16 июля 2014 г.

Ջրաշուշաններով ամառային ցանկ

1. «Գարգանտյուան և Պանտագրյուելը» - Ֆրանսուա Ռաբլե 
Ոչ ոք չգիտե՝ ինչու Ռաբլեն հրաժարվեց վանականի փարաջայից և սկսեց բժշկագիտություն սովորել Պուատյեի ու Մոնպելյեի համալսարաններում, ինչպես նաև պարզ չէ, թե ինչու այդքան հաջողակ բժիշկը, տեղափոխվելով Լիոն, նվիրվեց գրական կյանքին: Ֆրանսիական Վերածննդի (16-րդ դար) այս սրամիտ ու երգիծական վեպում հեղինակը ծաղրում է եկեղեցու հավակնությունները, մերկացնում վանականների անկրթությունն ու ծուլությունը՝ ընդգծելով կաթոլիկ հոգևորականության արատները: Վեպի գլխավոր հերոսները բարի հսկաներ են՝ հայր ու որդի, և նրանց հավատարիմ ընկեր Պանուրգը, ովքեր բովանդակությունը զարդարում են իրենց խոսակցություններով, ճամփորդություններով, մանկական ու խելացի արարքներով: 

2 июля 2014 г.

Հռոմ. 7 բլուրներ և հավերժություն

7-ը զարմանալի ու խորհրդավոր թիվ է՝ սրբազան, կախարդական: Շաբաթվա 7 օրեր, մահացու 7 մեղքեր, ծիածանի 7 գույներ, երաժշտական 7 նոտաներ, աշխարհի 7 հրաշալիքներ, երկնային 7 մոլորակներ և, իհարկե, 7 բլուրներ, որոնց վրա տարածվում է հավերժական Հռոմը՝ Տիբրոս գետի ափերին: Առաջինը բնակեցվել է Պալատինումը՝ կենտրոնական բլուրը, այնուհետև Էսքվիլիումը, ավելի ուշ՝ հարավային և հարավարևմտյանները՝ Կվիրինալիում և Կապիտոլիում, վերջիններին հաջորդել են Ավենտինումը, Վիմինալիումը և Ցելիումը: Հռոմեացիների մոտ առաջացավ Սեպտիմոնտիումը՝ 7 բլուրների տոնը, որ նշում էին ամեն տարի դեկտեմբերի 11-ին:
Պալատինում. Այս վայրից է սկիզբ առել Հին Հռոմի պատմությունը: Լեգենդը պատմում է, որ հենց Պալատինումի ստորոտին է հայտնվել Տիբրոսի ալիքներից քշված զամբյուղը, որում եղել են երկու նորածիններ՝ Հռոմուլոսն ու Հռեմոսը՝ ապագա քաղաքի հիմնադիրները: Այստեղ էր նաև երկվորյակ եղբայրներին կերակրող Լուպերկալիոս գայլուհու քարանձավը: Պալատինումի տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Ապոլլոնի, Կիբելայի և Վիկտորիայի տաճարները (երբ Ապոլլոնը ծնվեց, սրբազան կարապները 7 անգամ շրջեցին Դելոս կղզով մեկ, քանի որ ամսվա 7-րդ օրն էր), Սեպտիմոս Սևերոսի հասարակական բաղնիքը, Պալատինումի թանգարանը, որտեղ ներկայացված են հասարակ զենքերից մինչև անտիկ քանդակագործների ստեղծագորություններ: 

27 июня 2014 г.

Ներդաշնակ գիտություններ, կինո. Մաս 3


1. «Սպանել թագավորին» /To kill a king, 2003/
Ստյուարտական Անգլիայում XVII դարն է, և երկրում գահակալում է Չարլզ I-ը: Միապետական բացարձակ կարգերից ու եկեղեցական ռեֆորմներից դժգոհ ընդդիմադիրները Օլիվեր Կրոմվելի և Թոմաս Ֆեյրֆաքսի շնորհիվ հաղթանակ են տանում թագավորական զորքերի նկատմամբ, իսկ խորհրդարանը որոշում է Չարլզին գլխատել: Օլիվերն իրեն հայտարարում է լորդ-պրոտեկտոր և վերածվում ավելի վայրագ բռնակալի, քան իր նախորդն էր:  

26 мая 2014 г.

17-րդ ակնթարթ

Մայիսի 24, 2014թ: Այդ օրը Մարմարյա սրահը շողում էր ծաղիկների, շքեղության ու համատարած ոգևորության փայլի ներքո: Միջոցառումից հետո բոլորը չէ, որ պատրաստվում էին մնալ Երևանում կամ առավել ևս այդքանով ավարտել տոնական ժամանցը: Եվ զարմանալի չէ, որ կարճ ժամանակում երեկոյան զգեստներն ու աքսեսուարները փոխարինվեցին հարմարավետ, ամենօրյա մարզահագուստով, իսկ «օրվա հերոսներից» շատերի ձեռքերին հայտնվեցին ճամպրուկներ: Այո, դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու մեր բազմամարդ խմբով՝ վերջինզանգյան տրամադրությունը բարձր պահելու, իրար շնորհավորելու և երկու օր պարզապես միասին լինելու համար:

12 мая 2014 г.

Վերջինը՝ որպես դպրոցականներ /Տավուշ, Լոռի/

Որքան մոտենում է կրթահամալիրից մեր՝ շրջանավարտներիս հեռանալու պահը, այնքան սպասված ու ցանկալի են դառնում ճամփորդությունները, քանի որ գիտես՝ եթե անգամ ամռանը նոր հնարավորություններ տրվեն, դու այլևս աշակերտի կարգավիճակում չես լինելու: Արդ, մինչև ապագայի անորոշ կողմերը պարզաբանելը, պատմեմ մեր երկօրյա ուղևորության մասին, որն ընդգրկում էր հանրապետության Տավուշի և Լոռու մարզերը:

2 мая 2014 г.

Իտալական «կրունկի» բնակիչը. Օտրանտո

Այսօր գրեթե ոչինչ չի խոսվում Իտալիայի հարավ-արևելքում գտնվող Օտրանտո նավահանգստի երբեմնի կարևորության ու պատմական անցյալի մասին: Երևի այդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ հենց այս վայրին՝ հաշվի առնելով, որ ձմեռվանից սկսել էի իտալական քաղաքները ներկայացնող փոքրիկ շարք (ՎենետիկԹուրին, Միլան, Ֆլորենցիա), և երկրորդ՝ այս հրապարակումը կարտացոլի նաև եվրոպական պատմության որոշ դրվագներ: