսքը զարդարում են իսպանական ու համաշխարհային գրականության անմահ հերոսների՝ Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի, ինչպես նաև նրանց «կյանք տվողի»՝ Միգել Սերվանտեսի արձանները:
Իսպանիայի հրապարակից ոչ հեռու Թագավորական պալատն է, դրա դիմաց՝ Ալմուդենա թագավորական տաճարը՝ կոչված Մադրիդի հովանավոր կույս Ալմուդենայի պատվին: 2004թ այս տաճարում պսակադրվեցին Իսպանիայի ներկայիս թագավոր Ֆիլիպ VI-ը և հաղորդավարուհի Լետիսիա Օրտիսը: 

Սևիլյա, Մաեստրանսա

Ամեն տարի Սևիլյայում կազմակերպվում է Ֆերիա դե Աբրիլ միջոցառումը, որն ազդարարում է ցլամարտային ներկայացումների սկիզբն իսպանական հնագույն արենայում՝ Մաեստրանսայում: Ապրիլից մինչև հոկտեմբեր յուրաքանչյուր կիրակի այստեղ հնարավոր է ներկա լինել սրբազան կենդանու և տորերոյի միջև դիտարժան ու վտանգավոր պայքարին, այցելել ցլամարտի պատմության թանգարան:

Մաեստրանսայի մոտ կանգնեցված է Պրոսպեր Մերիմեի վեպի հերոսուհու՝ գնչուհի Կարմենին նվիրված քանդակը: Այն տեղադրվել է Գվադալկվիվիր գետի ափին՝ հենց այն մասում, որտեղ, ըստ վեպի գործողությունների, խանդոտ դոն Խոսեն սպանեց ազատասեր աղջկան:

Բիլբաո, Գուգենհայմ

Երկար տարիներ Բիլբաոն համարվում էր Իսպանիայի ամենատգեղ քաղաքը, մինչև հանրության առաջ բացվեցին ժամանակակից արվեստի թանգարան Գուգենհայմի դռները: Արտաքինից շինությունը նավի տեսք ունի (Բիլբաոն նավահանգիստ է), կառուցված է ապակուց, տիտանից և կրաքարից: Թանգարանի առջև կան ճարտարապետական մի քանի գեղեցիկ նմուշներ՝ «Կակաչներ», բնական ծաղիկներից պատրաստված «Շնիկը» և «Մաման» սարդը:

Գուգենհայմ հասնելու համար պետք է անցնել Սուբիսուրի (բասկերենից թարգմ.՝ «սպիտակ կամուրջ») հետիոտնային կամրջով, որ կառուցված է Ներվիոն գետի վրա:
Լա Կորունյա, Հերկուլեսի աշտարակ

Աշխարհի ամենահին փարոսը և միակը հինհռոմեականների մեջ, որ օգտագործվում է մինչ օրս: Ժայռոտ լեռները մեծ վտանգ էին ներկայացնում նավաստիների համար, և հռոմեացիները որոշեցին փարոսի միջոցով հեշտացնել նավերի անցումը:

Ըստ հունական առասպելի՝ Հերակլեսը պարտության մատնեց Հերիոնին ու այդ առթիվ կանգնեցրեց բարձր աշտարակ: Այսպես էլ առաջացավ կոթողի անվանումը: Փարոսի հարևանությամբ են գտնվում նաև քանդակների պուրակը, հողմերի սխեման և մուսուլմանական գերեզմանատունը: Հերկուլեսի աշտարակը ընդգրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում. այն Լա Կորունյա քաղաքի յուրօրինակ խորհրդանիշն է:

Գրանադա, Ալհամբրա

Անհնար է խոսել Իսպանիայի մասին՝ չանդրադառնալով արաբական մշակույթի թողած ազդեցությանը: Սիեռա Նևադա լեռնաշղթայի ստորոտին հանգրվանած Գրանադան հիացնում է Ալհամբրա համալիրով, որ ներառում է պալատներ, այգիներ, ամրություններ և համարվում է մուսուլման վարպետների գլուխգործոցը Արևմտյան Եվրոպայում:

Ալհամբրան կառուցել են Գրանադայի էմիրները՝ Նասրիդները, և այն դարձրել իրենց նստավայրը:

Եվս երկու փաստ իսպանական քաղաքների մասին.

Մուրսիան անվանում են Իսպանիայի «շիկացած թավա», քանի որ այն շրջապատված է լեռներով, և օդի շրջապտույտը թույլ է: Այդ պատճառով Մուրսիայի կլիման բնորոշվում է հետևյալ արտահայտությամբ. ''Seis meses de invierno y seis meses de infierno'', որ նշանակում է «6 ամիս ձմեռ և 6 ամիս դժոխք»:

Օվյեդոն Աստուրիայի արքայազնի /արքայադստեր մրցանակների հանձնման վայրն է: Աստուրիայի արքայազնը /արքայադուստրը տիտղոս է, որ շնորհվում է իսպանական թագի ժառանգին՝ կախված նրա սեռից: Մրցանակները շնորհվում են Արվեստ, Հասարակական գիտություններ, Հումանիտար գործունեություն, Միջզգային համագործակցություն, Գրականություն, Սպորտ, Գիտական և տեխնիկական հետազոտություններ, Համաձայնություն կատեգորիաներում:  

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий