26 мая 2014 г.

17-րդ ակնթարթ

Մայիսի 24, 2014թ: Այդ օրը Մարմարյա սրահը շողում էր ծաղիկների, շքեղության ու համատարած ոգևորության փայլի ներքո: Միջոցառումից հետո բոլորը չէ, որ պատրաստվում էին մնալ Երևանում կամ առավել ևս այդքանով ավարտել տոնական ժամանցը: Եվ զարմանալի չէ, որ կարճ ժամանակում երեկոյան զգեստներն ու աքսեսուարները փոխարինվեցին հարմարավետ, ամենօրյա մարզահագուստով, իսկ «օրվա հերոսներից» շատերի ձեռքերին հայտնվեցին ճամպրուկներ: Այո, դեռ երկար ճանապարհ ունեինք անցնելու մեր բազմամարդ խմբով՝ վերջինզանգյան տրամադրությունը բարձր պահելու, իրար շնորհավորելու և երկու օր պարզապես միասին լինելու համար:

12 мая 2014 г.

Վերջինը՝ որպես դպրոցականներ /Տավուշ, Լոռի/

Որքան մոտենում է կրթահամալիրից մեր՝ շրջանավարտներիս հեռանալու պահը, այնքան սպասված ու ցանկալի են դառնում ճամփորդությունները, քանի որ գիտես՝ եթե անգամ ամռանը նոր հնարավորություններ տրվեն, դու այլևս աշակերտի կարգավիճակում չես լինելու: Արդ, մինչև ապագայի անորոշ կողմերը պարզաբանելը, պատմեմ մեր երկօրյա ուղևորության մասին, որն ընդգրկում էր հանրապետության Տավուշի և Լոռու մարզերը:

2 мая 2014 г.

Իտալական «կրունկի» բնակիչը. Օտրանտո

Այսօր գրեթե ոչինչ չի խոսվում Իտալիայի հարավ-արևելքում գտնվող Օտրանտո նավահանգստի երբեմնի կարևորության ու պատմական անցյալի մասին: Երևի այդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ հենց այս վայրին՝ հաշվի առնելով, որ ձմեռվանից սկսել էի իտալական քաղաքները ներկայացնող փոքրիկ շարք (ՎենետիկԹուրին, Միլան, Ֆլորենցիա), և երկրորդ՝ այս հրապարակումը կարտացոլի նաև եվրոպական պատմության որոշ դրվագներ:

27 марта 2014 г.

Մեկ օրվա 15 ժամը

Ասում են՝ կյանքը առավել հետաքրքիր է, երբ հաճախակի անում ես ինչ-որ բաներ առաջին անգամ: Սա երկրորդ այցելությունս էր Շիրակ, իսկ մարզկենտրոն Գյումրի՝ առաջինը: Բազմաշերտ ու յուրօրինակ կազմով էինք ճամփորդում՝ տարբեր տարիքի և հետաքրքրությունների երիտասարդներով, որոնց մեծագույն մասը գիտակների ակումբից էին: Գարնանային արևոտ օրը, մարդկանց ու շրջապատի ներդաշնակությունը դրական պահեր էին խոստանում:

1 января 2014 г.

Տոհմերի անկումը` մինչև Անտոնիններ. Մաս II

Առաջին մասը՝ այստեղ
Երբ համայնքի տաճարում բուրվառով կանգնած սպասարկող տղայի մազերը հանկարծ ճերմակեցին, ոմանք դրանում տեսան տիրակալների փոփոխման նշան՝ իբրև թե երիտասարդից հետո գալու է ծերունի, այսինքն՝ Ներոնից հետո Գալբան: Ներոնը մահացավ 32, իսկ Սերվիոս Գալբան կայսր դարձավ 72 տարեկանում:

Ապագա կայսր Օտոնը հույս ուներ, որ Գալբան իրեն կորդեգրի, բայց երբ նա գերադասեց Պիզոնին, Օտոնը վճռեց ուժի դիմել: Կազմակերպելով Գալբայի սպանությունը և ստանալով վերջինիս գլուխը՝ նա բացականչել էր. «Սա դեռ դատարկ բան է, բարեկամներս, ինձ ցույց տվեք Պիզոնի գլուխը»: Իսկ սպանվելիս Գալբան ասել էր. «Խփեցեք, եթե դա պետք է պետությանը»: 

31 декабря 2013 г.

12 փաստ 12 կեսարների կյանքից. Մաս I

Հռոմեական օրացույցում իդեր էր կոչվում ամսվա կեսը՝ 15-րդ կամ 13-րդ օրը՝ կախված ամսվա տևողությունից: Ք.ա. 44թ մարտյան իդերին՝ մարտի 15-ին, դավադիրների ձեռքով սպանվեց Հուլիոս Կեսարը: Պլուտարքոսը վկայում է, որ գուշակը օրեր առաջ Կեսարին ասել էր, որ նա այդ օրը զգուշանա մահից: Սենատի աստիճանների վրա հանդիպելով գուշակին՝ Կեսարը նրան հեգնանքով ասաց. «Մարտյան իդերը սկսվել են»: «Սկսվել են, բայց դեռ չեն անցել»,- պատասխանեց գուշակը: Րոպեներ անց Կեսարը սպանվեց:

Ակցիումի ծովամարտում Մարկոս Անտոնիոսին պարտության մատնելուց հետո Օկտավիանոս Օգոստոսը Էպիրոսի հարավարևմտյան եզրին կառուցեց Նիկոպոլիսը` «հաղթանակի քաղաք», Ապոլլոնի պատվին կազմակերպեց ռազմական մրցություններ, որոնք վերածվեցին Ակտիական խաղերի՝ սպորտի և արվեստի տոնի: